Առանց ծառայելու` սակայն «Բանակում»


Շատ հեռուստադիտողներ համոզված են ու հավաստիացնում են, թե «Բանակում» հեռուստասերիալի Համբարձումը` Էմիլ Գալստյանը, հանրությանը սիրելի դերասան, երջանկահիշատակ Կիմ Երիցյանի թոռն է: Հենց այդ հետաքրքրությունն էլ մղեց հանդիպելու սկսնակ դերասանի հետ: Պարզվեց, որ նա ազգակցական որևէ կապ չունի հանրաճանաչ արտիստի հետ: Նրանց դերասանական ոճերը, ձայնի և արտաքինի նմանությունները զուտ զուգադիպություն են: Սակայն Էմիլը հաճելի զրուցակից էր: Կինոյում ու բեմում նա յուրովի է ներկայանում ու դեռ շատ ասելիք ունի... - Ի՞նչ ես կարծում, երիտասարդ արվեստագետին կայանալու համար տրվա՞ծ են համապատասխան հնարավորություններ: - Այո, հենց իմ բնագավառում` դերասանական, պայմաններ ստեղծված են: Թատերականում այսօր կան շատ լավ դասախոսներ, ովքեր նոր սերնդին փոխանցում են իրոք մնայուն գիտելիքներ և ուղղորդում ճիշտ ճանապարհով: Բայց, ցավոք, ոչ բոլորն են կարողանում իրենց ուղին գտնել, ավարտում են հազարավորները, սակայն ընդամենը 10¬ն են արվեստագետ կամ լուրջ դերասան դառնում: Մեր մասնագիտությունը պահանջում է աշխատանք` նախ ինքդ քեզ հետ: Դերասանի կայանալու գրավականներից մեկն էլ դա է: - Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիր դերասանական գործունեությունդ: - Մայրս ևս դերասան է, և ինքս 6 տարեկանից այս բնագավառում եմ: Ներկայացումներում և գեղարվեստական ֆիլմերում խաղացել եմ Վլադիմիր Մսրյանի, Կարեն Ջանիբեկյանի և հանրաճանաչ այլ արտիստների հետ: Սկսելով փոքրիկ ներկայացումներից ու դերերից` կարծես այդպիսով աճել եմ և այսօր կարողանում են ասելիքս հանդիսատեսին ու հեռուստադիտողին հասցնել: - Ինչպե՞ս մուտք գործեցիր «Բանակում» հեռուստաշար: - Կարելի է ասել` պատահական ստացվեց, բայց շատ կապվեցի ֆիլմին: «Բանակում»¬ը կարևոր էր ինձ համար. այնտեղ սովորեցի տեսախցիկի առջև աշխատել և որպես դերասան հմտացա: Իմ «Համբարձումը» կարծում եմ հաջողվեց: - «Բանակում»¬ում ներկայացված իրադարձություններն ու կերպարները, քո կարծիքով, համապատասխանո՞ւմ են իրական զինվորական կյանքին: - Դե, ֆիլմը մնում է ֆիլմ. այնտեղ բանակի կյանքը մի քիչ թեթև է ներկայացված: Սակայն, որքան որ զննել եմ, բանակում կան նման կերպարներ` և´ «Մինասներ», և´ «Համբարձումներ»: - «Համբարձումը» քեզ հոգեհարազա՞տ է: - Այնքանով է հոգեհարազատ, որ պիտի սիրեմ` լավ մարմնավորելու համար: - Հասարակությունը հակված է կերպարն ու դերասանին նույնացնել: Պատահե՞լ է, որ քեզ նմանեցնեն քո կինոհերոսին: - Այո, իրոք, մեր հասարակության կեսից ավելին դեռ չի հասկանում, որ իրականում դու այդ անձնավորությունը չես: Նույնացումներ իմ պարագայում էլ շատ են եղել, սակայն նշանակություն չեմ տալիս դրանց: - Էմիլն ու «Համբարձումն» ունե՞ն բնավորության ընդհանուր գծեր: - Անշուշտ, նման գծեր լինում են` որքան էլ վերափոխվես, մտնես այլ կերպարի մեջ: Օրինակ, իմպրովիզացիաները` զանազան կատակները, թե´ դերի մեջ, թե´ դերից դուրս ինձ բնորոշ են: - Կատակերգականը քո նախընտրա՞ծ ժանրն է: - Դերասանն, իհարկե, պետք է բազմաժանր լինի` ունենալով որոշակի ուղղվածություն, որի մեջ առավել ազատ կարող է դրսևորվել: Իմը կատակերգական ժանրն է, թեթև, դրամատիկ դերեր ևս ունեցել եմ: - Ըստ քեզ ո՞րն է դերասանի վարպետությունը: - Նա պետք է կյանքի հանդեպ ունենա աշխարհայացք և իր դերի միջոցով կարողանա այն արտահայտել` լինի դժգոհություն, թե հակառակը: Նա պետք է կարողանա նաև համոզել: - Հիասթափություններ ունեցե՞լ ես: - Լինում է` շատ բարդ դերեր են տալիս: Դա հիմնականում դասախոսների սխալն է. անփորձ ուսանողին տալիս են ավելին, քան նա կարող է: Դերը ծանրաձողի է նման, այն պիտի կարողանաս բարձրացնել, այսինքն` «քեզանով անել», իսկ չհաջողելու դեպքում պարզապես կարիք չկա հիասթափվել: - Նկարահանումների ընթացքում զավեշտալի դիպվածներ պատահո՞ւմ են: - Շատ¬շատ են լինում. նույնիսկ դժվարանում եմ մտապահել: Հիմնականում իմպրովիզների արդյունքում են դրանք ստացվում: Օրինակ` մի տեսարան կար` «կապտյորկայում» նստած, սեղանին էլ լամպ կար դրված: Երբ «Վարդանյանը» դուրս եկավ, գլխիս հետ նույն դիրքում պահած լամպը սինխրոն շարժմամբ իջեցրեցի` կարծես 2 գլուխներ լինեին: Այդ պահին դա իմպրովիզ էր, և բոլորը միանգամից «փլվեցին»: - Այնուամենայնիվ, քեզ նմանեցնում են Կիմ Երիցյանին, շատերն անգամ համոզված են, որ նրա թոռն ես: - Թերևս` այո: Բայց դա ինձ շատ չի ոգևորում: Ոչ այն պատճառով, որ չեմ գնահատում Երիցյանի մեծությունը, այլ` չեմ ուզում կարծեն, թե նմանակում եմ: Ուղղակի համընկել են ժանրային առանձնահատկությունները, և ասում են` արտաքինով ու ձայնով էլ եմ նման:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ