Ծնունդդ շնորհավոր, Սպարապե´տ…


Եթե չլիներ այն դավադիր ոճրագործությունը` Հոկտեմբերի 27¬ի ողբերգությունը, մերօրյա Սպարապետ Վազգեն Սարգսյանը մարտի 5¬ին կնշեր ծննդյան 51¬րդ տարեդարձը: Սակայն նրա հետ թե առանց իրեն` քաջարի Վազգենին հիշում են, հպարտանում ու միշտ զգում ոգեղեն ներկայությունը: Հայրենիքի պահապան մեր Վազգենի մասին հուշերով կիսվում է եղբայրը` Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ - Առանց հարցերի` այս պահին ի՞նչ կհիշեք: - Վազգենի հետ կապված ամեն ինչ իմ կյանքի ամենաերջանիկ օրերն են հիշեցնում` կտրվում եմ իրականությունից, հետո փառք տալիս Աստծուն, որ նման եղբայր եմ ունեցել: Թեև ոչ ֆիզիկապես, սակայն միշտ ինձ ու մեր ընտանիքի հետ է և ավելի շատ է զորավիգ նրանց, քան երևի ես… Ուժեղ, անվախ ու ամուր մարդ լինելով` շատ թույլ էր սրտից` շատ արագ կարող էր արտասվել: Դեռ մանկուց, երբ ծնողներս ինչ¬որ հարցում մեղադրում կամ նախատում էին, արդարանալու փոխարեն զայրույթից արտասվում էր… Շա˜տ նուրբ հոգի ուներ: Չեմ կարող ուրիշ մեկին օրինակ բերել, որ այդքան շատ սիրեր երեխաներին. հատուկ կապվածություն ուներ փոքրիկների հետ: Նույնիսկ Լաչինի միջանցքի այն ամենածանր օրերին` ժամանակ գտնում էր տուն մտնելուց կամ դուրս գալուց օրորոցում քնած մեր երեխաներին համբուրեր քնքշորեն… Մի անգամ էլ հիշում եմ` ասաց. «Էսպես էլ բան լինի` էրեխեքը մեծացան` չհասցրեցի սիրել…»: Ասեմ, որ զարմանալի լավ լեզու գտնում էր նաև տարեցների հետ. մեր գյուղի բոլոր ծերունիները նրա ընկերներն էին: Նրան իրենց ջահելությունից էին պատմում. անչափ վստահում էին: Կային մարդիկ, ովքեր շատ հարցերում, անգամ իրենց որդիներին չէին դիմում, սակայն գալիս էին Պաշտպանության նախարարություն` Վազգենի մոտ: Գուցե սուբյեկտիվ մոտեցում ունեմ` նա եղբայրս էր, սակայն այն տեսակի մարդկանցից էր, որոնց աննկարագրելի շատ առավելությունները ծածկում էին գուցե թե գոյություն ունեցող որոշ թերություններ. դրանք կորչում էին, այլևս նկատելի չէին լինում: - Սպարապետը բացի զենքից` հիանալի տիրապետում էր նաև գրչին: - Ես միշտ հավատում էի, որ Վազգենը Նոբելյան մրցանակ է ստանալու` իր գրիչով: Համոզված էի, որ ինչ¬որ պահի դուրս կգա քաղաքականությունից ու կտրվի ստեղծագործելուն: Ինքն էլ էր երազում այդ մասին. անչափ հաճույքով էր գրում: Նա հրապարակախոս էր, հետո սկսեց զբաղվել նաև արձակով: Բավական էր մի մեկուսի տեղ լիներ, թեկուզ բնության մեջ` այգում, հարմարավետ անկյուն էր ստեղծում ու սկսում մտքերը թղթին հանձնել: Վազգենն իր հիմնական գործը` «Հրաժեշտ զենքին», այդպես էլ չհասցրեց ավարտել, ինչի համար շատ եմ ափսոսում: - Դուք` եղբայրներդ, օրինակ վերցնո՞ւմ էիք իրենից: - Վազգենն իր էությամբ լիդեր էր, սակայն դրա մասին երբևէ չէր խոսում, այդ ամենը դրսևորում էր շատ փայլուն` ակնհայտորեն: Ինչ ձեռնարկում, ինչով զբաղվում էր` երկու եղբայրներիս համար ուղենիշ էր լինում: Օրինակ` ինչ գիրք որ կարդում էր, հետո մենք էինք սկսում կարդալ: Նա չէր ասում այդ գիրքը լավն է կամ` ինչպիսին է. ուղղակի մեջբերումներ էր անում դրանից և մեզ համար արդեն բավական էր կրկնելու համար: Մի ընթացք շատ լուրջ սպորտով զբաղվեց, մենք էլ սկսեցինք և այլն: Շատ լավ, օրինակելի եղբայր էր մեզ համար: - Ասում են` նա փայլուն հումորի զգացում ուներ: - Ցանկացած սեղանի ուրախությունն էր: Նույն պատմությունն ամեն անգամ նորովի էր պատմում ու ծիծաղեցնում այն աստիճանի, որ մարդիկ աթոռներից կարող էին ընկնել: Նա այնպես էր պատմում զավեշտալի դիպվածը, որ ծիծաղեին բարի` առանց որևէ սարկազմի: Ի դեպ, ասեմ, որ առանց նրա ջանքերի` իրեն էին սիրահարվում բոլոր աղջիկները` մինչ ես չարչարվում էի, ու ոչինչ չէր ստացվում (պատանեկան շրջանում): - Կատարվե՞ց Վազգենի երազանքը: - Ոչ, եթե կատարվեր, ես հիմա իմ գործով կզբաղվեի. ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ… - Աշխարհում ամենից շատ ի՞նչն էր նրան անհանգստացնում: - Պատերազմը: Թեև այնտեղ իրեն զգում էր` ինչպես ձուկը ջրում, սակայն նրանից շատ այդ աղետից խուսափող ու տանել չկարողացող մարդ դժվար թե լիներ: Նաև նրա պես պատերազմի վտանգն ու փորձությունը իմացող մարդ չեմ կարծում գտնվեր: Ամեն անգամ Եռաբլուրում զոհվածի ծնողների հետ հանդիպումն իսկական փորձություն էր նրա համար. ամեն այդ օրը նրա կյանքում ամենածանր օրերից էր լինում: Եռաբլուրում անցնում էր շիրիմ առ շիրիմ` յուրաքանչյուրի մոտ մի ծաղիկ թողնելով: - Նրբազգաց մարդիկ նաև ռոմանտիկ են լինում, նա այդպիսի՞ն էր: - Գարնան առաջին օրը միշտ տոնում էր բնության գրկում: Կանանց ու աղջիկներին ծաղիկներ էր նվիրում և շնորհավորում: Յուրաքանչյուրի մեջ, անկախ նրա մարդկային որակներից, տեսնում էր միայն լավը և այնպես անում, որ այդ լավը զարգանար: Նա նույնիսկ հասկանում էր պատերազմից վախեցնողներին և խուսափողներին: - Սիրո՞ւմ էր ծննդյան օրերը նշել: - Բնավ: Ասում էր, որ ծննդյան օրեր նշելը վերաբերում է միայն կանանց և աղջիկներին. տղամարդիկ ծննդյան օր չունեն (կատակում էր): - Նա ունե՞ր անձնական կյանք: - Ամեն Ամանորի մեր երկրորդ կենացը Վազգենի ամուսնության կենացն էր… Եվ ամեն տարի կար մեկը, որը հնարավոր թեկնածու էր Վազգենի համար: Խոսքը նրա փոփոխական լինելու մասին չէ. պարզապես սկզբում չէր շտապում, հետո ժամանակ չուներ: Բայց այդ ողբերգությունը եթե չլիներ, նա անպայման կկազմեր ընտանիք: - Ձեր երեխաներն ունե՞ն նմանություններ Վազգենին: - Ամեն մեկն ինչ¬որ գիծ ունի եղբորիցս` թե´ արտաքինի, թե´ բնավորության, ամենքը մի գենով Վազգեն հիշեցնում են…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ