ԱՅ ԸՍԵՆՑ ԷԼ ԵՐԳՈՒՄ ԵՆՔ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԸ ԿԲՈՂՈՔԵՐ…


Հանրային հեռուստատեսության «Երգ երգոց» հաղորդաշարի արժեքն անչափ մեծ է մեր իրականության մեջ: Համընդհանուր ռաբիսացման խորապատկերին, խառնիճաղանջ, խառնափնթոր երգերի աղմուկի մեջ այն նորից մեզ տանում է դեպի ճշմարիտ մեղեդին, դեպի ազգային երգը, ծանոթացնում տարբեր երգահանների ստեղծագործություններին: Ուրախալի և ոգևորող հանգամանք, որի շնորհիվ արդեն շատերն են ամեն կիրակի դառնում հանրայինի հեռուստադիտող, հաճույքով աղերսվում երգի լավագույն նմուշներին: Այսուհանդերձ, ամեն ինչ չէ, որ ընդունելի է այդ հաղորդաշարում: Հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ գրեթե միշտ հանդես են գալիս միևնույն մարդիկ, այսպես ասած` Հ1-ի «աստղերը», որոնք ամենուր են` շատ հաճախ իրենց հետ բերելով տաղտուկ և միօրինակություն: Եվ հենց նրանք էլ այն տպավորությունն են ստեղծում, թե Հայաստանում կարծես էլ երգիչներ չկան, թե նրանք են այն արժանիներն ու բացառիկները, որ կոչված են մատուցելու հայ երգը: Մեր խոսքը հատկապես ուղղված է մի քանի երգիչ-երգչուհիների, որոնք աղավաղում են երգը, իբրև թե նոր մատուցման ձգտելով` երգի տիրույթ են բերում աններդաշնակ հնչյուններ: Այս «նորամուծությանն» աջակցում է նվագախումբը, որի մի շարք գործիքավորումներ հեռացնում են մեզ տվյալ երգից, ավերում նրա մեղեդային համակառույցը: Սրանք, իհարկե, ուղղվող բաներ են, ուստի համոզված ենք, որ առաջիկայում առավել խնամքով կվերաբերվեն այս ամենին և երգերը կմատուցեն իրենց անաղարտության մեջ: Բայց մեր լավատեսության կողքին հառնում է մի ուրիշ մտահոգություն, որը հատկապես տեսանելի դարձավ Վահան Տերյանին նվիրված հաղորդման ժամանակ, որը տեսագրվել էր Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում: Հիրավի տխուր վիճակում էր հայտնվել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Աննա Հարությունյանը, որը նկարահանվել է «Որբերը», «Աննա» և «Աննա-2» սերիալներում: «Մի´ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» բանաստեղծությունը նրա մատուցմամբ մի անճարակ չափածո էր դարձել. ուսանողուհին չէր հասկացել ստեղծագործության գաղափարն ու բանաստեղծական չափի ինքնատիպությունը: Ծանր տպավորություն թողեցին նաև մի շարք երգերի կատարումներ. անկյանք, անհետաքրքիր, ցածր վոկալի արտահայտություն էին որոշ երգիչ-երգչուհիների «մատուցումները»` հատկապես աղավաղելով Նիկոլ Գալանտերյանի երգերը: Դրանք հայ ռոմանսի գոհարներն են, մինչդեռ այս հաղորդման մեջ դրանք զրկվեցին իրենց մեղեդային և արտահայտչական հարստություններից… Վահան Տերյանը լսեր այդ ամենը` կբողոքեր, նրա ցաված սիրտը մեկ անգամ էլ կցավար… ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Կոնկրետ անուններ չենք նշում սոսկ այն պատճառով, որ ավելի քան համեստ ունակությունների տեր այդ կատարողների անձերի դեմ ոչինչ չունենք: Պարզապես պարտավորեցնում ու խնդրում ենք այդ նախագծի հեղինակներին և կազմակերպիչներին, որպեսզի հրաշալի այդ մտահղացումը նույնքան բծախնդրությամբ կյանքի կոչվի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ