Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


Վաղը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նրա մեծ ավյունն ու մեր բանակի կազմավորման գործում ներդրած ջանքերն անգնահատելի են, նրա հիշատակը` հավերժ... Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հրամանատարական, դասախոսական կազմը և կուրսանտները վաղը մեկ անգամ ևս կխոնարհվեն Սպարապետի անմար հիշատակը հավերժացնող կոթողի առջև... Հատկապես ներկա իրավիճակում մեր պետության համար կենսական անհրաժեշտություն է ռազմական կրթօջախների գոյությունը և առաջընթաց ապահովող, որակյալ ու գրագետ մասնագետներով ԶՈՒ¬ի շարքերի համալրումը: Բանիմաց, գրագետ, ռազմական գիտելիքներով զինված մասնագետների պատրաստման գործում արդեն քանի տարի հսկայական ավանդ ներդրած և մեծ հաջողութ յուններ արձանագրած ռազմական ուսհաստատության շրջանավարտները տարիներ ի վեր համալրում են հայ սպաների շարքերը: Ու նրանց կրթման, ոգու ամրապնդման գլխավոր պատասխանատուն` գեներալ¬մայոր Մարտին Կարապետյանը նախընտրում է, որ իրենց աշխատանքների մասին ինքը չխոսի: - Մեր բանակի ձևավորման սկզբնական շրջանում ունեինք մասնագետներ, ովքեր ռազմական կրթություն չունեին, բայց մարտական ուղի էին անցել: Հիմնականում մեր ֆիդայիները և ազատամարտիկները, ինչպես նաև Խորհրդային բանակում թրծված շատ մասնագետներ այն տարիներին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կոչով թողեցին իրենց պաշտոնները և եկան` կռվելու հայրենիքի համար: Մեր բանակի կայացման ու զարգացման հետ մեկտեղ առաջ եկան նոր պահանջներ և չափանիշներ: Ռազմական գիտելիքներ ունեցող և հմուտ սպաների անհրաժեշտություն առաջացավ: Հատկապես վերջին շրջանում մեծ բարեփոխումներ են կատարվում: Շատ կարևոր է ռազմական կրթություն ստացած սպաների դերը` մեր Զինված ուժերի հետագա զարգացման գործում,¬ ասում է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Մեխակ Հակոբյանը: Ապագա սպաներին լիարժեք գիտելիքներով ապահովելու համար ինստիտուտն այսօր ունի անհրաժեշտ բոլոր պայմանները և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի ընկնող դասախոսական կազմ: Ուսումնառությունից հետո նախարարը շրջանավարտներին շնորհում է սկզբնական «լեյտենանտի» սպայական կոչում, և նրանք նշանակվում են դասակի հրամանատարներ: Ստացած տեսական գիտելիքներն ավելի լիարժեք և ամբողջական դարձնելու նպատակով կազմակերպվում են նաև գործնական պարապմունքներ: Ինստիտուտի պետի ուսումնական գծով տեղակալ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի հավաստմամբ` հիմնական զինվորական մասնագիտություններին հատկացված դասաժամերի շուրջ 60 %¬ը տրամադրվում է գործնական պարապմունքներին: - Ուսումնական գործընթացը կազմակերպվում է հետևյալ եղանակով. նախ` տեսական պարապմունքներ, կուրսանտները մարզվում են վարժասարքերի վրա: Դրան հետևում են գործնական պարապմունքները, որոնք հիմնականում անցկացվում են Բաղրամյան ուսումնական կենտրոնում, որտեղ առկա են զինվորական վարպետությունը, ունակությունները, գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ պայմաններ,¬ ասում է գնդապետ Խ. Խաչատրյանը: Ամեն ինչ արվում է, որպեսզի կուրսանտները զինվեն անհրաժեշտ գիտելիքներով: Մասնագիտականից զատ` այստեղ կարևորվում է և այնպիսի առարկաների ուսուցումը, ինչպիսիք են` ռազմական մանկավարժությունը, ռազմական հոգեբանությունը, ռազմաիրավական պատրաստությունը, ՀՀ ԶՈՒ կանոնադրությունը, զինվորական էթիկան և մշակույթը: Ու դա ինքնանպատակ չէ. հնարավորինս ու համակողմանիորեն ապագա սպան ավելի պատրաստված պետք է լինի: 2004¬ից այստեղ գործում է նաև Սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոն, որտեղ դասընթացներ են անցկացվում վաշտ¬գումարտակ, մարտկոց-դիվիզիոն օղակների հրամանատարական կազմի հետ: Ինստիտուտում առանցքային է համարվում դաստիարակչական գործընթացը: - Դաստիարակչական աշխատանքները խիստ կարևոր են ամբողջ ուսումնական գործընթացի համար: Բոլոր առարկաների շրջանակներում դասախոսներն անդրադառնում են մեր զորավարների, հայ հերոսների սխրագործություններին, ճակատամարտերին: Ինչպես ամբողջ ԶՈՒ¬ում, մեր ինստիտուտում ևս տարվող դաստիարակչական աշխատանքների հիմքում անցյալի դրվագները, բախտորոշ իրադարձությունները ներկայացնելն ու նաև վերլուծելն է,¬ ասում է գնդապետ Մ. Հակոբյանը` հավելելով, որ, ի տարբերություն այլ կառույցների, բանակում դաստիարակությունը ամբողջությամբ ռազմահայրենասիրական է: Այլ կերպ չի կարող լինել: - Գիտելիքներ փոխանցելու հետ մեկտեղ պետք է ակնածանք սերմանել հայրենիքի, նվիրվածություն` ժողովրդի նկատմամբ, և, իհարկե, անպայմանորեն` Հայոց բանակի զինվոր, սպա լինելու հպարտություն,¬ շարունակում է նա: Ռազմական ինստիտուտը սերտորեն համագործակցում է Նոր Նորք վարչական շրջանի հանրակրթական դպրոցների հետ, դրանցից 16¬ը Պաշտպանության նախարարի հրամանով կցված են այս բուհին, որը վերջիններիս աջակցում է` ինչպես նախնական զինվորական պատրաստության դասավանդման, այնպես էլ համապատասխան դասարանների ձևավորման գործում: Նաև կազմակերպվում են համատեղ միջոցառումներ: Յուրաքանչյուր դպրոց ունի իր սպան, ով իր հաճախակի այցելությունների ընթացքում աշակերտներին պատմում է մեր բանակի, հայ հերոսների մասին: Ակտիվ ու արդյունավետ է նաև Ռազմական ինստիտուտ¬Մշակույթի նախարարություն կապը: Նախարարությունը հնարավորություն է ընձեռել ինստիտուտի սպաներին, նրանց ընտանիքներին, դասախոսներին ու կուրսանտներին` անվճար հաճախելու իր ենթակայությամբ գործող մշակութային օջախներ: Իսկապես դաստիարակության գործում անվիճարկելի է արվեստի ուժը: Հաճախակի հրավիրում են վետերաններ, երկրապահներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, տարբեր ոլորտների նշանավոր գործիչներ, որոնց հետ հանդիպումներն էլ ավելի են նպաստում երիտասարդների աշխարհայցքի ձևավորմանը: Արդեն 4¬րդ ամիսն է` «Կարին» ավանդական երգի¬պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գ. Գինոսյանի կողմից այստեղ հայոց ռազմապարեր են ուսուցանվում` նաև այս կերպ մարտական ոգին բարձրացնելու միտումով: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որոշմամբ ռազմապարերի ուսուցումը բոլոր զորամասերում պետք է ներդրվի: Գործընթացը սկսվել է Ռազմական ինստիտուտից և գնդապետ Մ. Հակոբյանի խոսքերով` հաջողությունն ակնհայտ է: Այստեղ գործում է նաև 35 հոգուց բաղկացած երգչախումբ, որը հաճախակի մասնակցություն է ունենում նախարարության կողմից կազմակերպված միջոցառումներին: Ինստիտուտի մարզական խմբակների սաները նույնպես միջզորամասային մրցումներում հաջողություններ են արձանագրում: Այնտեղ, ուր աշխատանքը սոսկ պարտականություն չէ, հետաքրքիր ձեռնարկումների պակաս չի զգացվում: Մեխակ Հակոբյանի նախաձեռնությամբ, օրինակ, ավարտական կուրսի 50 լավագույն ուսանողներ նվաճել են Արագած լեռան գագաթը: - Սա խորհրդանշական բնույթ ուներ: Հատկապես սպայական ծառայությունը բազմաթիվ դժվարությունների հետ է կապված: Եվ որոշեցինք դրանից առաջ ամենաբարձր լեռնագագաթի վերելքը հաղթահարել,¬ պատմում է գնդապետը: Այս տարի ծրագրված է յուրաքանչյուր կուրսից ընտրել 50 լավագույն կուրսանտներին և նրանց հետ հաղթահարել 4 լեռնագագաթներ` ըստ դժվարամատչելիության: Զորամասերի հրամանատարներից ստացված արձագանքներից պարզ է դառնում, որ վերջին 2 տարիներին շոշափելիորեն բարձրացել է շրջանավարտների պատրաստվածության մակարդակը` թե´ մասնագիտական, թե´ ֆիզիկական, թե´ հոգեբանական առումներով: - Ինստիտուտի հրամանատական և դասախոսական կազմը, հաշվի առնելով այն պահանջները, որ պետության ղեկավարությունը ներկայացնում է բանակին, ավելի մեծ ուշադրությամբ է վերաբերվում դրանց, շեշտը դնում կուրսանտների թե´ հոգեբանական պատրաստվածության, թե´ կոփվածության վրա,¬ փաստում է գնդապետ Մ. Հակոբյանը: Ռազմական ինստիտուտը տարբեր ժամանակներում կապեր է հաստատել Հունաստանի, Իտալիայի, ԱՄՆ¬ի, Անգլիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Չինաստանի իր գրծընկերների հետ: Համատեղ ջանքերի ու եռանդի շնորհիվ օրեցօր կատարելագործվում է մեր ռազմական կրթական համակարգը, արձանագրվում են նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և առաջընթաց` մեր Բանակը որակյալ մասնագետներով համալրելու գործընթացում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ