Ի՞ՆՉ ԵՂԱՆ ԴԱՏԱԽԱԶԻ ԾԱՌԵՐԸ


Երբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միասնական ծառատունկի նախաձեռնությամբ հանդես եկավ` հրճվեցինք և ուրախացանք, հույսով լցվեցինք, որ ցուրտ ու մութ տարիներին հեկտարներով իրականացված անտառահատումների արդյունքում գրեթե մերկացած Հայաստանը նորից ծառերով կպատվի, ծառաշատ կլինեն միջպետական մայրուղիների կողային հատվածները: Ծառատունկերն իրականացվեցին ու ավարտվեցին, իսկ տնկված ծառերն այդպես էլ ի հայտ չեկան: Հասկանալի է, որ որոշ տեղերում բացարձակ անտարբերություն դրսևորեցին բնապահպանական այս կարևորագույն միջոցառման նկատմամբ, մի շարք քաղաքներում կեղծ թվեր «կրակեցին», հայտարարեցին մի քանի տասնյակ հազար տնկված ծառերի մասին` չհասկանալով, որ պարզապես ինքնախաբեությամբ են զբաղվում: Այսպես, օրինակ, Շիրակի մարզում ծառատունկի օրը հորդառատ անձրև էր, մինչդեռ տեղական իշխանիկները հայտարարեցին, թե 50 հազար ծառ են տնկել և այն էլ` մեկ հեկտար տարածքի վրա… Եթե մի շարք համայնքներում տիրապետողը ձևն էր, ապա շատ տեղերում էլ տնկիները չբարձրացան ու չորացան` խնամքի բացակայության, անփույթ վերաբերմունքի (ոմանք էլ պնդում էին, որ տնկիներն են անկենսունակ) պատճառով: Եվ այսօր նորից կանգնած ենք բնապահպանական բարդ խնդրի առջև, երբ ծառազրկվում է մեր երկիրը, երբ անտառները նորից են նահանջում` չդիմանալով կացնի հարվածներին: Համաձայն վիճակագրական տվյալների` 1988 թվականին անտառները Հայաստանում կազմել են ողջ տարածքի 9 տոկոսը: Սա, բնականաբար, չէր կարող օրինակելի համարվել, երբ անհրաժեշտ էր, որպեսզի արդյունաբերական հզոր ձեռնարկությունների երկրում, ուր արտանետումները չափազանց շատ էին, անտառները կազմեին ընդհանուր տարածքի մոտ 15 տոկոսը: Ժամանակի իշխանությունները ծրագրեր էին մշակել նոր անտառաշերտերի ստեղծման համար: Սակայն 1992-ից հետո սկսվեց անտառների իսկական ջարդը` այսօր արդեն 9 տոկոսը հասցնելով… 4-ի: Սա ճակատագրական նիշ է, որն անթույլատրելի է համարվում բնապահպանական բոլոր նորմերի տեսակետից: Եթե հաշվի առնենք, որ մի խումբ արդյունաբերողներ էլ` բռնկված անձնական բիզնեսը բազմապատկելու մոլուցքով, նախապատրաստվում են ոչնչացնել Թեղուտի անտառները, ապա պարզ կդառնա, որ շատ շուտով Հայաստանը կհայտնվի բնապահպանական աղետի մեջ: Անտառաշերտերի հսկայական կորուստներ են արձանագրվել Լոռու, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում, գրեթե անտառազրկվել են կանաչ գեղեցկուհի համարվող Վանաձոր և Դիլիջան քաղաքները, մերկացել են Ձաղիձորի սարալանջերը… Պետությունն ու կառավարությունը, իհարկե, յուրաքանչյուր տարի որոշակի գումարներ են հատկացնում անտառաշերտերի պահպանման և ստվարացման համար, սակայն, ինչպես պարզվում է` և´ միջոցներն են քիչ, և´ առկա են ֆինանսական միջոցների աննպատակահարմար օգտագործում ու մսխումներ: Սրանց գումարենք նաև ապօրինի անտառահատումները, որոնք 2010 թվականին նոր թափ ստացան: Անտառտնտեսությունները հաճախ իրենք են հանցավոր անտարբերությամբ կամ` հանցավոր պայմանավորվածությամբ ճանապարհ բացում անտառահատումների համար… Բնապահպանության նախարարությունում մեզ ինչ-որ թվեր, անտառահատումների դեմ պայքարի միջոցառումների ծրագրեր ցույց տվեցին, սակայն այդպես էլ չկարողացան պատասխանել այն պարզ հարցին, թե` եթե պայքար է իրականացվում, ապա հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում տարբեր հրապարակներում որտեղի՞ց են հայտնվում փայտի վաճառք իրականացնող մեքենաները` բեռնված ընտիր անտառափայտով, որը նաև հրաշալի շինանյութ է… Հասկանալի է, որ սև բիզնեսը, որի դեմ իբր թե պայքարում են, շարունակում է իր ծավալներն ընդարձակել` կրճատելով թթվածնի այն բնական պահեստարանները, որոնք պարփակված են անտառներում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ