Գոնե այս անգամ կզատորոշե՞ն


Ս. ՍԱՐԳՍՅԱՆ - Դ. Մեդվեդև հանդիպման արդյունքում Հայաստանին մատակարարվող գազի սակագինն անփոփոխ թողնելու մասին պայմանավորվածությունն, իսկապես, աննախադեպ կարելի է համարել: Ներկայիս գինը թեև առնվազն մինչև տարեվերջ պահպանվելու է, բայց ուշագրավն այն է, որ սանկտպետերբուրգյան հանդիպումը չեզոքացրեց մատակարար կազմակերպությունների` սպառնալիքի տեսքով հնչող սակագները վերանայելու մասին «խոստումները»: Իսկ սպառողներին հնարավո րություն տվեց թեկուզև ժամանակավորապես խուսափել է´լ ավելի անելանելի վիճակում հայտնվելու հեռանկարից: Անշուշտ չի բացառվում, որ հայրենի իշխանությունները նման քայլի գնացին` ավելի քան երբևէ սոցիալական պայթյունի հավանականությունն առարկայորեն զգալով: Այդ է հուշում նաև անապահով խավերի համար գազի գործող սակագինը նվազեցնելու` Հանրապետության նախագահի հանձնարարականը. Ս. Սարգսյանն առաջարկել է այս առումով անապահով խավին զատորոշող մեխանիզմներ մշակել: Դեռևս անհայտ է, թե փոխհատուցումն ինչ միջոցների հաշվին է կազմակերպվելու, բայց ամենայն հավանականությամբ խոսքը հերթական պետական սուբսիդիայի մասին է: Այն, իհարկե, բավական կլորիկ թվով է արտահայտվելու, և ինչպես բոլոր նման դեպքերում` խնդիրն այն է, որ հանրության շրջանում առաջիկայում սկսվելու է համատարած մրցավազք` «սոցիալապես անապահովի» կարգավիճակ նվաճելու և արտոնյալ պայմաններից հնարավոր օգուտները քաղելու համար: Խնայելիքը փոքր գումար չէ´ անշուշտ: Լիովին կանխատեսելի իրավիճակն էլ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Մի խոսքով, տենդը համակելու է ոչ միայն իրապես անապահովներին: Ինչ արած, դեռևս լոբի¬բրինձ-կաթի փոշի եռամիասնության ժամանակներից մնացած հին հայկական սովորություն է: Այն ժամանակ էլ հարստանալու պարանով մագլցողները «Փարոսի» գրքույկներ էին ձեռք գցում ու պետությունից առավելագույնը քամում: Եվ հիմա էլ բնավ զարմանալի չի լինի, որ «լավ շրջապատ» ունեցող ունևորների մի հոծ զանգված ևս ընդգրկվի թոշակառուների, հաշմանդամների, նպաստառուների շարքերում ու իր բաժին սուբսիդիան կորզի: Դե, արժանապատվություն ու խիղճ ասածը նրանց նմանների համար անօգտագործելի հնոտի է… Ու նման հեռանկարի անխուսափելիության պայմաններում, գազի գինն անփոփոխ պահելու չափ հրատապ է այնպիսի մեխանիզմների առկայություն, որոնք տզրուկներին իսկապես կարգելեն «երակ մտնել»: Հաստատ սա այն դեպքը չէ, որ «լավություն» անելու մասին կարելի է խոսել: Ո՞ւմ հաշվին է արվելու այդ «լավությունը»: Չէ՞ որ կառավարությունը բարեգործական հիմնադրամ չէ, ու առավել ևս պետական բյուջեն չարժե շփոթել, ասենք, «Լինսի» միլիոնների հետ` կարծելով, թե դարձյալ կարելի է աչքաչափով մեծ փողեր լվանալ: Ի վերջո, պետք է գա՞ այն օրը, երբ պետության հաշվին «լավություն» անելու վատ սովորությունը նույնպես կանխվի: Դրան հասնելու հարմար առիթ կարծեք թե ստեղծվում է: