Որտեղ ինչպես են հուղարկավորում


 

Որքան էլ ցավալի է` պետք է հաշվի նստել իրողության հետ. մահն անխուսափելի է:

Հուղարկավորման ծեսերն ու սովորույթները բոլոր ժամանակներում ու նաև այսօր իրենց յուրահատուկ տեղն ունեն ժողովուրդների մշակույթներում ու կենցաղում: Դրանք զարմացնում են իրենց խորությամբ ու բազմազանությամբ, երբեմն անգամ սարսափեցնում:

Չինաստանի Դոնգհայ նահանգում ընդունված տեսակետ է. որքան մեծ է հանգուցյալին ճանապարհել ցանկացողների թիվը, այնքան նա ազդեցիկ ու մեծ հեղինակություն վայելող անձ է եղել երկրային կյանքում: Հյուրերի քանակը հնարավորինս մեծացնելու նպատակով անգամ ծայրահեղ քայլեր ձեռնարկվեցին` թաղման արարողությանը հրավիրելով նաև մերկապարուհիների: Վերջիններս էլ բնականաբար ապահովում են այցելուների թիվը: Այս արարողությունը, սակայն, չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից: Աղմուկ բարձրացնելուց անմիջապես հետո իշխանություններն սկսեցին ավելի հետևողական լինել և պայքարել հանգուցյալների նկատմամբ հոգատարության դրսևորման այս եղանակի դեմ:

Տիբեթյան բուդդիստներն ապրում են լեռնային պայմաններում, և թաղումները, որպես այդպիսին, այստեղ բացառված են` միանգամայն հասկանալի պատճառներով: Սակայն տիբեթյան իմաստունները գտել են ելքը: Այս լուծումը, սակայն, մեր ընկալման մեջ միայն սարսափ կարող է ծնել: Մահացածի մարմինը մասնատում են, ապա շաղախում ալյուրանման զանգվածով: Գիշակեր թռչունները հաշված վայրկյանների ընթացքում ցրում են մարմնամասերը: Ըստ տիբեթյան հավատալիքների` այս եղանակով հոգին ձուլվում է բնությանը, իսկ մարմինը կորցնում է նշանակությունը, քանի որ այն ընդամենը դատարկ անոթ է:

Ինդոնեզիայի Թոնա Թորայա բնակավայրում թաղումը հարսանիք է հիշեցնում: Բուն ծիսակարգի անբաժանելի մասն են կազմում երգն ու պարը, հյուրերը: Այստեղ հանգուցյալին պատանով տանն են պահում, և դա կարող է ձգվել օրեր, ամիսներ, անգամ տարիներ: Ըստ նրանց պատկերացումների` մահացածն ընդամենը վատառողջ է, ուստի խնամում են նրան ու «զրուցում» հետը:

Գանայի բնակավայրերից մեկում ընդունված է մարմինն ամփոփել ոչ ավել, ոչ պակաս` երազանքի դագաղով: Իսկ դրա ընտրությունը բնականաբար կապված է հանգուցյալի մասնագիտության, նախասիրությունների հետ: Ավելի հաճախակի են հանդիպում ձկան, ավտոմեքենայի, անգամ կոկա-կոլայի շշի տեսքով դագաղներ:

Մահվան ամենասարսափելի ծեսերից մեկը թերևս, մահացած հարազատի կամ առաջնորդի մսի ծիսական համտեսն է: Երևույթի մասին բավական հիշատակություններ են պահպանվել: Ավելին` մինչ օրս Ամազոնի ջունգլիներում բնակվող յանոմամո ցեղի ներկայացուցիչներն ուտում են դիակիզման մոխիրը:

Ավստրիայի դժվարամատչելի լեռնային մի գյուղակի գոթական եկեղեցում պահվում են շուրջ 600 մարդկային գանգեր` յուրաքանչյուրի վրա երբեմնի տիրոջ անունը գրված: Թաղման այս եղանակին հարկադրված են դիմել` գերեզմանոցի տարածքի բացակայության պատճառով: