Կատուն փախել է Մեդվեդևից


 

Նախագահական նստավայրից փախել է Դմիտրի Մեդվեդևի ու նրա ընտանիքի սիրելի Դորոֆեյ կատուն: Նրա որոնումներին միացել է նաև ոստիկանությունը:

ՌԴ առաջնորդի այդ «հոգեզավակը» եզակի` «նևսկայա մասկարադնայա» ցեղատեսակի է. արժեքը` մինչև հազար դոլար:

Այս «իրադարձությունը» ամենայն լրջությամբ քննարկում են ամենատարբեր լրատվամիջոցներ, դրանով մտահոգվում են տարբեր մարդիկ:

- Չեմ հասկանում, թե նա ինչու պետք է փախչեր: Մարտ ամի՞սն է: Բայց կատուն արդեն 7 տարեկան է և վաղուց ամորձատված: Դորոֆեյն, իհարկե, ջահել ժամանակ էլ տարբերվում էր անկանխատեսելի վարքով: Դմիտրի Անատոլիևիչին ճանկռել էր, որպեսզի փախչի... Ուրեմն ուշադիր չեն եղել: Բայց ավելի շուտ` երևի ինչ-որ բանից վախեցել է,- կատվի արարքը մեկնաբանել է կենդանաբուծարանի ղեկավար Իրինա Իլմինսկայան:

Ինչպես նշել է «Ինտերֆաքսը»` եթե երկրի գլխավոր կատուն չհայտնաբերվի, կամավորները ևս կօգնեն ոստիկանությանը: Իսկ կայքերից մեկն էլ` «Ավիտտերը», գրել է.

- Կատվին որոնելու ընթացքում հայտնաբերվել է գողացված 10 ավտոմեքենա, ձերբակալվել է 14 մարդ, ում նկատմամբ որոնում էր հայտարարված, ինչպես նաև մի շարք գողոններ:

Վերջին «տեղեկատվությունն», ինչ խոսք, սրամիտ հումոր է (այն էլ ապրիլի 1-ի նախօրյակին):

Այնպես որ` հարգելի ղեկավարներ, ավելի ուշադիր եղեք ձեր տնային կենդանիների հանդեպ: Այլապես նրանց կորուստը լրացուցիչ հոգս է դառնում մարդկանց համար: