Հսկան կոշիկ չի գտնում


 

Ամենաբարձրահասակ ամերիկացին` Ուկրաինայից գաղթած Իգոր Վովկիվինսկին, անլուծելի դարձած խնդիր ունի. իրեն հարմար կոշիկ չի գտնում: Ոչ թե քմահաճ է 29-ամյա այդ երիտասարդը, այլ 2 մ 34 սմ իր հասակին համապատասխան մեծ ոտքեր ունի:

Մինեսոտա նահանգի Ռոչեստեր քաղաքում բնակություն հաստատած Իգորն արդեն 16 անգամ վիրահատվել է կրունկներից. պատճառն անհարմարավետ ոտնամաններ են եղել (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը): Հիմա նա ընդամենը 1 զույգ կոշիկ ունի, որը դեռևս 2006 թ. հատուկ նրա համար կարել է գերմանացի մի վարպետ: Ունենալն ունի, սակայն դա էլ հարմար չէ, և քոլեջի ուսանող տղան տիպված է ժամանակի մեծ մասն անցկացնել հաշմանդամի սայլակին:

Իգորը նույնիսկ իր ոտքի չափսը չգիտե: Կոշկեղեն արտադրող խոշոր ընկերություններն էլ նրան չեն օգնել: Միայն մարզական մի ընկերություն է հանձն առել օգնել` պահանջելով 15 հազար դոլար (ներառյալ կրունկների լազերային հետազոտությունը): Տղան ստիպված է եղել համացանցով դրամական օժանդակություն խնդրել: Բարեբախտաբար արձագանքողներն առատաձեռն են եղել: Կուտակված 30 հազար դոլարով Իգորն արդեն 2 զույգ ոտնաման կարող է պատվիրել:

- Ես պարզապես չեմ կարողանում հավատալ, թե որքան շռայլ և զգայուն կարող են լինել մարդիկ,- խոստովանել է Իգորը:

Հսկան շուտով Մասաչուսեթս կմեկնի, ինչը նույնպես կրկնակի ծախս է. ախր նրա համար երկու նստելատեղ է պետք ինքնաթիռում: