Դեպի աշխարհի վե՞րջ. համեցե´ք


 

Գերազանցապես մարդկանց սարսափեցնում է աշխարհի վախճանի «հեռանկարը»: Ու մինչ որոշ բազմամիլիարդատերեր ստորգետնյա զետեղարաններ են փորում` այդ վախճանից թաքնվելու համար (կարելի է կարծել, թե «գետնի տակը» Երկիր մոլորակից դուրս է), ոմանք էլ ուղեգրեր են պատվիրում...

Ըստ մայաների ավանդության` 2012-ի դեկտեմբերի 21-ին վրա հասնելիք աշխարհավերջով տագնապածների համար ամերիկյան զբոսաշրջային ընկերություններն ուղեգրեր են վաճառում. դեպի Պիկ դը Բյուգարաշ լեռան ստորոտ: Ընդ որում, տոմսերը միայն մեկնելու համար են: Այսինքն` հետդարձի տարբերակ չկա՞...

Այս երթուղին ընտրողները հույս ունեն իրենց կյանքը փրկել, որովհետև ֆրանսիական այդ լեռնալանջին այլմոլորակային տիեզերանավ է վայրէջք կատարելու` բոլոր ցանկացողներին «փրկելու» նպատակով: Լավ բիզնես է, չէ՞: Բյուգարաշ գյուղի ու դրա մերձակայքի բնակիչներն արդեն սպասում են զբոսաշրջիկներին և այդ նպատակով հատուկ գինիներ են պատրաստում: Ոչ թե հյուրասիրելու, այլ` վաճառքի (ծՏՉՏրՑՌ ՀցՒՏՍր):

Մեր զբոսաշրջային ընկերությունները տեսնես` ինքնատիպ նման «խայծ» չէի՞ն կարող գտնել` օտարերկրացիներին Հայաստանով հրապուրելու:

Զբոսաշրջությունը լավագույն հանգիստն է, զվարճանք. թող շրջագայեն մարդիկ և վճարեն` թեկուզ «դեպի աշխարհի վերջ» տանող կամ այլ մոլորակ համբարձվելու ուղեգրեր վաճառողների սրամտության դիմաց: Բայց 2012-ի դեկտեմբերին Երկիր մոլորակի վախճանից սարսափածներին շտապենք հանդարտեցնել. «Մեքսիկայի մեծ կախարդ» «տիտղոսով» հայտնի Անտոնիո Վասկես Ալբան ամենամյա իր մամլո կոնֆերանսում հերքել է աշխարհի վերջի մասին ասուխոսանքները: Նա հիմնավորել է, որ մայաները երբևէ նման կանխատեսում չեն արել, և դա «խոշոր սուտ» է (գրել է LentΖ-ru-ն): Բազմաթիվ գիտնականներ ու փորձագետներ նույնպես հերքում են դա: Իրենց կազմած օրացույցը հաշվարկելով 5125 տարվա համար, մայաները նկատի են ունեցել տիեզերական մեկ փուլի ավարտը և նոր փուլի սկիզբը: