Հանցագործ ծնվո´ւմ են


 

Նոր հետազոտության արդյունքում Ֆլորիդայի նահանգի և Հյուսթոնի պետական համալսարանների գիտնականները փորձում են հիմնավորել, որ մարդուն հանցագործության մղում են գեները, այլ ոչ թե միջավայրը: Հետազոտությունն անցկացվել է «Հակասոցիալական» վարքագծի դասակարգում տեսության զարգացման շրջանակներում: Դոկտոր Թերի Մոֆիտի մշակած այդ տեսության համաձայն` էկոլոգիական, կենսաբանական ու հավանաբար նաև ծագումնաբանական գործոնները մարդուն մղում են դեպի հետևյալ 3 խմբերից մեկը. օրինախախտ դեռահասներ, չարամիտ (կամ` անուղղելի) իրավախախտներ, սահմանափակ ինքնազսպողներ:

Մինչդեռ ծագումնաբանական կամ գենետիկ գործոնն այնուամենայնիվ մեծ դերակատարում ունի մարդու ողջ կյանքում: Ավելին, հենց գեներն են որոշում` չարաճճի դեռահասը հանցագործ կդառնա՞, թե՞ ոչ:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են 4000 մարդ և հիմնավորվել է այն եզրահանգումը, որ հանցավոր պահվածքի համար ավելի վճռորոշ է ծագումնաբանությունը, քան միջավայրը (CNews):

Չանտեսենք նաև այն իրողությունը, որ այդ միջավայրն էլ մարդն է ընտրում` սեփական հակումներով: Նույն բակում (այսինքն` նույն միջավայրում) մեծացողներից յուրաքանչյուրին հենց այդ ծագումնաբանական հակումներն են տանում ամենատարբեր ուղղություններով: