Ծիսական սպանություն


 

Աղանդների կործանարար ազդեցության ու մարդկային գիտակցությունը խեղելու փաստի հետ նախօրեին հաշվի նստեցին նաև մեքսիկացիները: Երկրի հյուսիսում գտնվող բնակավայրերից մեկում ձերբակալվածները մեղադրվում են 2 տասնամյա տղաների և մի կնոջ ծիսական սպանության մեջ: Սոնորա նահանգի իշխանությունները համոզված են, որ նրանք LΖ SΖntΖ Muerte (Սուրբ մահ) պաշտամունքի հետևորդներ են: Այն իր մեջ ներառում է նաև հնդկական հեթանոսության տարրեր: Զոհերի արյունով ցողված է եղել ամբողջ խորանը, որտեղ աղանդավորները խոնարհում են բերել իրենց աստվածությանը: Վերջինս իրենից ներկայացնում է կմախք` գերանդին ձեռքին:

Մահվան երկրպագությունն այս երկրում վերջին շրջանում արագ տեմպերով զարգանում ու տարածվում է: Սոնորայի դատախազության ներկայացուցիչ Խոսե Լարինագը հայտնել է, որ վերջին ծիսական զոհաբերությունը մարտի սկզբին է եղել, ևս 2-ը` 2010-ին և 2011-ին: Նա նաև հրապարակել է սպանությունների սահմռկեցուցիչ մանրամասներ: Կտրելով իրենց զոհերի երակները` սպասել են մինչև նրանք արյունաքամ կլինեն, ապա արյունը հավաքել հատուկ սրվակների մեջ: Դատախազությունից հայտնել են նաև 2 ձերբակալված մայր ու որդու անուններ, ովքեր աղանդի առաջնորդներն են: