Գարնանային հալոցք


 

Մինչ ոմանք կանխատեսումներ են անում ԱՄՆ-ՌԴ փոխհարաբերությունների հնարավոր ջերմացման կամ սառեցման վերաբերյալ, պետքարտուղար Հ. Քլինթոնն ու Ջ. Բայդենը քննադատել են Ռուսաստանն Ամերիկային թշնամի համարող նախագահացու Միթ Ռոմնիին: Վերջինս ՌԴ-ն անվանել է «թիվ 1 աշխարհաքաղաքական հակառակորդ»: Ի պատասխան` CNN-ին տված հարցազրույցում Քլինթոնը հնչեցրել է.

- Ես կարծում եմ, որ հնացած մոտեցում է անցյալին նայելը` իրատես լինելու և սթափ գնահատելու փոխարեն. ինչ-որ հարցերում մենք (Ռուսաստանի հետ) համաձայն ենք, իսկ որոշ հարցերում` ոչ:

Դե, երկու գերտերությունների ընդհանուր հետաքրքրությունների առկայությունն իսկ խաղաղ համակեցության երաշխիք է: Եվ դատելով Մեդվեդև-Օբամա հանդիպման արդյունքներով` Վաշինգտոնը գոհ է Մոսկվայից: Այդ գոհունակությունը չի թաքցրել նաև երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը` ավելի կտրուկ արտահայտվելով Ռոմնիի դեմ:

- Նա իրեն այնպես է պահում, ասես կարծում է, թե սառը պատերազմը դեռ շարունակվում է: Այո, Ռուսաստանի հետ մենք տարաձայնություններ ունենք, բայց նրանք (ռուսները-խմբ.) մեզ հետ միակարծիք են Իրանի հանդեպ: Ռուսաստանի տարածքով է անցնում երկու ճանապարհներից մեկը, որով մենք բեռներ ենք հասցնում Աֆղանստանում մեր զորքերին: