ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՂԵՏԱՀԱՐ ՉԵՆ ԱՆԻ


 

Շրջանառվող այն լուրերը, թե խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը նշանակվելու է մշակույթի նախարար կամ էլ` տեղակալ, ինչպես մեզ պարզաբանեցին ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, իրականության հետ որևէ կապ չունեն: Ավելին, մեր աղբյուրը նշեց, որ ՀՀԿ-ում զարմանքով, ապա զայրույթով են լսել այս մասին` նշելով, որ արդեն իսկ պայմանավորվածություններ կան մշակույթի նախարարի թեկնածության առթիվ: Չի բացառվում, որ այդ պաշտոնը զբաղեցնի Արման Սահակյանը, իսկ Շուշան Պետրոսյանի անվան շրջանառումը վերագրում են երգչական «բոմոնդին», ով նման լուրեր տարածելով` կամենում է ձևավորել հանրային կարծիք:

- Հանրապետականները մշակույթն աղետահար չեն անի,- պնդեց մեր աղբյուրը` պարզաբանելով, որ իրենք շատ բարձր են գնահատում երգչուհուն, անգամ երկրի նախագահն է ներկա լինում նրա համերգներին, սակայն երգչուհու և նախարարի պարտականությունների միջև ահռելի անջրպետ կա:

Մենք փորձեցինք տեղեկատվությունը ճշտել նաև երգչուհուց, սակայն նրա հեռախոսը չէր պատասխանում: Շ. Պետրոսյանի մտերիմ ընկերներից մեկն էլ ասաց, որ երբեք Շուշանն իր կյանքում անպատասխանատու քայլեր չի արել: Ուրեմն, չի ձգտի նաև մշակույթի նախարարի պաշտոնին: