Անհանդուրժող ենք լինելու անհայրենիքների հանդեպ


 

Մենք` բանակում ծառայած երիտասարդներս, ովքեր հայրենիքին ծառայելը պարտք չեն համարել, այլ մեծ պատիվ, Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» այսպես կոչված գիրքը համարում ենք մեծ խայտառակություն և խեղկատակություն ինչպես Հայոց փառապանծ բանակում ծառայած հայորդու, այնպես էլ ապագա գրողի համար: Անգամ որպես գեղարվեստական ոճ սա չհաջողված ստեղծագործություն-խզբզանք է, ինչը հատուկ է անպատասխանատու և չակերտավոր ազատականներին: Այդ պատմվածքը կամ աշխատանքն ի սկզբանե ներծծված է հակապետականությամբ ու հակահայրենասիրությամբ: Այդ նյութի առաջին իսկ բառերը մարդկայնորեն ատելություն են սերմանում հայրենիքի, բանակի, սպայի, ծառայության, պարտքի և պատվախնդրության հանդեպ: Տեքստի բոլոր խոսքերը և բոլոր հերոսները մարդկային ստահակներ են, ատում են ամեն գեղեցիկը, վախկոտի նման փախչում են բոլոր պատասխանատվություններից և միայն երազում են ոչ մարդկային սպառման ու կենդանական հաճույքների մասին: Այդտեղ խոսք է գնում միայն բանտային միջավայրի և հանցագործ մթնոլորտի մասին: Զինվորը ներկայացվում է որպես անողնաշար ու անաստված, ով երկու երջանիկ օր ունի. սեքսի և զորացրման: Սպաները ներկայացված են որպես վախկոտ ստորներ, ովքեր ինչ-որ զինվորի խաղալիք են կամ անսիրտ գազաններ: Տեքստը ինչքան էլ որ արտահայտում է սոցիալական որոշակի շերտի հիմնական բառապաշարը, ամբողջովին գռեհիկ ու մակերեսային է, հակահայկական և հակաուսուցողական է` ցանկացած ընթերցողի համար: Դժվար է` մի փոքր պատվախնդիր մարդ լինել և այդ տեքստից զզվանք չապրել: Սա անթույլատրելի է, մեծ վրդովմունք է առաջացրել բանակում ծառայած մեծաթիվ հայորդիների, նախկին զինվորների և սպաների շրջանում: Սա անարգանք է զոհված բազում հերոսների հանդեպ: Կոչ ենք անում անհանդուրժող լինել անհայրենիք մարդկանց կողմից մեր հայրենիքը վարկաբեկող գործողությունների հանդեպ: Սա յուրաքանչյուր հայի համար պատվի հարց է:

Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն