ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՀԻՇԵՑԻՆ


 

Մեծերի հոբելյանները նրանց, իհարկե, պետք չեն. մե´զ են պետք, որովհետև մեծերից ամեն մեկը լցնում-իմաստավորում է մեր Ոգու իրականությունը, մեզ պարտադրում է ոչ միայն ապրել հիշողություններ, այլև մեծերից դասեր առնել, գտնել նրանց ու արդիականության աղերսները: Մոռացության մատնելով մեծերին` մենք մեզ կտրում ենք մեր արմատներից, մեր գոյության ծառից: Սա սոսկ հռետորաբանություն չէ, զգացական զեղում չէ: Սա հրամայական ու պահանջ է: Ցանկացած ժողովրդի կենսագրություն հետաքրքիր է իր պատմական շարունակականությամբ, իր ընթացքով: Իսկ մենք այսօր մեզ կտրում ենք մեր պատմությունից և անցյալից` այսպես վերածվելով մանկուրտների: Եվ այս դեպքում արդեն նորից ու նորից ուզում ենք վերադառնալ չարենցյան հանճարեղ հարցմանը. Որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞ւր ենք գնում: Մենք գալիս ենք մեր պատմությունից, որտեղ նաև մեր մեծերն են, մեր մեծագույն արժեքները: Մոռացության տալով նրանց` մոռացության ենք տալիս մեր անցյալը` այսպես խճողուն դարձնելով մեր ներկան...

Մարտի 29-ին լրացավ ազգային ռեալիստական դրամայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի մահվան 100-ամյակը: 100 տարի առաջ գրելով իր նշանավոր դարձած «Կտակը», Սունդուկյանը հեռացավ աշխարհից` խնդրելով, որ իր դագաղը տանեն չորս կինտո: Այն մարդիկ, ում սիրեց Սունդուկյանը, ում կերպարները ստեղծեց իր գրականության մեջ: Նա նաև խնդրել էր իր գերեզմանին որևէ հուշարձան չկանգնեցնել, իսկ եթե շա˜տ մեծ լինի ցանկությունը, ապա այդ հուշարձանում պատկերել Պեպոյին: Մեծ թատերագրի երազանքն իրականություն դարձավ 1970-ականների կեսերին, երբ իր անունը կրող թատրոնի մոտակայքում, Երևանի Անգլիական այգում կանգնեցվեց Պեպոյի արձանը: Իսկ նրա մահվան 100-ամյակի օրը ծաղիկներ չդրվեցին ո´չ նրա կիսանդրու, ո´չ Պեպոյի արձանի մոտ: Թբիլիսիում, իհարկե, հիշեցին իրենց մեծ համաքաղաքացուն, Խոջիվանքում գտնվող նրա գերեզմանի մոտ ավանդական դուդուկը հնչեց, սրտի խոսք ասացին վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ:

Մենք մոռացանք մեծ Սունդուկյանին... Թվում էր, որ Մշակույթի նախարարությունը 2012 թվականի հիշարժան տարեթվերի մեջ կընդգրկի այս իրադարձությունը, մեծ թատերագրի մահվան 100-ամյակն առիթ դարձնելով` կկազմակերպի միջոցառումներ, նորից կհնչեցնի սունդուկյանական խոսքը: Կարծում էինք` Գիտությունների ակադեմիան էլ գիտաժողով կգումարի` այսպես նոր հայացք հառելով թատերագրին, ում ստեղծագործությունները երբեք չեն կորցնում իրենց արդիականությունն ու թարմությունը: Սունդուկյանին չհիշեցին անգամ նրա անունը կրող թատրոնում, որի խաղացանկում այսօր սունդուկյանական որևէ ստեղծագործություն չկա: Իսկ դեռևս մի քանի տարի առաջ ազդագրում էին «Կտակը» և «Էլի մեկ զոհը»: Այսօր սունդուկյանցիները հեռացել են իրենց թատերագրից` շատ ավելի խանդավառվելով Շեքսպիրով: Լավ է, որ Վերածննդի հանճարի ստեղծագործությունների հանդեպ մեծ հետաքրքրություն է սկսել ձևավորվել մեր ակադեմիական թատրոնում, արդեն պատրաստ է «Ջոն արքայի» բեմադրությունը, խաղացանկում ընդգրկվել է նաև «Ռիչարդ Երրորդը», ընթացիկ խաղացանկում «Լեգենդ Մակբեթի մասին» ստեղծագործությունն է` բառացիորեն շեքսպիրյան տեքստն ու իրադարձությունները վերարտադրող: Սակայն հանճարեղ բրիտանացու կողքին մոռացության է տրվել ու կարծես անկյուն նետվել Գաբրիել Սունդուկյանը, ում գոնե այս տարի պարտավոր է հիշել թատրոնը, քանզի թե´ նրա մահվան 100-ամյակն է, թե´ թատրոնի հիմնադրման 90-ամյակը:

Այսօր Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործություններից որևէ մեկն ընդգրկված չէ հայաստանյան թատրոնների խաղացանկերում: Սունդուկյանի փոխարեն` ֆրանսիական միապաղաղ ու միագիծ կատակերգություններն են: Դրանք, իհարկե, ունեն հանդիսատեսային ընդունելություն, սակայն դրանցից ոչ մեկը չունի գեղարվեստական այն կատարելությունը, որը բնորոշ է Սունդուկյանի ստեղծագործություններին: Գուցե մտածում են, թե հնացել է Սունդուկյանը և այլևս չի կարող հուզել ու հետաքրքրել հանդիսատեսին: Հազիվ թե: Սունդուկյանի առաջադրած սոցիալական խնդիրները, նրա ներկայացրած կերպարներն ապրում են արդիականության մեջ, նրանք նոր անուններ են ձեռք բերել` պահպանելով իրենց ներքին բնույթը: Այսօր էլ մեր շուրջ քայլում են բազմաթիվ զիմզիմովներ, փարսիղներ, սարգիսներ ու սալոմեներ, դեռ այսօր էլ հարյուրավոր պեպոներ ճշմարտություն են որոնում, հարյուրավոր անանիներ դառնում շահախնդիր ամուսնությունների զոհեր: Այսօր էլ քիչ չեն զամբախովները, ովքեր սուտն ու կեղծիքն են դարձրել կեցության գլխավոր պայմաններ...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ