ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ


 

«Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակում ընդգրկված Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզպետներն ինքնաբացարկ են հայտնել և հեռացել ցուցակից: Այսինքն, պատգամավոր դառնալու մտադրություն նրանք այլևս չունեն: Կուսակցությունում կատարվածը մեկնաբանում են օբյեկտիվորեն, պնդում, որ մարզպետները չեն կարող և´ իրենց պարտականությունները կատարել, և´ մասնակցել ընտրարշավին: Իհարկե, նման բացատրությունը կարելի է ընդունելի համարել, սակայն առաջադրման ժամանակ մի՞թե մարզպետները չէին հիշում, որ իրենք կատարելու են իրենց գործադիր պարտականությունները…

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ

Հավանաբար շատ լավ էլ հիշում էին, սակայն հիմա, երևի, շատ բան է փոխվել, երևի նրանց վրա դրվել են այնպիսի պարտականություններ, որոնց մասին կուսակցությունում չեն կամենում բարձրաձայնել: Իսկ շատերն արդեն վստահաբար պնդում են, որ արդարանալով, թե իրենք ընդգրկված չեն համամասնական ցուցակում, այսինքն` չեն չարաշահում իրենց պաշտոնեական լիազորությունները` մարզպետներն ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց գլխավորած մարզերում իրենց կուսակցությունն անհրաժեշտ քվեներ ապահովի: Մարզպետներն ունեն մեծ լիազորություններ, իսկ «ստվերում» գործելը շատ ավելի ձեռնտու և նպատակային է: Այնպես որ, նախընտրական խորամանկությունները, որքան էլ թաքցվեն, այնուամենայնիվ «ջրի երես» են դուրս գալիս: Դե, մի բուռ ժողովուրդ ենք, իրար լավ ենք ճանաչում, գիտենք մեկս մյուսի սովորություններն ու բնավորությունները: Նաև լավ գիտենք նախընտրական «տեխնոլոգիաները»: