«ՀԱՅԿԱԿԱՆ» ԲԵՆԶԻՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ


 

Բենզին ներկրող ընկերությունները ցնծությամբ են ընդունել չինական ավտոբուսների մուտքը մայրաքաղաք: Նրանք ի սկզբանե հաշվարկել էին, որ ինչ-ինչ, բայց վառելիք ներկրելու գործառույթ Երևանի քաղաքապետարանը հաստա´տ չի ստանձնելու և ուզած-չուզած իրենց հետ է մատակարարման պայմանագրեր կնքելու: Թե ո՞ր ընկերության բենզինն են նոր ավտոբուսները սպառում` առայժմ անհայտ է: Հայտնի է, սակայն, որ նույնիսկ չինական արտադրանքը չի համակերպվում «հայկական» բենզինի առանձնահատ կություններին:

Այսպես, քաղաքային իշխանության ղեկավարությունը դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր, որ ներկրվելիք փոխադրամիջոցները բավական որակյալ են և տևական ժամանակ անխափան աշխատելու են: Մինչդեռ նախորդ շաբաթ քաղաքի այս ու այն հատվածում անսպասելիորեն տեղաշարժվելուց հրաժարվող ավտոբուսների վարորդները պարզել են, որ ոչ թե մեքենան է խափանվել, այլ բենզինն է վերջացել: Հանուն ճշմարտության` նրանք հավաստիացնում են, որ նախապես իրենց սահմանված չափաքանակով վառելիք է տրամադրվել, բայց այն նախատեսվածից ավելի արագ է սպառվել` չափազանց ցածր որակ ունենալու պատճառով: Իրար հաջորդող «խափանումները» քաղաքապետարանի պատասխանատուներին հուշել է, որ «հայկական» բենզինի առանձնահատկություններից ելնելով` հետայսու հարկ է ամեն օր մոտ 10 տոկոսով ավելի շատ վառելիք տրամադրել վարորդներին: