Հա՞ որ...


 

Տնտեսական մրցակցության Պաշտպանության Պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ում ամեն մի ելույթից սպառողներն ինքնաքննադատության և կոնկրետ ծրագրերի նախանշում են ակնկալում, հայտարարել է, որ առաջիկա օրերին մեկնելու է արձակուրդ: Կանխատեսելի էր, որ ՏՄՊՊՀ նախագահի հանգստյան առիթը հազիվ թե գերհոգնածությունը լիներ, քանի որ հանձնաժողովը մեծամասամբ և իրավացիորեն հենց անգործության համար է մեղադրվում: Սեզոնն էլ առանձնապես նպաստավոր չէ ծովափ կամ հանգստյան այլևայլ վայրեր մեկնելու համար: Եվ, իրոք, պարզվում է, որ Ա. Շաբոյանը բնավ էլ նման տրամադրվածություն չունի ու նախատեսում է արձակուրդային շաբաթները նվիրել քարոզարշավին:

Դժվար է ասել, թե ՀՀԿ ցուցակի 79-րդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն պատգամավորական հավակնություններ ունի, թե՞ ոչ: Այսուհանդերձ պարզ է, որ ՀՀԿ-ն հազիվ թե Շաբոյանի աջակցության կարիքն ունենա: Ընդհակառակը, իշխող կուսակցության վարկանիշը ՏՄՊՊՀ անարդյունավետ գործունեության հետևանքով մեծապես տուժում է: Ու եթե այդ հանձնաժողովը փոքր-ինչ արդյունավետ աշխատեր, ապա Ա. Շաբոյանն առանց արձակուրդի էլ կարող էր բարձրացնել հարազատ կուսակցության վարկանիշը: Լավ աշխատանքն ի վերջո ամենաարդյունավետ քարոզչությունն է:

Արդյո՞ք քարոզարշավում Շաբոյանն իր կատարած գործերի մասին է խոսելու: