Մեր քաղաքական մշակույթի կարևոր ձեռքբերումը


 

Քաղաքագետների ասոցիացիան մեկ ամիս շարունակ ընտրությունների թեմայով հանդիպումներ էր կազմակերպում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների արդյունքների մասին է զրույցը ասոցիացիայի նախագահ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

- Այս` գրեթե մեկամսյա լսումների արդյունքում Քաղաքագետների ասոցիացիան ի՞նչ եզրակացությունների հանգեց, ինչպիսի՞ն կարող են լինել առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

- Այս ընտրությունների արդյունքում կամ մեր քաղաքական դաշտը, ներառյալ նաև իշխող` «Հանրապետական» կուսակցությունը կհամախմբվի, կամ կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ավելի կխորանա պառակտումը, և մի բևեռում կհայտնվի ՀՀԿ-ն, իսկ մյուսում` մնացած բոլոր քաղուժերը: Այդ իրավիճակից պետք է խուսափել, որովհետև դա ոչ մի լավ բան չի կարող խոստանալ մեր պետությանը: Այդպիսի զարգացումների արդյունքում «Հանրապետականը» կարող է կանգնել իր գոյատևման վտանգի առջև` թե´ երկրի ներսում, թե´ միջազգային ասպարեզում: Այս վտանգավոր զարգացումների սցենարից խուսափելու ճանապարհը քաղաքական ուժերի միջև համագործակցությունն է այն խնդիրների շուրջ, որոնք այսօր մտահոգում են բոլորին:

- Ձեր ղեկավարած միությունն ի՞նչ է առաջարկում` հնարավոր խեղաթյուրումների դեմն առնելու համար:

- Մենք գտնում ենք, որ պետք է ձևավորվի միասնական շտաբ, որի հիմնական գործունեությունը կլինի ընտրացուցակների ճշտումը: Այդ հարցով մեր հաջորդ նիստերին կհրավիրենք նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մենք մեր լսումների ընթացքում բոլոր կուսակցությունների ղեկավարներին հորդորել ենք` եկեք համադրեք ձեր ներուժը, կուսակցությունների հնարավորությունները ընտրացուցակների ստուգման և ճշգրտման հարցում:

- Բայց արդյո՞ք մինչև ընտրությունների օրն ընկած ժամանակը կբավարարի ընտրացուցակները ճշգրտելու և առկա թերությունները վերացնելու համար:

- Այո, կբավարարի` եթե կյանքի կոչվի մեր ծրագիրը, եթե կուսակցություններն ընդհանուր հայտարարի գան` ստեղծելու հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ` ընտրացուցակների ճշգրտման հարցով զբաղվող հանձնաժողովով: Ի դեպ, իշխող քաղաքական ուժի փոխնախագահ Գալուստ Սահակյանն ինձ հավաստիացրել է, որ կմասնակցի այդ շտաբի ստեղծման հարցով մեր նիստին: Ես նրան սպասում եմ, որովհետև հիմնական հարցերն ուղղված են լինելու հենց նրան և հույս ունեմ, որ նա պատվով դուրս կգա այդ իրավիճակից: Եվ ընդհանրապես, կուսակցությունները պետք է կարողանան որդեգրել համատեղ աշխատելու սկզբունքը: Եվ դա մեր քաղաքական մշակույթի լրջագույն ձեռքբերումը կարող է լինել:

- Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է նոր ԱԺ-ում ընտրվելու դեպքում առաջարկել, որպեսզի կուսակցություններն ընտրողներին պարբերաբար հաշվետվություն ներկայացնեն իրենց կատարած աշխատանքի մասին ոչ թե 4-5 տարին մեկ անգամ, այլ խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում:

- Շատ լավ գաղափար է: Ես գտնում եմ, որ ԱԺ խմբակցությունները պետք է պարբերաբար իրենց ընտրողներին հաշվետու լինեն այն խոստումների կատարման համար, որոնք տվել են ընտրական շրջանում: Ես այդ մոտեցման հետևողական կողմնակիցն եմ:

Ա.Դ.