ՃՈԽ ՀԱՆԳԻՍՏ` ՍԵՄԻՆԱՐԻ ՏԵՍՔՈՎ


 

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի և Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի նախաձեռնությամբ Բեյրութում, Միջերկրականի գրեթե ափին գտնվող «Ֆենեսիա» հյուրանոցում տեղի ունեցավ եռօրյա սեմինար, որի ընթացքում ներկայացվեցին հայաստանյան բանկերի գործունեությունը և գործունեության հոլովույթները: Հայաստանից մեկնած 18 հոգիանոց պատվիրակությանը միացան Լիբանանի հայազգի պատգամավորներ, պաշտոնյաներ: Ծախսվեցին ահռելի միրջոցներ չարտերային թռիչքների կազմակերպման, հյուրանոցային շքեղությունների ապահովման և ճաշկերույթների համար: Մեր բանկային «հոգնատանջ» ղեկավարները զեկուցումների «արանքում» կարողացան հանգստանալ, վայելել արևա-անձրևային Բեյրութի հրապույրները: Բայց թե ի՞նչ տվեց այս քննարկումը մեր տնտեսությանը` դժվար է ասել, քանի որ լիբանանահայ շատ գործարարներ մեզ հետ ունեցած զրույցների ժամանակ պնդում էին, որ չեն հավատում հայաստանյան բանկերին: Ասում էին, որ շատերը չեն կամենում ներդրումներ կատարել բանկային համակարգում, որովհետև այստեղ գործում են «վայրենի» հարաբերություններ: Ավելին, ոմանք շեշտում էին, որ հայաստանյան բանկային համակարգն ամենաինքնաբավն է աշխարհում և գործում է միայն հանուն իր պաշտոնյաների բարեկեցիկ կյանքի: