ԲԵՆԶԻՆԱԲՈՒՅՐ Մ Ա Հ


Մատչելի ու էժանագին քիմիական միջոցն անբուժելի հիվանդություններ ու շուտափույթ մահ է «երաշխավորում»: Բենզինի և մի քանի այլ բաղադրիչների խառնուրդից ստացվող թմրանյութի ներարկումը պարբերաբար կիրառողները երկու տարի անց վերածվում են «քայլող դիակի»: Նրանց ապրելու հավանականությունը 1-2 տարի է: Թմրամոլների մոտ փտախտ է սկսվում, որը հիմնականում անհնար է բուժել: Ելքը մահն է: Սա յուրօրինակ ու առանձնակի դաժանությամբ կատարվող ինքնասպանության ձև է: «Բենզինային» թմրամոլությունը մեծ տարածում ունի սոցիալապես անապահով խավերի շրջանում. այն անհամեմատ էժան միջոց է ու առավել մահացու: Տարածված է հիմնականում մարզերում, հատկապես` Շիրակում: Թե´ բենզինը և թե այս թմրանյութի մյուս բաղադրիչներն առանձին-առանձին` բավական անմեղ նյութեր են, սակայն դրանց սինթեզի` ներարկմամբ օգտագործումը պաշտոնական տվյալներով Գյումրիում այս տարի երեք հոգու մահվան պատճառ է դարձել: Ոչ պաշտոնական տվյալներով` նրանց թիվն իրականում ավելի մեծ է, որովհետև, սովորաբար, տուժողների հարազատները թաքցնում են մահվան իրական պատճառը: Ոստիկանության Գյումրու բաժնից տրամադրած տեղեկատվության համաձայն` բենզինի օգտագործմամբ թմրանյութի պատրաստման եղանակները ներթափանցել են հիմնականում Ռուսաստանից, և այն օգտագործում են ոչ միայն «ստաժավոր» թմրամոլները: Ցավոք, այն տարածվում է նաև երիտասարդների ու անգամ պատանիների շրջանում: Թմրամիջոց գործածելու մեղադրանքով` օրենքը նախատեսում է վարչական պատասխանատվություն` նախկին քրեականի փոխարեն: Վարչական պատասխանատ վությունն էլ թեև խստացված է, այդուհանդերձ, էական ազդեցություն չունի, որովհետև թմրամոլը սովորաբար չի ունենում տուգանքի համար նախատեսված հարյուր կամ երկու հարյուր հազար դրամը: Գործը մտնում է դատարան, մարդը վճարել չկարողանալու պատճառով ճանաչվում է սնանկ ու ազատվում է նաև պատասխանատվությունից: Իսկ քրեական պատժի ենթարկվածներն էլ 2-3 ամսից հայտնվելով ազատության մեջ` շարունակում են զբաղվել նույն «սև» գործով: Գյումրու Հոգեկան առողջության կենտրոնի բժիշկ-նարկոլոգ Արտաշես Սահակյանի տվյալներով` «բենզինային» կախվածությամբ իրենց դիմածների թիվը չի անցնում 20-ը, սակայն վստահ է, որ հիվանդների քանակն առավել մեծ է. բուժվել ցանկացողներն են քիչ: - Պետք է ասեմ, որ բուժվել հասկացությունը այս պարագայում հարաբերական է: Կոնկրետ այս թմրամիջոցն օգտագործողներին անհրաժեշտ է համալիր բուժում, որը սոսկ կախվածությունից հանելուն չէ միտված: Միայն նարկոլոգի պարտականությունները կատարելով հնարավոր չէ խնդիրը լուծել,- գտնում է Ա. Սահակյանը,- հատկապես «փորձառու» թմրամոլներն ունեն հիվանդությունների մի մեծ փունջ. ամբողջ օրգանիզմն ախտահարվում է, ներքին օրգանները թարախակալվում են: Այդպիսիները սովորաբար ցանկություն էլ չեն ունենում բուժվելու: Ըստ բժշկի` միայն սոցիալական պայմանները չեն, որ նպաստում են այս երևույթի աճին: Երիտասարդ տղաները երբեմն թմրամիջոց են փորձում` իբր ինքնահաստատ ման ձգտումով, ֆիլմերում տեսածը կրկնօրինակելու ցանկությունից մղված կամ անգործությունը փարատելու, նաև` «շրջապատից» հետ չմնալու մղումով և այլն: Ստացվում է` բուժումը համարյա անիմաստ է: Մեկ ուրիշ` առավել ահաբեկող իրականություն էլ կա` թմրամոլության մեջ կոփված յուրաքանչյուր մեղսագործ կործանում է շատ ու շատ անփորձ ու ջահել տղաների, որոնց համար կարծեցյալ այդ հեղինակությունները միշտ օրինակ են ծառայում` ցանկացած տեսակի «քաջագործության» պարագայում: Հետևաբար` չարիքի վտանգն ահագնանում է: Շիրակի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի վարիչ Տեր Նշան քահանա Պամֆեորովը թմրամոլության աճը պայմանավորում է քաղաքացիների հոգևոր արժեքների բացակայությամբ: Նրա համոզմամբ` մինչև մարդու մեջ չվերականգնվի որոշակի արժեհամակարգ, բարդ կլինի որևէ արդյունքի հասնել: - Վերջերս ինձ հրավիրել էին հոգեհանգստի կարգ կատարելու, սակայն հարազատները թաքցրել էին հանգուցյալի մահվան իրական պատճառը` ասելով թե էլեկտրահարվել է: Հուղարկավորությունից հետո իմացա, որ այդ մարդը մահացել էր վերջին շրջանում շատ տարածված թմրամիջոցից: Եվ քանի որ դա համարվում է ինքնասպա նություն, մենք իրավունք չունենք հոգեհանգստի կարգ կատարել,- նշեց հոգևորականը: Փաստորեն թմրամոլները զրկվում են անգամ քրիստոնեավայել հուղարկավորվելու արարողակարգից, թեև տրամաբանական էլ է` մարդավայել ապրելուց հարաժարվածը պիտի նույն կերպ էլ լքի աշխարհը. հոգևորականները նմանների համար ծիսակարգ չեն կատարում: Հանուն ինչի են ապրում կամ հանում ինչի են մեռնում նրանք` դժվար է ասել, սակայն մի բան անհերքելի է` մահը նրանց ցավերին իրոք թեթևացում է բերում: Քանզի այդպիսիների կյանքն իրական դժոխք է հենց երկրի վրա. նրանց հիմնական զգացողությունը սարսափելի ցավերն են, անբաժան ուղեկիցը`«նեխած թմրամոլի» խարանը, միակ մտահոգությունը` որքան հնարավոր է շատ ու շուտ երակները բենզինաթաթախ անելը: Պետք է նրանց մոլորեցումներից փրկել գոնե դեռահաս սերունդը, այլապես հանցավոր անտարբերությունը նվազ չարիք չէ:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ