Լրագրողի զենքը ճշգրիտ փաստն է


ՀՀ ժուռնալիստների միության նախագահ, ՀՀ հանրային խորհրդի և Երևանի ավագանու անդամ Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մշտապես գտնվում է հանրային կյանքի կիզակենտրոններում` իր մասնակցությունը բերելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին, հանրային կարծիքի ձևավորումներին: Կարճ ասած` հասարակության առողջացմանը: Նրա բազմազբաղ առօրյան, այնուհանդերձ, նաև հնարավորություն է տալիս մշտապես հետևել հանրապետության լրատվամիջոցների աշխատանքներին, կատարել համապատասխան վերլուծություններ, տալ գնահատականներ: Մեր զրույցը համընկավ Խոսքի ազատության համաշխարհային օրվան, երբ հենց Աստղիկ Գևորգյանի նախաձեռնությամբ տեղի ունեցան ասուլիսներ և քննարկումներ, արժևորվեցին վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները: - Խոսքի ազատության համաշխարհային օրը նշելը մեզանում արդեն ավանդույթ է: Դա առիթ է` հայացք հառելու անցած ճանապարհին և մտորելու նոր ընթացքի մասին: Ինչպե՞ս եք գնահատում այսօր խոսքի ազատության վիճակը` հայաստանյան լրատվամիջոցներում: - Հայաստանը, որպես ժողովրդավարական երկիր` երիտասարդ է, մեզ մոտ նոր են ձևավորվում այդ արժեքները, մեր մամուլը նոր է ձևավորում ազատ խոսքի և ժողովրդավարության ավանդույթներ: Հին խոսք է. մամուլը և զանգվածային լրատվամիջոցները հասարակության հայելին են. հետևաբար այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջը և իր հետ բերում ձևախեղումներ, անդրադարձվում է նաև մամուլում` այսպես փոխելով ԶԼՄ¬ների որակական հատկանիշները: Հենց այս իրողությունն էլ պարտադրում է ճիշտ և ժամանակին տեսնել այն հիվանդագին դրսևորումները, որոնք խանգարում են մեզ ոչ միայն առաջ գնալու, այլև հասարակական վստահություն շահելու: Իսկ հասարակական վստահությունը ամենակարևորն է մեր պարագայում: - Երեկ նշվեց Խոսքի ազատության օրը. արդյո՞ք տեղի ունեցած միջոցառումները կնպաստեն, որպեսզի մենք կարողանանք փոխել մի շարք ամրակայված պատկերացումներ և ձևավորենք առողջ ընթացք: - Մենք այդ օրը նշում ենք արդեն հինգերորդ անգամ: Անկախության առաջին տարիներին մենք իսկապես կարողացանք ի հայտ բերել ճշմարիտ ժողովրդավարական մոտեցումներ, բայց ահա վերջին 2-3 տարիների ընթացքում ձևավորվել են բազմաթիվ անընդունելի և մերժելի դրույթներ: Այսօր արդեն անընդունելի են համարվում լրագրողական էթիկայի խախտումները, փաստերի աղավաղումները կամ չհիմնավորված հրապարակումները: Հայ ժուռնալիստիկան տասնամյակների ընթացքում իսկապես աչքի է ընկել բարձր որակական հատկանիշներով: Բայց ահա վերջին շրջանում մենք երբեմն բախվում ենք արտառոց երևույթների: Ուստի այսօր Հայաստանում գործող բոլոր չորս լրագրողական կազմակերպություններն իրենց առաջնային խնդիրն են համարում որակների վերականգնումը, պրոֆեսիոնալ գործունեությունը: - Դուք նշեցիք լրագրողական չորս կազմակերպությունների մասին: Արդյո՞ք կան միասնական ծրագրեր և միասնական պահանջներ: - Իհարկե: Հազվադեպ է լինում, երբ տարբեր հասարակական կազմակերպություններ միատեղում են իրենց նպատակային գործունեությունը: Մենք միատեղել ենք, որովհետև Հայաստանում այսօր բավական դժվար վիճակում է հայտնվել խոսքի ազատությունը: Իսկ այդ ազատությունը խթանելու համար ձեռնամուխ ենք եղել մի շարք ծրագրերի իրականացման: Առաջին հերթին մեզ հետաքրքրում և մտահոգում են անձի արժանապատվության-զրպարտության խնդիրներին վերաբերող օրենքները: Այդ հասկացությունները ապաքրեականացվելուց հետո ծնունդ առան բավական լուրջ և անհանգստացնող երևույթներ. մեր շատ լրատվամիջոցներ այսօր արդեն ստիպված են կանգնել դատարանի առջև: Ցավալի է նշել, որ օրավուր մեծանում է ԶԼՄ¬ների դեմ հարուցված քրեական գործերի թիվը` արդեն հասնելով մեկ տասնյակի: Այստեղ ի հայտ են գալիս երկակի մոտեցումներ: Դրանցից առաջինը վերաբերում է ժուռնալիստական գործունեության պրոֆեսիոնալիզմին: Այստեղ մեղավորը մենք ենք, որովհետև ժուռնալիստական զինանոցի բոլոր հարստությունները գործի դնելու փոխարեն, հրապարակ ենք հանում չստուգված փաստեր, վիրավորում ենք անձերի արժանապատ վությունը` այդպիսով ձևավորելով արհեստական դիմակայություններ, որոնց հանգուցալուծումն էլ կախված է դատարաններից: Իսկ դատարաններն էլ գրեթե միշտ վճիռներ են կայացնում ի վնաս լրատվամիջոցների: Երկրորդ մտահոգությունն էլ այն է, որ ստվեր են գցում լրագրողի հեղինակության վրա, ընթերցողը կորցնում է հավատը լրատվամիջոցի, լրագրողի ստորագրության հանդեպ: Չափազանց թանկ է ստորագրության նկատմամբ հավատը, մինչդեռ անփութորեն կամ էլ չարդարացված «խիզախութ յամբ» մենք հարված ենք հասցնում ինքներս մեզ: - Տոնը նաև պահանջում է լրատվամիջոցների գործունեության գնահատություն: Այս տարի մրցանակ շնորհվեց «Հետք» էլեկտրոնային պարբերականին: Ինչո՞վ էր պայմանավորված այս գնահատանքը: - Մենք երկու տարի չկարողացանք մրցանակների ճիշտ հասցեատերեր գտնել: Պատճառն այն էր, որ չէինք տեսնում այն լրատվամիջոցը, որը գործում էր պատասխանատվության ու ճշմարտացիության սկզբունքներով: Էդիկ Բաղդասարյանի գլխավորած պարբերականն համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք մրցանակակիրների որոշման պարագայում մենք ուղենիշային ենք համարում: - Մրցանակակիրների շարքում բացակայում են հեռուստատեսությունները: Ինչո՞վ է սա պայմանավորված: - Եթերը մեզ պետք է օգնի: Եթերը պետք է լինի այնպիսին, որ կարողանանք նրա միջոցով տեսնել մեր երկրի ճշմարիտ կերպարը: Ես չեմ ուզում տեսնել ներկայացվող այն երկիրը, որտեղ կրիմինալն է դարձել հեռուստաեթերի հերոսը: Այսօր հանրային հեռուստատեսությունը առողջացման քայլեր է անում: Արդեն առկա են մի շարք հաղորդաշարեր: Սակայն պետական բյուջեից սնվող հեռուստաընկերությունը պետք է շատ ավելի բծախնդիր լինի: Բծախնդիր և պատասխանատու: Մասնավոր հեռուստաընկերությունների սեփականատերերն էլ իրենց հերթին պետք է մտահոգվեն ու հաշվի նստեն այն իրողության հետ, որ վարկանիշը ձևավորվում է ոչ թե էժանագին սերիալներով, այլ բարձրաճաշակ հաղորդումներով, որոնք կրթում են ժողովրդին, ցույց տալիս ազգի ճշմարիտ դիմագիծը և այն մտավոր ներուժը, որը մեր ժողովուրդը կուտակել է հարյուրամյակների ընթացքում: - Տիկին Գևորգյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել զրույցի համար և շնորհավորել Ձեզ ու բոլորիս` Խոսքի ազատության օրվա առթիվ: Հուսանք, որ խոսքի ազատությունը մեզանում ևս կդառնա բարձրագույն արժեք:

Զրուցեց Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԸ