Համանախագահողների նպատակը մեկն է` պահպանել ստատուս-քվոն


Վերջին ժամանակներս ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս հաճախ է հիշատակվում ՀԱԿ առաջնորդ և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումն այն մասին, թե 1997 թվականին` իր նախագահության օրոք, Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ավելի մոտ էինք, քան հիմա: Ինչպիսի՞ն էր իրականում իրերի դասավորությունն այն ժամանակ, ինչպիսի՞ն է մեր օրերում: Այս ամենի մասին «Ավանգարդի» հարցերին է պատասխանում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ: - Լևոն Տեր-Պետրոսյանն այդպես է ասում, որովհետև նա այսօր ընդդիմադիր քաղաքական գործիչ է, իսկ ընդդիմությունն ընդհանրապես քննադատում է իշխանութ յուններին, վերջիններս էլ ասում են, որ իրենց արածը ճիշտ է: Սա քաղաքական խաղ է: Բացի դրանից, Լ. Տեր-Պետրոսյանը 1997-ին Հայաստանի նախագահն էր, և բնականաբար, համարում էր, որ իր արածը ճիշտ է և հիմա էլ շարունակում է այդպես կարծել: Ինձ համար, որպես քաղաքագետի, իրականությունն այն է, ինչ եղել է: Քաղաքականությունը հնարավորի իրագործման արվեստ է. եթե այն ժամանակ կարգավորումը չի ստացվել, նշանակում է դրանում ներգրավվածներից ոչ բոլորի շահերն են համընկել: -Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս իրավիճակը: - Իմ կարծիքով, 2001-2002 թվականներից այս կողմ Ղարաբաղյան խնդրում ոչինչ տեղի չի ունեցել: Հակամարտությունը և դրա կարգավորման գործընթացն, ըստ իս, տարբեր են իրենց դինամիկայով, մասնակից կողմերով: Եվ մասնավորապես Ղարաբաղի շուրջ նշանակալից ոչինչ չի կատարվում: Իրականում բանակցությունների դաշտ էլ չկա. Ադրբեջանն ասում է` համաձայն է փոխզիջման, բայց փոխզիջում է համարում վերադարձը 1988թ. իրավիճակին: Հասկանալի է` դա անիրագործելի է: Հայերն, իրենց հերթին, փոխզիջում ասելով հասկանում են, որ Ադրբեջանը ճանաչի ներկայումս գոյություն ունեցող կարգավիճակը: Սակայն դա էլ է անիրագործելի, քանի որ այսօր Ադրբեջանը չի կարող ճանաչել ԼՂՀ անկախությունը: Այս պատճառով այն, ինչ տեղի է ունենում, մեծ հաշվով, բանակցությունների իմիտացիա է: Կարծել, որ Մինսկի խումբը մեր փոխարեն կարող է խնդիրը լուծել, գտնում եմ` ճիշտ չի: Նրանք կարող են միայն օժանդակել հակամարտության լուծմանը: Իսկ իրականում հակամարտությունը լուծելու պատրաստակամություն ներսում չկա: Դա չի նշանակում, թե այս վիճակը կարող է հավերժ շարունակվել: Բայց այսօր ես խնդրի լուծման ոչ մի տարբերակ չեմ տեսնում: - Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ այս ամենը վերջ ի վերջո կարող է հանգեցնել նոր պատերազմի: - Ոչ: Պատերազմի վերսկսման համար անհրաժեշտ է, որպեսզի, օրինակ, պատերազմ սկսող կողմը գոնե 70-80 տոկոսով վստահ լինի իր հաղթելու հնարավորությանը: Բայց այսօր իրականում նույնիսկ 50 տոկոսի վստահություն էլ Ադրբեջանը չունի: Պատերազմ չսկսելու պատճառները բազմաթիվ են: - Հակամարտության կարգավորմամբ զբաղվող ուժային երեք կենտրոններից երկուսն այսօր նախաձեռնությունը կարծես զիջել են Ռուսաստանին: Մինչև ո՞ր պահը կարող է այս հարցում Արևմուտքը զիջել Ռուսաստանին: - 2008 թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո իրավիճակը Հարավային Կովկասում լրջորեն փոխվեց: Եվ Մայնդորֆից սկսած` կարգավորման գործընթացում Ամերիկան ու Եվրամիությունը քարտ-բլանշ են տվել Ռուսաստանին: Այսինքն, կարգավորման հարցում հիշյալ երեքի միջև տարվում է համաձայնեցված քաղաքականութ յուն, որն իրագործվում է Ռուսաստանի միջոցով: Իսկ թե մինչև որ պահը կարող է այդպես շարունակվել, կարելի է հասկանալ, եթե ուշադրություն դարձնենք, թե ինչու է դա այդպես: Իսկ այդպես է, որովհետև այդ երեք կողմերի շահերն այս պահին հանընկնում են: Բոլոր երեք կողմերի համար խնդիրն այսօր մեկն է` պահպանել ստատուս-քվոն, որպեսզի պահպանվի հրադադարը, և շարունակվի բանակցային գործընթացը: Եթե հանկարծ համանախագահողներից որևէ մեկը այլ նպատակ ունենա, որը չի համընկնի մյուսների նպատակներին, այն ժամանակ այդ կառույցը կկազմաքանդվի: - Թեմայից դուրս վերջին հարցս վերաբերում է Վրաստանին: Վերջերս այդ երկրի խորհրդարանի որոշմամբ արգելվեց Ռուսաստանից մեր երկիր ռազմական տեխնիկայի և ռազմամթերքի տրանզիտը: Ըստ էության, արգելվեց Ռուսաստանից Հայաստանում տեղակայված` ՌԴ ռազմակայանի մատակարարումը: Ոմանք հակված են սրանում ամերիկյան հետք տեսնել: - Շնորհակալ եմ հարցի համար: Կարծում եմ` այն ամենն, ինչ այս առնչությամբ գրվում է հայաստանյան մամուլում, գրեթե ոչ մի կապ չունի իրականության հետ և պայմանավորված է միայն լրագրողների վատ աշխատանքով: Նրանք նշված իրադարձության մասին գրում են` առանց այդ առնչությամբ լրագրողական հետաքննություն անցկացնելու: Իսկ իրականությունը հետևյալն է. Վրաստանով սպառազինության տրանզիտի մասին Ռուսաստանի և Վրաստանի միջև պայմանագիրը կնքվել է 2006 թվականին` հինգ տարի ժամկետով: Ըստ այդմ, կես տարվա ընթացքում եթե կողմերից մեկը պայմանագիրը կասեցնելու մասին համապատասխան նամակ չի հղում մյուսին, պայմանագրի ժամկետն ավտոմատորեն երկարաձգվում է մեկ տարով: Ուղղակի հնարավոր չէր պատկերացնել, թե Վրաստանն ու Ռուսաստանը կարող են երկարաձգել այդ պայմանագրի ժամկետը: Ուրեմն` վերոհիշյալ տեղեկացումը չէր կարող չլինել: Եվ Վրաստանի խորհրդարանականները քվեարկել են այդ, այսպես ասած, տեխնիկական ակտի օգտին: Այդ քվեարկությունից անմիջապես հետո մի քանի ժամով Երևան ժամանեց Վրաստանի պաշտպանության նախարարը, որպեսզի ասի, որ այդ որոշումը Հայաստանի դեմ չէ: Նրա այցը, ըստ էության, քաղաքավարության ակտ էր: Իսկ այդ առնչությամբ մեզանում սկսված իրարանցումը բացատրվում է մեր ժուռնալիստիկայի և հասարակության իրավիճակով: Հայ հասարակությունը հակված է իրարանցման մեջ ընկնելով արձագանքել դրսից ստացվող գրեթե ցանկացած ազդանշանի: Եվ համանախագահների կամ մեր և Ադրբեջանի նախագահների հանդիպումները հանգեցնում են միևնույն արձագանքին` վե´րջ, Ղարաբաղը հանձնում են: Ղարաբաղը հանձնելու մասին ահազանգը ես լսել եմ դեռևս 1989թ.` Վոլսկու ժամանակներից:

Զրուցեց Արթուր ԴՈԽՈԼՅԱՆԸ