«Սպան բանակի ողնաշարն է»


Մեր զինված ուժերի շարքերը թեև համալրված են որակյալ ու բանիմաց կադրերով, այնուամենայնիվ, հասարակության մեջ սպայի կերպարի շուրջ որոշակի կարծրատիպեր են ձևավորվել: Այս և այլ հարցերի քննարկմանն էր նվիրված «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության և ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետ համատեղ քննարկումը` «Սպայի նկարագրի առանձնահատկությունների ձևավորումը բանակում և հասարակության մեջ» խորագրով: «Զինվորի մայր» ՀԿ¬ն, մտահոգված լինելով սպայի նկատմամբ հասարակության մեջ ձևավորված կարծիքով, մի շարք նախաձեռնություններ է հեղինակել` ուղղված բանակում սպա¬զինվոր փոխհարաբերությունների բարելավմանը, տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի կայունացմանը և այլն: Կազմակերպված քննարկումը ևս մի քայլ էր այդ ճանապարհին: - Ամենակարևորն այն է, որ մեր սպայական կազմն այնքան պատրաստված լինի, որպեսզի կարողանանք հանգիստ ասել` մեր սպան իսկական սպա է: Նրանք պետք է հասարակության կողմից ամենասիրված խավը լինեն, պետք է զգան, որ գնահատված են: Այս վերաբերմունքն ամենուր պիտի լինի: Սպաներն էլ իրենց հերթին պիտի գիտակցեն, որ իրենց պահվածքով հասարակության մեջ կարծիք են ձևավորում Հայոց բանակի մասին և պատասխանատվություն են ստանձնում նույն այդ հասարակության առջև,¬ ասում է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Գրետա Միրզոյանը: Ռազմական ուսումնական հաստատությունը հենց այն դարբնոցն է, որտեղ կոփվում, ձևավորվում և անհրաժեշտ գիտելիքներով է զինվում ապագա սպան: Վ. Սարգսյանի ռազմական ինստիտուտն իր մեծ ներդրումն ունի զինված ուժերի շարքերը որակյալ մասնագետներով համալրելու գործում: Քննարկմանը ներկա` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան մաքուր ու անսխալ հայերենով ներկայացրեց իր ելույթը. - Քննարկվող թեման արդիական է շատ երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Հազիվ թե որևէ մեկի կողմից վիճարկվի այն հարցը, որ բարձրակարգ և գաղափարապես ամուր պատրաստված սպան բանակի ողնաշարն է: ԵԱՀԿ ծրագրերի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ գոյություն ունի ուղղակի կապ` մի կողմից կրթության մակարդակի, սպայի մեջ առաջնորդի հատկություններ ձևավորելու, մյուս կողմից` բանակում կարգապահության և բարոյա-հոգեբա նական մթնոլորտի միջև: Դրանից էլ բխում է, որ ուսումնական ծրագրերի որակը` որպես սպայական կադրերի պատրաստման ընդհանուր համակարգ, խիստ կարևոր գործոն է արժեքների ինստիտուտի ձևավորման և կայացման գործում: Կարևոր գործոն է նաև սոցիալական պաշտպանվածությունը: Համոզված եմ, որ ՀՀ Պաշտպանության նախարար պարոն Օհանյանը մեծապես գիտակցում է այս հարցերի կարևորությունը և դրանք համարում իրականացվող բարեփոխումների անկյունաքարը: Ուզում եմ նաև նշել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը բանակում մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում ակտիվորեն համագործակցում է նախարարության հետ: Որակյալ ու բանիմաց սպաների պատրաստման գործում, անշուշտ, մեծ է ռազմական ուսումնական հաստատությունների դերը: Դրանց ստեղծման պատմությանը, ռազմաուսումնական կրթական համակարգին և այլ հարցերի անդրադարձավ ՀՀ ՊՆ Կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը` «Սպայի կայացման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների համատեքստում» թեմայով զեկույցում: Երբ մեր երկրում ձևավորվեց այսօրվա գործող բուհական համակարգը, բացվեցին նաև ՀՀ ռազմաուսումնական հաստատությունները: Կազմավորվեց բարձրագույն սպայական ուսումնարանը, որը վերանվանվեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Գրեթե զուգահեռ ձևավորվեց նաև մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, որտեղ պատրաստում են ռազմաօդային ուժերի, ՀՕՊ¬ի և Կապի զորքերի համար անհրաժեշտ մասնագետներ: Քանի որ Հայաստանի կողմից վավերացվել են Բոլոնյան կրթական ծրագրերը, ռազմաուսումնական կրթական համակարգը չի կարող զերծ մնալ այս փոփոխությունից: - Որպեսզի զինված ուժերի ստորաբաժանումները համալրվեն բանիմաց մասնագետներով, անհրաժեշտ է ունենալ սպայական կադրերի պատրաստման, վերապատրաստման, որակավորման բարձրացման հայեցակարգային մոտեցումներ: Հայեցակարգի դրույթներով առաջնորդվելը հնարավորություն է ընձեռում արդյունավետ ղեկավարելու ռազմական կրթության համակարգը, որն էլ իր հերթին կապահովի սպայական կադրերի մարտունակությունը, մասնագիտական բարձր պատրաստությունը,¬ փաստեց Մհեր Շիրինյանը: Ռազմական կրթական համակարգը ոլորտի պատասխանատուների անմիջական ուշադրության կենտրոնում է: Իսկ կատարվող բարեփոխումներն ու հեռանկարները` տեսանելի: