1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, թե խորհրդարանական ընտրություններին ինքն այնուամենայնիվ միայնակ է մասնակցելու: Միանգամայն օրինաչափ այս որոշումը զարմանալիորեն նոր քննարկումների առիթ է դարձել` վերստին թարմացնելու փորձեր անելով ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների իսպառ մոռացված թեման: Սակայն կոալիցիոն զույգին նոր հակասություններ վերագրելն այլևս ապարդյուն ջանքեր կլինեն: Այլ հարց է, որ Բարգավաճի վերջին հայտարարությունը պետք է որ կատարելապես հիասթափության մատնի կողմերից երրորդին` Օրինաց Երկրին: Ինչպես հայտնի է, առաջատար զույգին կցվելով, և խորհրդարանում ոչ համեստ թվաքանակով խմբակցություն ունենալու հեռանկարով այս քաղուժը չափից ավելի շատ էր շահագրգռված: Եվ որքան էլ նրա համար ԲՀԿ¬ի անելիքի պարզորոշ դառնալը ձեռնտու չլինի, այսուհանդերձ, առաջիկա մեկ տարին երբեմն ընդդիմադիր ներկայանալ փորձող այս միավորն առանց խնամակալության հազիվ թե Ազգային ժողովում հայտնվի: Եվ ստացվում է, որ այս ընտրություններից առաջ Օրինաց Երկրի քաղաքական ապագան Բարգավաճ Հայաստանի դիրքորոշմամբ էր պայմանավորված: ՕԵԿ¬ը, բնականաբար, կոալիցիայից չի կարող հեռանալ, առավել ևս` նոր «տանիք» որոնել: Ինչ վերաբերում է ԲՀԿ¬ին, ապա վերջինիս նպատակը ո´չ ՕԵԿ¬ին խորհրդարանից դուրս մղելն է, ո´չ էլ Հանրապետականի հետ նույն ցուցակներով քվեարկվելը: Ի վերջո, երկրորդը համարվող ուժեղագույն քաղաքական միավորը կարող է միայնակ մասնակցել ընտրություններին և երկրորդը դառնալ նոր խորհրդարանում: