ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՆՈՐ «ԲԱՐՁՐԱԿԵՏ»


Երկու տարի առաջ, երբ Գյումրիում տեղի ունեցավ կառավարության արտագնա նիստ, ՕԵԿ-ական պատգամավոր, ԱԺ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարգարյան Հովհաննեսն առաջարկեց… ՀՀ մշակույթի նախարարությունը տեղափոխել Գյումրի: Այդ առաջարկությունը մի քանիսի մոտ ոգևորություն ծնեց, բայց շատերն այն համարեցին տվյալ կուսակցության հերթական պոպ ուլիստական հղացումը: Մարգարյան Հովհաննեսի` առավել ևս, որովհետև հայրենի քաղաքում լիովին հեղինակազրկված կուսակցության պատիվը փրկելու համար հարկավոր էր դիմել արդեն փորձված «մեթոդների»: Ժամանակ անցավ, ու շատերը մոռացան օրապակաս առաջարկության մասին, որը զուրկ էր հիմնավորվածությունից, մարտավարական և ռազմավարական բացատրությունից: Պարզվեց, սակայն, որ Մարգարյան Հովհաննեսն ու նրա կուսակցությունը համառորեն շարունակում են առաջ մղել հակաթեզը` չհասկանալով, թե ինչ վնաս են հասցնում ազգային մշակույթին: Օրերս «Շիրակ» միության ընդհանուր ժողովի ժամանակ ելույթ ունենալով, ԱԺ պատգամավորը հայտարարեց, թե արդեն իսկ կայացվել է որոշում` նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին: - Պատկերացնո՞ւմ եք, Գյումրիում կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր, քաղաքը կդառնա զբոսաշրջության կենտրոն, այստեղ կծաղկի մշակույթը,- հայտարարեց ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը. օրենսդիրը, ով պարտավոր է լավ իմանալ ցանկացած նախարարության գործառույթներն ու նշանակությունը: Դահլիճում նստածներից մեկը, լսելով պատգամավորի խանդավառ ելույթը, ասաց. - Մի նոր Վասյուկի էլ սա է կառուցում… Զավեշտի ու կատակի մասին չխոսելով, մեզ անհանգստացրեց հատկապես այն հայտարարությունը, թե` որոշումն արդեն կայացվել է: Մենք պաշտոնական տեղեկագրերում և կառավարության կայքերում փնտրեցինք նման որոշում և ուրախացանք` չգտնելով: Նման որոշումն աղետաբեր կլիներ մշակույթի կառավարման համար, այն կհաստատեր խորը գավառայնությունն ու դիլետանտիզմը, որի դեմ պայքարում ենք: 2003 թվականից Մշակույթի նախարարներ կարգելով Թամար Պողոսյանին, Հովիկ Հովեյանին, ապա արդեն` Գևորգ Գևորգյանին, ՕԵԿ-ն ահռելի վնաս հասցրեց ազգային մշակույթին, հիմնավորեց մի այնպիսի կադրային քաղաքականություն, որի արդյուն քում քարտուղարուհիները տնօրեններ դարձան, կիսագրագետ զուռնաչիներն «օծվեցին» վարչությունների պետեր: Ու հիմա, կարծես չբավարարվելով այդ ավերածություն ներով, ՕԵԿ-ը կամենում է խորացնել դրանք ու վերջնականապես հարված հասցնել կառավարման մի ոլորտի, որը չի կարող գործել մայրաքաղաքից դուրս` զատված ընդհանուր մշակութային զարգացումներից, ակտիվ մշակութային-գեղարվեստական կյանքից: Մայրաքաղաքում են կուտակված երկրի գլխավոր մշակութային օջախները, այստե´ղ է գեղարվեստական ընտրանին, մայրաքաղաքն ապահովված է մշակույթի կառավարման որակյալ կադրերով, ուստի «աշխատատեղերի» հերթապահ հարցեր չէ, որ պետք է լուծվեն: ՕԵԿ-ն այս բոլոր տարիների ընթացքում ոչինչ չարեց, որպեսզի Գյումրու մշակութային կյանքը հարստանա, լուծվեն արվեստի օջախների առջև կանգնած բարդագույն խնդիրները, գոնե մեկ գրադարան կամ երաժշտական դպրոց կառուցվի, մարզային գրադարանը դուրս գա ողորմելի վիճակից` կործանումից փրկելով հազարավոր գրքեր: ՕԵԿ անդամ ոչ մի պատգամավոր մինչև օրս ԱԺ-ում որևէ հարց չի հնչեցրել մշակույթի մասին ընդհանրապես և Գյումրու գեղարվեստական կյանքի մասին` մասնավորապես: Այս օրերին, երբ Գյումրուց դուրս են տարվում Մինաս Ավետիսյանի որմնանկարները` քաղաքը զրկելով նրա գեղարվեստական հարստությունից` Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխող Մարգարյան Հովհաննեսը չի կամենում միանալ իր հարյուրավոր համաքաղաքացիներին, բողոքի ձայն հնչեցնել, ԱԺ ամբիոնից դատապարտել հակաօրինական որոշումը: Ուրեմն, ինչու՞ է հանկարծ «մշակութասեր» ու «գյումրիասեր» դարձել և կամենում է Մշակույթի նախարարությունը տեսնել իր հայրենի քաղաքում: Հավանաբար, իրենց կուսակցության մի քանի տասնյակ պարապ անդամների համար աշխատատեղեր է փնտրում, կամենում է մշակույթից հազարավոր մղոններ հեռու կանգնած իր հարազատներին աշխատանքով ապահովել ու նաև` իրականություն դարձնել ՕԵԿ «բյուրեղապակյա» երազանքը` «էգ առյուծ» Բիշարյան Հեղինեին, ում դիտած վերջին ներկայացումը, հավանաբար, մանկապարտեզի բեմում «Կարմիր գլխարկն» է եղել` Մշակույթի նախարար կարգել… Գուցե ուշադրություն չդարձնեինք Մարգարյան Հովհաննեսի հայտարարությանը, եթե դրա վտանգավորության գործոնը չտեսնեինք: Հատկապես ԱԺ ընտրություններից առաջ, հնարավոր է, որ ինչ-որ մեկը ՕԵԿ-ի ամբիցիաներին բավարարում տալու համար, իսկապես նման որոշում կայացնի` չհասկանալով, որ դրանով թաղում է մեր մշակույթը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ