Դարաշրջանի ողբերգությունը


1848-ին Մարքսի ու Էնգելսի հրապարակած հանրահայտ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» սկսվում է «Մի ուրվական է շրջում Եվրոպայում» բառերով: Դարուկեսից ավելի է անցել, բայց այդ անտեսանելի ու կործանարար ուրվականը դեռ շրջում է: Կոմունիզմը եկավ էլ, գնաց էլ: Բայց ուրվականը մնաց: Դա արդեն հեղափոխությունների´ ուրվականն է: Եվ որտեղ նրա դեմքը երևում է` այնտեղ... արյուն է հոսում: Առատորեն ու անգթաբար: Այս անգամ ուրվականի երթն սկսվել է Հյուսիսային Աֆրիկայից և օրեցօր տարածվում է աշխարհով մեկ` Եգիպտոս, Թունիս, Լիբիա, Կոտ դ` Իվուար, Եմեն, Սիրիա... Հեղափոխությունների ալիքի ուղղակի սպառնալիքի տակ են Հորդանանը, Լիբանանը, Իրանը, Ադրբեջանը, Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններ: Այս անգամ կարգախոսը կոմունիզմ կառուցելու հեքիաթից պակաս հրապուրիչ չէ: Դա ժողովրդավարության` որպես լավագույն, արդարացի, իրավահավասար և ազատ մարդկանց հասարկություն կամ պետություն կառուցելու մասին հեքիաթն է: Իրականում, սակայն, այդպիսի իդեալական հասարակություն դեռ ոչ մի տեղ չի կառուցվել: Դա մարդկային հասարակության, սոցիալական կյանքի կազմակերպման չափազանց պարզունակ պատկերացում է: Եվ այդ պարզունակ պատկերացումները առավելաբար հատուկ են այն հասարակություններին կամ պետություններին, որոնք հասել են հարաբերական բարեկեցության: Այդպիսիներին թվում է, թե իրենց կենսակերպն ընդօրինակելով` մյուսները նույնպես կհասնեն «երանելի» վիճակի: Վերցնենք ամենատարրականը` բարեկեցությունը: Արդյո՞ք այս մոլորակի ամենահարուստ ու ամենաազդեցիկ պետության` Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության բոլոր խավերը հավասարաչափ ապահովված են: Իհա´րկե ոչ: 300 միլիոնանոց ԱՄՆ-ի առնվազն 10 տոկոսը կամ 30 միլիոնն ամեն Աստծո օր կիսաքաղց է քնում: Տասնյակ-միլիոնավորները տուն չունեն: Չեն էլ համարձակվում տուն ունենալու երազանք փայփայել: Հենց միայն սեփական բնակարան ունենալու ցուցանիշով մեր վիճակը կարծես վատ չէր: Բայց, ինչպես երևում է, կամաց-կամաց սկսում ենք դառնալ ԱՄՆ: Երեկոյան Հյուսիսային պողոտայում դժվար չէ տեսնել շքեղ շենքերի հարյուրավոր, նույնիսկ հազարավոր «կույր» լուսամուտներ: Դրանք երբեմնի Բյուզանդի փողոցի մասնավոր տների տեղում կառուցված էլիտար, բայց դատարկ շենքերի լուսամուտներն են: Ո՞ւմ համար են կառուցվել տվյալ էլիտարները: Վերցնենք այլ ոլորտ` մարդու իրավունքներն ու ազատությունները: Ամերիկայից, Եվրոպայից, այլևայլ միջազգային կառույցներից գալիս են ու փորձում են մեզ սովորեցնել, թե իբր մարդու համար չափազանց կարևոր է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով սեփական իշխանությունները ձևավորելու իրավունքից օգտվելը: Մենք դա գիտենք: Բայց պատմության մեջ քիչ չեն եղել արդար ու թափանցիկ ընտրություններով ձևավորված միանգամայն լեգիտիմ իշխանություններ, որոնք անհամար աղետներ են բերել թե´ սեփական ժողովրդի, թե´ համաշխարհային հանրության գլխին: Հիտլերը, Մուսսոլինին, Ֆրանկոն, Սալազարը, Տրուխիլյոն, Պինոչետը և սրանց մյուս «եղբայրակիցները», ինչ-ինչ, սակայն երբեք լեգիտիմության պակաս չեն ունեցել: Նրանք բոլորն էլ սկզբում անվերապահորեն վայելել են իրենց հասարակությունների մեծամասնության բացարձակ վստահությունը, վերջում արժանացել են գրեթե համընդհանուր նզովքի: Որովհետև աշխարհը կառավարում են ոչ թե օրենքն ու արդարությունը, այլ` շահե´րը: Իսկ շահերը գրեթե միշտ անարդարացի են լինում: Նա, ով իր երկրի պատմական զարգացման տվյալ փուլում ամենից ավելի է համապատասխանում հասարակության ակնկալիքներին, հենց նա էլ հայտնվում է պետության կառավարման ղեկի մոտ: Ճիշտ այդ կերպ Սպիտակ Տան Օվալաձև առանձնասենյակում հայտնվեց Բարաք Օբաման` ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին սևամորթ Նախագահը: Արդեն մեկնարկել է նախագահական նոր ընտրությունների քարոզարշավն այս երկրում: Բայց քիչ հավանական է, որ Օբաման վերընտրվի այդ պաշտոնում: Ինչո՞ւ: Որովհետև նա եղավ ու մնաց ամերիկյան «կյանքի տերերի»` մեծահարուստների շահերի արտահայտիչն ու պաշտպանը: Համաշխարհային ֆինանսատնտե սական ճգնաժամի մոլեգնության ամենաթունդ պահերին նրա մտահոգության կիզակետում նախ և առաջ խոշոր բիզնեսի, բանկային կապիտալի փրկությունն էր: Իսկ բանկային կապիտալը ամենապարազիտայինն է բոլոր բիզնեսների մեջ: Օբաման մի այլ խնդիր էլ լուծեց` ցույց տվեց, որ ամերիկյան հասարակությունն արդեն հաղթահարել է ռասայական խտրականությունը, վեր է կանգնած մարդուն մաշկի գույնով գնահատելու նախապաշարմունքից: Մնացած ամեն ինչում նա ոչ մի առանձնահատկությամբ աչքի չընկավ` վարեց ու վարում է ամբողջ մոլորակում ամերիկյան գերիշխանություն հաստատելու քաղաքականություն, մղում է ագրեսիվ, հաճախ ոչնչով չհիմնավորված պատերազմներ, խառնակում է ամբողջ աշխարհը: Հավելումն, իր բոլոր նախորդների նման` չի խորշում սեփական խոստումները դրժելու խայտառակությունից: Խոստացել էր, օրինակ, Նախագահ դառնալու դեպքում անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն անհարմար չզգաց այդ խոստումը չկատարել: Ընդսմին, շարունակ շեշտելով, թե «իր կարծիքը չի փոխել»: Եթե կարծիքը չի փոխել, ինչո՞ւ «ցեղասպանություն» բառաեզրը գործածելուց այդպես խուսափում է: Մի՞թե ԱՄՆ-ի համար ամոթ չէ թուրքական հոխորտանքների առաջ ընկրկելը: Որքանո՞վ է ԱՄՆ-ի համար պատվաբեր` սերտ քաղաքական դաշինքի մեջ լինել ցեղասպանության ամոթը չթոթափած պետության հետ: Իսկ միգուցե Օբաման ավելի հեռու՞ն է տեսնում: Միգուցե իրո՞ք զգում է բուն Միացյալ Նահանգների փլուզման իրական սպառնալիքը և ձգտում է կանխել դա` թեկուզև սեփական խղճի հետ հակադրվելու գնով: Ամեն դեպքում` նրան չի կարելի դասել ամերիկյան «մեծ նախագահների» շարքին: Նա ո´չ Ֆրանկլին Ոուզվելտ է, ո´չ նույնիսկ... Ռոնալդ Ռեյգան: Հնարավոր է` դա ոչ այնքան ի´ր մեղքն է, որքան` ժամանակի: 21-րդ դարը, հավանաբար, այլևս չի հանդուրժում այնպիսի մեծությունների, որոնք հսկայական ազդեցություն են թողնում համաշխարհային պատմության վրա: Դարը մեծանում է, մարդիկ... փոքրանո˜ւմ: Եվ դա դարաշրջանի´ս ողբերգությունն է:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ