Հա՞ որ...


Հովիկ Աբրահամյանն Ազգային Ժողովի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ շատ ավելի իրատեսական քայլեր է ձեռնարկում: ԱԺ նախագահն երևի տարիների ընթացքում համոզվել է, որ նիստերի դահլիճը կատարելապես հիմնանորոգելն ընդամենը խորհրդարանի տեսքը կբարելավի, իսկ բովանդակության փոփոխությունը շատ ավելի լուրջ ջանքեր է պահանջելու: Եվ ահա առաջին քայլը կարծեք թե արվել է. ճիշտ է, «էվրիկա» գոչելու կարիքը չկա, բայց ԱԺ նախագահը վերջապես որոշել է բացակայող պատգամավորների աշխատավարձերից համապատասխան պահումներ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալ: Պահվելիքն, անշուշտ, փոքր գումար չի լինի, չնայած հազիվ թե բոյկոտը նախընտրողների մշտապես լիքը գրպանն ու բարձր տրամադրությունը դրանից առանձնապես տուժեն: Միգուցե անպարտաճանաչ երեսփոխաններին կարգի հրավիրելու այս քայլը հանրությա՞նն ավելի շատ ոգևորի: Ի վերջո, նմանները շարքային հարկատուների վճարումներից են սնվում: Բոլոր դեպքերում, մեր խորհրդարանը վաղուց է մանկապարտեզի նմանվել, ու թույլից չափավոր պատժամիջոցների «տեսականու» ընդլայնումը, հաստա´տ, անարդյունք չի կարող մնալ: Առաջիկայում ավելի ազդեցիկ միջոցներ նույնպես կարելի է որոնել. դիցուք` բոյկոտել սիրողներին ընդհանրապես զրկել մանդատից: Ի՞նչ կա որ…