Նախընտրական ուրախ լուրեր


 

J Մեր ընտրատարածքում տեղի ունեցավ պատգամավորության թեկնածուի հանդիպումը ընտրողների հետ: Թեկնածուն ասելիք չուներ, խնդրեց, որ իրեն հարցեր տան, որոնց սիրով պատասխանեց նրա վստահված անձը:

J Հաջորդ ընտրատարածքում նախատեսված հանդիպումը չկայացավ` ընտրողների մեծամասնության բացակայության պատճառով: Թեկնածուն գոհ և ուրախ վերադարձավ տուն…

J Ընտրությունների հաջողությունն ապահովելու համար ասֆալտապատվեցին ու վերացվեցին ընտրատարածքի խորդուբորդությունները: Այնպես որ, կարելի է վստահորեն ասել, որ թեկնածուների շքեղ ավտոմեքենաները չեն ընկնի փոսերը:

J Մյուս ընտրատարածքի ընտրողները խորին երախտագիտությամբ ընդունեցին իրենց թեկնածուի ընտրամարդասիրական օգնությունը: Կարելի է նորից վստահորեն ասել, որ ընտրողները լավության տակ չեն մնա: «Ձեռքը ձեռք է լվանում»-ասում է ժողովրդական առածը:

Տողեր նախընտրական ելույթներից

«Երեկվա և այսօր աշխատանքներիս մասին ասելու բան չունեմ, ապագա գործերիս մասին` ինչքան ուզեք…»:

«Ձայն տվեք, որ ես ձեզանից շնորհակալ լինեմ»:

«Ժողովո˜ւրդ, շնորհակալություն, որ ուշադրություն դարձրիք իմ վրա և մի քիչ ճանաչեցիք ինձ»:

«Ժողովուրդ ջան, ամեն ինչի ղեկավար կարող եմ լինել»:

***

Ընտրությունն ավելի շատ պարտականություն է ենթադրում, քան իրավունք: Այս առիթով կարելի է հիշել աֆրիկյան ցեղապետերի ընտրությունը: Քանի որ նրանց մոտ ղեըավար լինելը շատ ծանր պարտականություն է, թեկնածուն ակամա խուսափում է, և ցեղախումբը հետապնդում է ապագա պետին: Բռնում են` ծեծելով առաջնորդ կարգում ու նույն պահին էլ ոտքերն ընկնում, երկրպագում: