Զեփյուռ, բարև տար իմ յարին...

(«ԱԺ-ի ուժի էժան ուժը» շարքից)


 

Հարությունն իր տրամադրությունը բարձրացնելու համար հիվանդ-հիվանդ երգեց. «Զեփյուռ, բարև տար իմ յարին, գարնան արև տար իմ յարին...»: Երգի ուրախ նոտայից պալատ մտավ տիկին Զեփյուռը:

- Հարություն, ինձ կանչեցի՞ր:

- Չէ... Բայց ոնց որ` հա´: Զեփյուռ ջան, լավ կլինի, որ հիվանդանոցից դուրս գրվեմ, համ էլ էս ծախսերից կթեթևանանք: Տանը ձրի կպառկեմ, պալատի վճարելիք փողը կտանք դեղերի, տան պատերն էլ չեն մերժի, իրենց հերթին կօգնեն: Թե չէ դու էլ գիտես, սրան փող տուր, նրան փող տուր, ինչո՞ւ, մենք փո՞ղ ենք տպում... Տանը կհետևեմ` Առողջապահությունը ընթացք տվե՞ց դիմում-խնդրանքիս: Սրիկաները մի քիչ գումար չեն տալիս բուժմանս... Սրանք էլ քաղաքապետարանի առբաժնի պես անմարդկային չվարվեն: Դրանք իրար բերան թքած ունեն, իսկ երբ իրար բերան են թքում` դա հակահիգիենիկ է:

- Այ մարդ, բա սհենց կիսաբուժված քեզ տուն տանե՞մ, գլխավոր բժիշկը դեմ է:

- Էստեղ հիվանդ ունենալն իրենց օգտի համար է: Շատ հիվանդներ վախից, փողի պակասից չեն գալիս, ով էլ միամիտ իրենց թակարդն է ընկնում` գռփում են ու գռփում:

***

...Երկու օրից ԱԺ-ի ընտրություններն էին: Զեփյուռի ընտրվելու հավանականությունը մեծ էր: Այդ դեպքում հաջողությունը կժպտար. տունն ու դուռը փողով կլցվեր: Ուրախության 9-րդ ալիքն այնքան հզոր էր, որ տակովն արավ Հարությունին: Թվում էր` ալիքների մեջ խեղդվում է, թևերն անզորությունից թափահարում էր, չէր կարողանում օգնություն կանչել:

Երբ շտապօգնության բժիշկները ժամանեցին, հարևանի ասպիրանտ տղան խելոք միտք հայտնեց.

- Այս անսիստեմ երկրում, քիչ թե շատ այստեղ ձեր սիստեմը գործ կանի, միացրեք սիստեմը...

Էստեղ թող բժիշկները զբաղվեն մահամերձ Հարությունին էն աշխարհից հետ բերելու գործով, իսկ մենք լուր առնենք, թե ի՞նչ է նա անում էն աշխարհում:

Ննջեցյալները, որ մինչ այդ քաղցր ննջում էին, Հարությունի գալու առթիվ արթնացան ու ծափահարեցին: Հյուրն անակնկալ ընդունելությունից զգացված` լռելու նշան արեց.

- Հարգելի հանգուցյալներ, ԱԺ-ի ընտրությունների նախաշեմին ենք... Այս օրերին ձեր` ննջեցյալներիդ աշխուժացումը անհրաժեշտ է դառնում, ընտրողների պահանջը մեծանում է, դրա համար էլ մենք դիմում ենք ներկա և անցյալ հայ ժողովրդին:

Դուք մեզ տալիս եք երկրորդ շնչառություն...

- Մենք անցյալ ենք, ինչպե՞ս կմասնակցենք:

- Անհոգ մնացեք, ընտրացուցակներում ձեր բոլորի անունները կան: Դուք ապրողներին հավասար կգնաք և ձեր քաղաքացիական պարտքը կկատարեք` կընտրեք իմ Զեփյուռին: Խնդրանքս էն է, որ գլուխ պահող չըլի, ամենամեռածն էլ գա ընտրության:

- Ախր ո՞նց գնանք, բա մեռած չե՞նք, մահից հետո էլ ի՞նչ գործ, մեռած մարդու ընտրածն ի՞նչ պիտի լինի:

- Ախր, սիրելի հանգուցյալներ, կյանքն առաջ է գնում. դիտորդները ձեզ չեն նկատի: Ընտրատեղամասում ձեզ ընտրաթերթիկ կտան: Օգնության կարգով թերթիկը ձեր փոխարեն կտանեն ընտրախցիկ, ձեր փոխարեն կընտրեն, ապա կգցեն թափանցիկ քվեատուփը: Չէ, չէ, մի ծիծաղեք, դա իսկապես թափանցիկ է: Այդ ամենն այնպիսի ժողովրդավարական հունով կգնա, որ ոչ միայն արտասահմանյան, այլև մեր դիտորդներն էլ չեն նկատի` ո՞վ է մեռածը, ո՞վ կենդանին: Եվ մամուլն ու հեռուստառադիոալիքները կշնորհավորեն` ընտրություններն անցել են առանց միջադեպերի և առանց ընտրախախտումների:

- Ախպեր Հարություն, մեզ շատ բան պետք չէ. ոչ փող, ոչ պաշտոն, ոչ ավտո, ոչ դղյակ, ոչ էլ 5000 դրամ… Ու որ մեզ 4-5 տարին մեկ մարդատեղ եք դնում, ընտրությունների կանչում` մեր քեֆին քեֆ չի հասնում, գոհ ենք, ախպեր... Ռազ որ մեզ մեռած չեք համարում, մենք էլ մեր տեղից պիտի շարժվենք.

Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,

Թեկնածուներին մեր ձայնը տալով…

Մի մեռած ձայն խնդրեց.

- Պարոն Հարություն, ձեր հաջող հարությունից հետո կխնդրեինք մեր շահերը պաշտպանել. գերեզմանները փրկեք գողերի թալանից: Մեր ննջեցյալների մոտ գողությունը վերացված է: Ինչ էսպես-էնպես ձեռք էինք բերել` թողել ենք ձեզ… Իսկ մենք, որ համարվում ենք ԱԺ-ի էժան ուժ, ինչքան ձայն ունենք` մի մարդու պես կտանք ձեր տիկնոջը` Զեփյուռ Հովիկի Մնացյանի օգտին:

Մի աշխույժ հանգուցյալ ձայնեց.

- Հարգարժան Հարություն, ես կյանքում ոչ մի ընտրության չեմ գնացել, բայց քո ազիզ խաթեր համար հենց հիմա վեր եմ կենում` գնամ ընտրեմ Զեփյուռ Մնա...

- Այ մարդ, հո դու փոստի ձի չե՞ս, զսպիր քեզ, ընտրությունը վաղն է, Մուգուչ, էգուց...

- Ես իմ ձայնը գոռգոռալով եմ տալու, ոչ թե սուսուփուս,- ծղրտաց մի հայտնի քծնող, որ մեռավ, բայց էլի չէր պրծել քծնելուց:

Մի կույր կին էլ առանց ձայն խնդրելու խոսեց.

- Ես ցուցակի մեջ ոչ ի´մ անունն եմ տեսնելու, ոչ էլ իմ պատգամավորի. ստացվում է` կուրորեն եմ ընտրելու:

- Քուր ջան, կարծո՞ւմ ես մենք կուրորեն չե՞նք ընտրելու…

Եվ գրպանից հանելով Զեփյուռի լուսանկարը Հարությունը ցույց տվեց կույրին:

- Մեզ ցույց տվեք, նա չի տեսնում:

Տիկինը վիրավորվեց.

- Պատգամավորին պիտի հոգով ընտրել:

Մեկը գիժ-գիժ վրա տվեց.

- Ես ոչ մեկին էլ չեմ ընտրելու, ոչ մեկն էլ արժանի չէ, իրենց տված խոստումները չեն կատարում, թքած ունեն…

Հանգուցյալների դահլիճը ալեկոծվեց.

- Պատվարժան Հարություն, մի նեղվեք, մեր ընկերը հոգեպես անառողջ է, մեկ-մեկ է ճիշտ բաներ ասում, թող էդ մեկն էլ չմասնակցի, ազատ-անկախ ժողովրդավարական երկիր է...

***

Էլ ինչ Հարություն, որ այսպես հաջող այն աշխարհից առանց տրանսպորտի գնալ-գալուց հետո հարություն չառներ: Սենյակում, ուր պառկած էր նա, հանկարծ լույսը ուժեղացավ: Աստծո լույսը իր հետ կենդանություն բերեց հիվանդին:

Հարություն առած Հարությունը աչքերը պայծառ լույսից բացեց ու ցնծաց.

- Աչքդ լույս, տիկին Զեփյուռ, քեզ հաշվիր ընտրված: Էն աշխարհում քո օգտին խոսեցին ջերմ մթնոլորտում, բարձր մակարդակով անցկացրի քարոզարշավանքդ: Վաղը 100 հազարավոր հանգուցյալներ քեզ ձայն կտան: Այ կնիկ, հիմա մեզ ամեն կողմից բախտը կժպտա, ես լրիվ կապաքիվնեմ, տրամադրությունս, ձայնս կբացվի ու քեզ համար կերգեմ:

«Զեփյուռ բարև տար իմ յարին,

Կարմիր արև տար իմ յարին…»:

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ