Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆ


 

Հաճելի և հետաքրքիր զրուցակից է երգիչ, արվեստագետ Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով հավանաբար շատերին է հիացրել իր համեստ ու հավասարակշիռ պահվածքով, առաքինությամբ:

Հանրությանը նա ճանաչելի է իր ինքնատիպ, մեղմ, մեղեդային և մեր օրերում քիչ հանդիպող` ասելիք ունեցող երգերով: Արդի երգարվեստում այսօր, երբ շատ արժեքներ խեղաթյուրվում և արժեզրկվում են, նա չկորցրեց իր եսը` հավատարիմ մնալով իր սկզբունք ներին:

Ներկայումս աշխատում է նոր ձայնասկավառակի վրա` երաժշտական նոր ձևավորում և թարմ շունչ հաղորդելով Արթուր Գրիգորյանի` 70-ականների վերջերից մինչև 80-ականները գրված երգերին.

- Շատ եմ ուզում, որ այդ երգերն ապրեն: Դրանք այսօր էլ այնքան արդիական են, բայց չգիտես ինչու` մի կողմ ենք դրել: Ես այդ երգերի ներքո եմ մեծացել, դրանք ինձ ճիշտ ճանապարհ են ցույց տվել, ճիշտ ուղիով առաջնորդել: Երբեմն ասում են` այսօր քիչ եմ երգում, տեսահոլովակներ չունեմ, սակայն դա ինձ բնավ չի հետաքրքրում: Իմ կարծիքով` ամենակարևորը երաժիշտի համար ինքն իրեն չխաբելն է: Երբ չես խաբում ինքդ քեզ, չես ստում նաև ուրիշներին, ամեն ինչ մաքուր ու ճիշտ է լինում: Ամենակարևոր մրցանակն ինձ համար բարի համբավն է, - համոզված է երգիչը:

Շուտով յուրաքանչյուր շաբաթ եթեր կհեռարձակվի նաև Տիգրան Պետրոսյանի` համաշխարհային երաժիշտների մասին պատմող հեղինակային ռադիոհաղորդումը:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Ամենադժվարը կյանքում ցուրտ ու մութ տարիներն էին` մանավանդ երեխայիս ծնվելուց հետո: Դրանք ամենասարսափելի ու դաժան տարիներն էին` և ոչ միայն իմ, ընտանիքիս, հարազատներիս, կարծում եմ` նաև մեր ողջ ազգի համար: Փառք Աստծո, մնացին անցյալում, բայց հետևանքներ թողեցին իհարկե: Այսօր մարդկանց տառապեցնող տարբեր հիվանդություններ, այդ թվում և կաթվածը, կարծում եմ` նաև այդ տարիների հետևանքն է: Բացի դրանից` այդ ժամանակահատվածում շատ քիչ մարդիկ կրթություն ստացան, կամ առհասարակ կարդացին: Մոմի կամ ճրագի լույսի տակ կարդալը հեշտ չէ: Հիմա, երբ նայում եմ մեր երեխաներին, ովքեր այդ ժամանակահատվածում պետք է սովորեին ու չսովորեցին` ցավ եմ ապրում: Շատերը գնացին երկրից, մտավորականություն կորցրեցինք, լավ երաժիշտներ, նկարիչներ: Ազգովի տուժեցինք այդ տարիներին. երկրաշարժ, ապա` Սումգայիթ, Արցախյան պատերազմ և 90-ականներ, երբ ամեն ինչ անում էինք, որ գոնե գոյատևեինք: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին մարդիկ առավոտից հացի գործարանի դիմաց գետնին նստած քնում` իրենց հերթին սպասելով: Դառը հուշեր են: Անգամ թշնամուս չէի ցանկանա այդպիսի օրեր ապրել:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակն` ըստ Ձեզ:

- Եթե հայ չլինեի, կցանկանայի ճապոնացի լինել: Սիրում եմ նրանց մշակույթը, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել եմ և պետք է ասեմ` շատ է գրավում: Կարծում եմ` ապագայում հաստատ կգնամ այնտեղ` որոշ ժամանակով իհարկե: Համոզված եմ` երբ ազգը չի դավաճանում իր մշակույթին, ավանդույթներին, շատ հզոր է: Հենց դրանում է թաքնված ճապոնացիների հզորության գաղտնիքը: Երկրաշարժից ընդամենը մեկ տարի անց նրանք արդեն ոտքի են կանգնել: Այս ժողովուրդն ունի իր մշակույթը, փիլիսոփայությունը, առաջադիմությունը և ի տարբերություն մեզ` ծույլ չէ: Մեր խնդիրն այն է, որ չենք սիրում սովորել, ճանաչել մշակույթը: Շատերը չգիտեն համաշխարհային մեծությունների մասին: Չգիտեն ով է Գոյան, չգիտեն ով է Չայկովսկին կամ Ռախմանինովը, Բախը: Մենք հիմա դասական երաժշտությունից շատ ենք հեռացել, ինչը ցավալի է: Իսկ ճապոնացիներն իրենցը մինչ օրս պահում են, բայց քայլում են առաջ: Ցավում եմ, որ հեռացել ենք մեր արժեքներից: Մենք հիմա բոլորս, առաջին հերթին հեռուստատեսությունն, ապրում ենք «ռեյտինգ» բառով: Շատ սարսափելի երևույթ է: Եթե չկա այդ «ռեյտինգ» կոչվածը, ծրագիրը չի հեռարձակվի, բայց չէ՞ որ հենց նրանք պետք է ճաշակ թելադրեն: Իսկ այն, ինչ կատարվում է երաժշտության հետ, ցավալի է պարզապես: Մարդիկ հանձնվում են և անում են այն, ինչ պահանջում է «ռեյտինգը». այսինքն` այն, ինչն ավելի հասանելի ու հեշտ է: Երգիչը և առհասարակ այն մարդը, ով բեմի վրա է, պետք է մտածի, թե ինչ է ինքը տալիս, ինչ են իրենից սովորում: Բայց հիմա մտածում են միայն, թե ինչքան գումար կարելի է վաստակել: Ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ դրան երբեք չեմ գնա: Դա նույնն է, ինչ ինքդ քեզ խաբելը:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Երբեք չեմ մտածել այդ մասին: Երևի չկա այդպիսի բան: Միշտ ասում են` դու հաջողության չես հասնում, որովհետև ինչ մտածում, ասում ես: Դա ճիշտ է. թաքցնելու ոչինչ չունեմ: Այս հարցը երևի հասցեագրված չէ ինձ:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Տիեզերքը: Երբ աստղերին եմ նայում, անգամ դրանց չափը չեմ կարողանում պատկերացնել: Շատ անպատասխան հարցեր կան, որոնց պատասխանները կուզենայի իմանալ:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Քանի որ դժվարանում եմ զավեշտալի դեպք հիշել, պարզապես կպատմեմ նշանակալի իրադարձություն իմ կյանքից: 1995-ին ընդունվեցի Երգի պետական թատրոն: Մինչ այդ առիթ եղել էր հանդիպելու Արթուր Գրիգորյանի հետ: Ընդունվելուց հետո կյանքս լիովին փոխվեց: Շատ բան եմ սովորել նրանից, սովորում եմ մինչ օրս: Եվ շնորհակալ եմ Աստծուն, որ մեր ճանապարհները համընկան: Իսկապես շատ բան հասկացա. մասնավորապես` բեմ հարգելու, բեմին մոտենալու էթիկան: Կարծում եմ` բեմ բարձրացող մարդն էլ պիտի հետևի էթիկայի որոշակի կանոնների: Օրինակ` Ժամացույցով բեմ բարձրանալ չի կարելի: Այն պարզապես անհամատեղելի է, որևէ առնչություն չունեն բեմը և ժամացույցը: Տրամաբությունը չկա: Չի կարելի դրսի կոշիկներով, հագուստով բեմ բարձրանալ: Այնտեղ պիտի ուրիշ մարդ լինես: Հակառակ դեպքում` ոչ միայն բեմը չես հարգում, նախևառաջ քեզ չես հարգում և դիմացդ նստած մարդուն, ով նայում է քեզ ու տեսնում է քո կոշիկների կրունկների փոշին: Շատերը չգիտեն այդ մասին, ինչն իհարկե ցավալի է:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Հիշում եմ մանկությանս բոլոր տաքուկ կտորները: Դրանք հիմնականում կապված են հորաքրոջս հետ, ով ցավոք, մահացել է: Ռուսաց լեզվի և գրականության ուսուչուհի էր: Շատ էի սիրում նրան: Ինձ համար նա մի գեղեցիկ հուշ է: Ես 3 տարեկանում «Եվգենի Օնեգին» էի արտասանում. հորաքույրս էր սովորեցրել: Հիշում եմ` ամեն առավոտ, նախաճաշից հետո Կիսլովոդսկում գնում էինք այգի` զբոսնելու: Մեզ հետ շոկոլադ էինք վերցնում և անպայման «Բելոչկա»: Եղևնիների տակ նստում էինք, շոկոլադը բացում և սպասում` մինչև սկյուռիկներն իջնեն, վերցնեն: Իմ գաղափարն էր, որ անպայման «Բելոչկա» շոկոլադով հյուրասիրեինք սկյուռիկներին, ոչ թե մեկ այլ: Հիշում եմ իմ մեծ, կարմիր «Զիլ» մակնիշի խաղալիք մեքենան` լույսերով, ջրի շիթերով, գրեթե իմ չափերին էր: Այդ տարիներին երազում էի հրշեջ դառնալ: Եվ պատանեկության տարիքից հիշում եմ այն պահերը, երբ կարդում էի Ալեքսանդր Դյումայի «3 հրացանակիրները»: Իմ ամենասիրած գրքերից մեկն է: Ինձ համար տղամարդկությունը, բարությունն, անձնվիրությունը, մարդու ասպետ տեսակ լինելը խտացված են հենց այդ հերոսների մեջ: Մինչ օրս ես այդ գրքով եմ ապրում: Այդ չափանիշներն առաջնային են ինձ համար` պատիվ, տղամարդկություն, հարգանք` կանանց, մեծահասակների նկատմամբ: Դրանք արմատավորվել են իմ մեջ, և տղամարդու` հակառակ պահվածքը շատ խորթ է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ