ՄԵՂԱՎՈՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԵՆ


 

Բառացիորեն երկու օր առաջ մենք Շուշիում էինք, հմայված նայում էինք նոր կառուցվող շենքերին, սոցիալ-մշակութային նշանակության շինություններին: Քաղաքի ազատագրման 20-ամյակը ոգևորել է շատերին, պարտադրել նոր թափ հաղորդել կառուցումներին: Ոգևորված են նաև շատ հայաստանցիներ, ովքեր այս օրերին ուխտագնացություններ են կազմակերպում, իրենց այցերով հաստատում այն իրողությունը, որ Այսրկովկասի հնագույն քաղաքներից մեկը և հայ մշակույթի կարևորագույն կենտրոններից հանդիսացող Շուշին միշտ մեր ուշադրության կենտրոնում է:

Այս իրադարձությունների խորապատկերին` իրենց ակտիվությունն են ցուցաբերում նաև ադրբեջանցի շատ պատգամավորներ և քաղաքական գործիչներ, որոնք առաջարկում են... Շուշին հայտարարել Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաք:

- Շուշին մեր մշակութային մայրաքաղաքն է, սակայն այն որպես երկրորդ մայրաքաղաք հռչակելը ևս շատ կարևոր է,- ասել է պատգամավորներից մեկը:

Ադրբեջանցիների այս նկրտումները և պատերազմի միջոցով Ղարաբաղն ու Շուշին կրկին բռնազավթելու վայրահաչությունները վկայում են, որ այս երկիրը տակավին օգտվում է մի շարք միջազգային կառույցների անգործությունից և անթաքույց հովանավո րությունից, ղարաբաղյան խնդրի հանդեպ ձևավորվող «տարօրինակ» վերաբերմունքից: Բազմաթիվ անգամներ է խոսվել ու գրվել, որ հատկապես միջազգային քաղաքական կառույցները, Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն չեն կամենում իրականության աչքերին նայել, չեն կամենում հաշվի նստել այն զորավոր փաստի հետ, որ Ղարաբաղի բռնակցումն Ադրբեջանին եղել է ինչպես միջազգային, այնպես էլ ԽՍՀՄ օրենքների կոպիտ ոտնահարմամբ, որ գործել է ոչ թե օրենսդիր կամ գործադիր մարմնի, այլ կուսակցական կառույցի որոշումը, ինչն, ըստ էության, առ ոչինչ է: Հենց այս փաստն արհամարհելով` միջազգային կառույցները շարունակում են անօգուտ ու անպտուղ բանակցություններ վարել, հայտարարություններ տարածել` հարցին վերջնական լուծում տալու փոխարեն: Ադրբեջանցիներն էլ իրենց հերթին ոգևորվում են հենց այս ամենով, միջազգային կառույցների միտումնավոր գործունեությամբ: Շուշին Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաք հայտարարելու ադրբեջանական զառանցանքն, իհարկե, չի կարող իրավական հետևանքներ ունենալ, սակայն այսպես այս երկիրն իր համար ինչ-որ «հենարաններ» է ստեղծում, իր համակիրների ուշադրությունը սևեռում իր իսկ կողմից իրականացվող քայլերին` հետագայում կեղծիքները որպես պատմական ճշմարտություններ ներկայացնելու «հիմքեր» ստեղծելու համար:

Ցավալի է, որ Ադրբեջանի միլի մեջլիսի այս նախաձեռնությունը չի արժանացել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ հայաստանյան խորհրդարանների ուշադրությանը, նրանցից ոչ մեկը հանդես չի´ եկել դատապարտող հայտարարությամբ, համաշխարհային հանրության և միջազգային կառույցների ուշադրությունը չի´ սևեռել այս քայլին: Մինչդեռ դա պահի և արդարության հրամայականն է:

Լ. Մ.