ՔԱՐՈԶԱՐՇԱՎ. Արշավ դեպի անդո՞ւնդ


 

Մոտենում են Ազգային ժողովի ընտրությունները: Գնում է թեժ ընտրապայքար ամենօրյա քարոզներով: Թվում էր, թե գոնե այս անգամ կգնա լուրջ խոսակցություն հանրապետության ներկա վիճակի մասին, կտրվի այդ վիճակի ճիշտ գնահատականը և կառաջարկվեն այն քայլերը, որոնք կնպաստեն վիճակի բարելավմանը: Իսկ ներկա վիճակը իսկապես մխիթարական չէ, եթե չօգտագործենք ավելի խիստ բառեր:

Իսկապես, ինչ է կատարվում հանրապետությունում: Արտահանում ենք մեկ միլիարդ դոլարի բարիք, ներմուծում ենք չորս միլիարդից ավելի: Որտեղի՞ց այդ ավելորդ երեք միլիարդը: Դրանք դրսից եկած փողեր են: Մի որոշ մասը մեզ տրվում են պարտքերի ձևով, իսկ հիմնական մասը օգնություններ են, որոնք ստանում են մեր քաղաքացիները իրենց հարազատներից, բարեկամներից, ընկերներից և այլն: Պաշտոնական շրջանակներում դրանք անվանում են տրանսֆերներ: Ես առանց քաշվելու դրանք կանվանեմ ողորմություն: Հանրապետությունում ստեղծվում են որոշ քանակությամբ բարիքներ, որոնք բավականացնում են բնակչության 30 %-ին: Մնացած 70 %-ը ապրում է ողորմություններով: Ոչ մեկին չեմ ուզում վիրավորել: Ես էլ դրանց շարքում եմ: Իսկ ինչպե՞ս կոչել ողորմություններով (թող լինի մասնակի) ապրողներին և նրանց պետությանը: Ամաչել պետք չէ` նրանք կոչվում են մուրացկաններ: Լավագույն դեպքում` մեծապատիվ մուրացկաններ:

Ի՞նչ է ստացվում: Հանրապետության 2 միլիոն բնակչությունը չի կարողանում ստեղծել իր գոյության համար անհրաժեշտ բարիքները: Մի՞թե սխալ կլինեն արտասահմանի մեր բարեկամները, եթե ասեն. «Բավական է մեզանից օգնություն խնդրեք, աշխատեք, ստեղծեք անհրաժեշտ քանակի բարիքներ, ապրեք ինչպես բոլոր երկրները, մոռացեք անգործությունը և մուրացկանությունը»: Եվ ճիշտ կասեն: Մի՞թե մեր ժողովուրդը անբան է կամ անշնորհք` աշխատանքի համար: Իհարկե ոչ: Եվ ինչպե՞ս է բաշխվում դրսից եկած 3 միլիարդ դոլարը հանրապետության բնակչության մեջ: Դրանք ուղիղ ճանապարհով (կամ` ոչ այնքան ուղիղ) գնում են Թուրքիա, Իրան, էմիրաթներ և այլ շատ երկրներ, վերածվելով ամենատարբեր էժանագին ապրանքների (որակյալ կամ անորակ, դա թողնենք մի կողմ) ու այստեղ վաճառվում անխիղճ գներով: Ու՞մ է գնում շահույթը: Իհարկե ներմուծող անհատներին: Այդտեղից էլ սարսափելի բեեռացումը:

Նախընտրական քարոզում այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասում:

Ադրբեջանի կամ Ոուսաստանի մասին խոսելիս միշտ ասում են, թե նրանք նավթ ունեն: Տպավորությունն այնպիսին է, կարծես մեր ընդերքում վակուում է:

Ոչ ոք չի ասում, թե ինչու մեր հանքարդյունաբերական կոմպլեքսը տալիս է բյուջեի ընդամենը 3 %-ը, թե ինչքան մոլիբդեն, ոսկի, պղինձ է արտահանվում: Չէ՞ որ 20 տարի առաջ արտադրվում էր տարեկան 4 տոննա ոսկի, մի քանի տասնյակ հազար տոննա մոլիբդենի խտանյութ, պղինձ և այլն: Դեռ ցարական Ռուսաստանի ժամանակ Հայաստանը տալիս էր ամբողջ կայսրության պղնձի 50 %-ը:

Ոչ ոք չի ասում, թե ինչու չեն աշխատում Երևանի և Գավառի կաբելների գործարանները, այն դեպքում, երբ 20 տարի առաջ արտադրված պղնձի 70 %-ն օգտագործում էին հենց այդ գործարաններում և արտահանում էին ոչ թե պղինձ, այլ մի քանի տասնյակ անգամ թանկ կաբել:

Ոչ ոք չի ասում, թե ինչու չի աշխատում «Նաիրիտ» գործարանը: Չէ որ վերջերս այդ գործարանի մի հոսքագիծը վաճառվեց Չինաստանին, և կարճ ժամանակում նրանք արդեն կաուչուկ են արտադրում: Թե՞ մեր հարգարժան համամասնականներին ձեռք է տալիս. թող գործարանն աստիճանաբար վաճառվի որպես մետաղի ջարդոն: Չէ՞ որ այդ գործարանի արտադրանքի հիման վրա կաշխատեին ավտոդողերի և ուրիշ շատ գործարաններ, ու զբաղված կլինեին հազարավոր աշխատողներ:

Ոչ ոք չի խոսում նաև Վանաձորի քիմկոմբինատի մասին, որն արտադրում էր ամենատարբեր պարարտանյութեր և կենցաղային շատ տիպերի արտադրանք, որոնք այժմ ներմուծում և ահռելի գներով վաճառում են խեղճ գյուղացիներին ու բնակչության մյուս խավերին:

Ոչ ոք չի ասում, թե ինչպես եղավ, որ 90-ական թվականների սկզբներին Հայաստանից մեկնում էին Թուրքիա` իրենց հետ արկղներով էլեկտրական լամպեր տանելով, բերում էին այնտեղից դոլարներ, իսկ այժմ գնում են դոլարները, գալիս են թուրքական լամպերը: Չէ՞ որ էլեկտրալամպերի գործարանն արտադրում էր ամենատարբեր լամպեր ամբողջ Սովետական Միության համար: Ցերեկային, փողոցային և բնակարանային լուսավորության համար այդ լամպերից որոշներն աշխատում են մինչ այժմ, չնայած իրենց ահռելի տարիքին, իսկ մենք այդ լամպերը ներմուծում ենք Չինաստանից, որոնք, ինչպես ժողովուրդն է ասում, շարքից դուրս են գալիս արևածաղկի սերմերի նման:

Ոչ ոք չի ասում, թե ինչու ենք ձեթ ներմուծում ամենատարբեր երկրներից, երբ Երևանի ձեթօճառի գործարանը լրիվ բավարարում էր 3.8 միլիոն բնակչությամբ Հայաստանի ձեթի պահանջը: Ու՞մ էր խանգարում այդ գործարանը:

Նույնը կարելի է ասել կոշիկի մասին: Հայաստանի կոշիկները լավ համբավ ունեին ամբողջ Սովետական Միությունում: Հումքի շուրջ 60 %-ը տալիս էր Երևանի կաշվի գործարանը: Այդ գործարանները կանգնած են (եթե, իհարկե, գոյություն ունեն և թալանված չեն): Ինչ է, Հայաստանի կովերն էլ կաշի չե՞ն տալիս: Ու՞ր է գնում այդ կաշին:

«Երազ» գործարանը լրիվ կապահովեր մեր միկրոավտոբուսների պահանջը, բայց այնտեղ գնում է բնակարանային շինարարություն, չգիտես թե ում համար:

Սպիտակի շաքարի գործարանը կարող էր լուծել բնակչության շաքարի խնդիրը: Այս մասին էլ քար լռություն է:

Ոչ ոք չի ասում, թե ինչու է խաղողագործությունը դարձել անօգուտ, հողերի 50-60 %-ը մնացել անմշակ: Ինչպես է, որ մեկ կիլոգրամը 120 դրամ արժողությամբ խաղողից ստացված 1 շիշ գինու արժեքը դառնում է 1500 դրամ: Ռուսաստանը Հայաստանի համար ալկոհոլային խմիչքի անսահման շուկա է, բայց ավաղ, այդ գներով նրանք չեն գնի: Նույնը և կոնյակների մասին:

Ռուսաստանում` Մոսկվայից մինչև Վլադիվոստոկ, ամեն տեղ կարելի է հանդիպել վրացական հանքային ջրերի: Ու՞ր մնացին Հայաստանի հանքային ջրերի արտահանողները: Մոսկվայի մի քանի հատուկ խանութներից բացի, հայկական հանքային ջուր չես գտնի:

Օրինակները կարելի է շարունակել անվերջ: Խոսենք պատճառների մասին, ավելի ճիշտ` թե ինչպես են հիմնավորում այս ամենը մեր ղեկավար այրերը և շուկայական տնտեսվարության մեր նորելուկ տեսաբանները:

Ասում են, թե պետությունը չպետք է խառնվի տնտեսությանը, քանի որ այն վատ տնտեսվարող է (երևի նկատի ունեն իրենց): Շուկան ամեն ինչ կկարգավորի: Տպավորությունն այնպիսին է, կարծես «շուկա» բառի վրա, ինչպես ժողովուրդն է ասում, բոլորը «խփնվել» են: Բայց դա առաջին հայացքից: Հարցը ավելի խորն է: Միգուցե գործ ունենք ղեկավար այրերի անճարակության հետ: Սակայն դժվար թե դա լինի հիմնական պատճառը: Շան գլուխը երևի ավելի խորն է թաղված: Եթե իշխանության դերը պետք է լինի բիզնեսին չխանգարելը, ապա չխանգարելու ամենալավ ձևը չլինելն է: Պետության դերը տնտեսության դեկավարման գործում պարզելու համար հիշեցնենք, որ դեռ 80-ական թվականներին Անգլիայի վարչապետը փորձեց սեփականաշնորհել երկրի հանքարդյունաբերությունը և հանդիպեց ահռելի դիմադրության: Իսկ մենք, լինելով 20 տարեկան պետություն, հանքարդյունաբերությունը հանձնել ենք չգիտես ում: Արտասահմանյան ֆիրմաները, որոնք գնում են մեր ունեցվածքը, իրենցից ներկայացնում են բաժնետիրական ընկերություններ, որոնց բաժնետերերի թիվը կարող է լինել մի քանի հարյուր հազար: Բաժնետերերի ժողովն ընտրում է ձեռնարկության համար տնօրեն, որը և ղեկավարում է տվյալ գործարանը: Երևանի կոնյակի գործարանի տնօրեն կնշանակեն ֆրանսիացիները, թե ՀՀ կառավարությունը, դրանից շատ բան չի փոխվի: Միայն շահույթի 18 %-ը նրանք մուծում են որպես շահութահարկ, մնացած 82 %-ը գնում է Ֆրանսիա: Այսպես նաև հանքարդյունաբերությունում և մնացած բնագավառներում:

Ո՞ր բիզնեսմենը, հարուստը կամ օլիգարխը կծախսի միլիոններ` գործարան կառուցելու և բարիք ստեղծելու համար, ստանալով տարեկան 10-15 % շահույթ. եթե այդ նույն գումարով ապրանք ներմուծելով, գումարը կկրկնապատկվի մի քանի անգամ` դառնալով գերշահույթ:

Մի քանի ամիս առաջ ՀՀ վարչապետը հեռուստատեսությամբ, կարծես զարմացած, հայտարարեց, որ դեղանյութեր ներմուծողները 2.5 անգամ թանկ են վաճառում դեղերը: Եթե զարմանքն արտահայտեր, օրինակ, Արգենտինայի որևէ զբոսաշրջիկ, ամեն ինչ հասկանալի կլիներ: Ստացվում է այնպես, որ կառավարության ղեկավարի հետ դա ոչ մի կապ չունի, նա միայն դիտորդ է: Անմիջապես հարց է առաջանում. ինչո՞ւ Առողջապահության նախարարությունն իր մի քանի հարյուր հաստիքներով չի կարող ներմուծել դեղորայք, իսկ ինչ-որ մի Գագո, Արթուր կամ Պետրոս դա կարող է անել: Չէ՞ որ դա Առողջապահության նախարարության անմիջական պարտականությունն է: Իսկ եթե ոչ, ապա ի՞նչն է նրա գոյության հիմնավորումը: Փող բաժանել` բայց որտեղի՞ց և ու՞մ: Թե՞ նրանք միայն քաղաքական գործիչներ են:

Նույն կերպ կարող ենք հարցնել, թե ինչո՞ւ պետությունը չի ներմուծում անհրաժեշտ քանակությամբ վառելիք, ցորեն և այլ կարևորագույն ապրանքներ` հետագայում դրանք բաշխելով մասնավոր խանութներին, լցակայաններին, դեղատներին` տնտեսապես հիմնավորված գներով:

Այս բոլոր և ուրիշ շատ հարցերի մասին քարոզարշավում խոսակցություններ չկան: Իսկ ի՞նչ են խոսում: Հիմնականում ակնհայտ լոզունգներ, որոնք արդեն տհաճություն են առաջացնում: Թվարկենք մի քանիսը.

Ստեղծենք նոր աշխատատեղեր: Զարգացնենք փոքր և միջին բիզնեսը: Ի՞նչ է դա, ոչ ոք չի ասում: Հայաստանի պայմաններում դրանք փոքր և մեծ առևտրի կետերն են, որտեղ վաճառվում են ուրիշների ստեղծած բարիքները, և մեր հայրենակիցների քրտինքով վաստակած դոլարները տրանսֆեր են կատարում դեպի Թուրքիա և Չինաստան: Թե՞ փոքր և միջին բիզնես ասելով` նկատի ունեն գյուղապրանքների վերամշակման այն փոքրիկ արտադրամասերը, որտեղ լոլիկից ստանում են տոմատի մածուկ, իսկ մեկ ուրիշը ջուր խառնելով` ստանում է տոմատի հյութ: Չէ՞ որ վերամշակվում է այնքան լոլիկ, որքան աճում է:

Առաջարկում են ցածր տոկոսներով վարկեր գյուղացիներին: Եթե 14 %-ը դառնա 10%, դա կլինի հարցի լուծում: Մի՞թե ամեն ինչ այդ 4%-ի մեջ է, և ինչո՞ւ պետք է վարկեր տրամադրեն մասնավոր բանկերը, որտեղ աշխատում են մեծ քանակությամբ մարդիկ, և որոնց գործունեությունը հանգում է օդից փող շինելուն: Օդում փող չկա, դա ժողովրդի հաշվին է:

Առաջարկում են ուսանողներին տրամադրել երկարաժամկետ վարկեր ուսման վարձի համար: Բայց չեն խոսում այն մասին, թե որտեղ պետք է աշխատեն ապագա էլեկտրիկները, մեխանիկները, քիմիկոսները, ռադիստները, ֆիզիկոսները, մաթեմատիկոսները և այլն, եթե չկան այդ բնագավառների համապատասխան ձեռնարկությունները: Նրանք և ցածր տոկոսներով վարկ վերցրած գյուղացիները կբռնեն արտագաղթի ճանապարհը:

Պայքար կոռուպցիայի դեմ: Ո՞վ է պայքարելու, ինչպե՞ս: Երևի պետք է պայքարեն իրավապահ մարմինները: Թող պայքարեն, ո՞վ է նրանց խանգարում և ինչո՞ւ են այդ հարցով դիմում ժողովրդին:

Խոսում են արտագաղթը նվազեցնելու կամ դադարեցնելու մասին: Ինչպե՞ս: Հանրապետությունում ստեղծված բարիքը բավականացնում է միայն 800.000 մարդու: Կդադարեն արտասահմանից եկած ողորմությունները, մնացածներն էլ կգնան:

Պայքար ընտրախախտումների դեմ: Ամենածեծված հարցն է: Ընտրախախտումները վաղուց սկսվել են: Հիմնական ընտրախախտումները ամենօրյա անհեթեթ ու պարզունակ լոզունգներն են, որոնք փոշու նման թափվում են ժողովրդի ուղեղներին` հիմարացնելով մարդկանց, շեղելով նրանց ուշադրությունը հիմնական խնդիրներից: Եվ պատահական չէ, որ բոլոր կուսակցությունները կրկնում են նույնը, չկա ոչ մի գաղափարական պայքար, և հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ ինչքան մեծ է սուտը, այնքան ավելի հեշտ կհավատան անմեղ բնակիչները: Այդ բոլոր վիճաբանությունները հիշեցնում են Պարոնյանի խոսքերը, երբ իրար հետ վիճելով մեկն ասում էր, թե ծիրանից հետո դեղձը կվայելե, իսկ մյուսը բարկացած ապացուցում էր, թե դեղձից հետո ծիրանը կվայելե:

Մեր ժողովրդին ոչ մեկի ասածներն էլ չեն բավարարի:

Խելոք եղեք, հարգելի ընտրողներ, եթե ոչ` ձեզանից դեռ շատ հյութեր կքամեն:

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դոցենտ