Տեսակների´ պայքար է


 

Շուտով կհնչի քարոզարշավի վերջին ակորդը: Եվս մեկ-երկու օր, և երկիրը նոր խորհրդարան կընտրի: Իսկ այսօր կուսակցություններն ամփոփում են քարոզարշավի արդյունքները: Ի՞նչ պարզեց իր համար Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն` այս քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպումների արդյունքում: Այս և ընդհանրապես ընտրական գործընթացներից իր տպավորությունների մասին է զրույցը կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Ամփոփենք քարոզարշավի արդյունքները, և խոսենք Ձեր տպավորությունների մասին:

- Առանց չափազանցության կարող ենք ասել` մենք բավական բարձր տրամադրություն ունենք: Այն զանգվածը, որը գտնում էինք, որ կարող է արթնանալ և կարող է ինքնուրույն որոշում կայացնել, իրոք կա: Մարդիկ այսօր ինքնուրույն գալիս են մեր գրասենյակ կամ մեր հանդիպումներում ասում են` մենք ընդունեցինք ձեր ծրագիրը և քվեարկելու ենք Դեմկուսի օգտին: Միանշանակ է, որ մեզ հաջողվեց մեր կարգախոսը`«Ես` մենք ենք», հասանելի դարձնել մարդկանց: Մեր ամբողջ նպատակը մարդկանց գիտակցությա´ն մեջ հեղափոխություն իրականացնելն էր, ինչը հաջողվեց: Երկրորդ տպավորությունն այն է, որ ԶԼՄ-ները հնարավորություն տվեցին շատ ավելի բաց ներկայանալ ընտրողներին և մանրամասն բացատրել մեր ծրագրերի առանձնահատկությունները:

Մամուլը բաց էր բոլո՞ր ուժերի համար:

- Հիմնականում` այո: Հատուկ կշեշտեմ «Ավանգարդ»-ը, որը շատ ավելի մանրամասն էր ներկայացնում Դեմկուսի և մյուսների ծրագրերը: Ընտրարշավի երրորդ առանձնահատկությունն այն է, որ ցավոք` «քաղաքական պլագիատ» հասկացությունը մտավ մեր իրողության մեջ: Մեր գաղափարները, ծրագրային դրույթները հանկարծ սկսեցին բառացիորեն կրկնել մյուս քաղաքական ուժերը: Ես ապշած էի, որ այլ կուսակցության առաջնորդը հանկարծ կրկնում է մեր ասածը` «համակարգ է պետք փոխել, ժողովուրդ»: Իսկ այդ մասին առաջին օրվանից ասում է Դեմկուսը: Շատերը հասկացան, որ այսօր հարկավոր է խոսել սոցիալական արդարության սկզբունքի մասին: Այն կուսակցությունները, որ միշտ ներկայացել են որպես ազատական, լիբերալ, հանկարծ` մեկ օրում, դարձան սոցիալիստամետ գաղափարախոսություն կրողներ:

Ըստ էության, առաջնահերթվում է սոցիալիստական գաղափարախոսության պահանջա՞րկը:

- Միանշանա´կ: Բայց հարց է առաջանում` մինչև ընտրարշավը դուք դա չգիտեի՞ք: Կամ երբ կառավարման, կոալիցիայի մեջ էիք` հնարավորություն ունեիք դա իրականացնել, ոչ թե միայն հայտարարել: Մենք կարող ենք խոստանալ, որովհետև իշխանության մեջ չենք եղել, իսկ իշխանության մեջ եղածները պարտավոր էին այսօր խոստացվողն իրականացրած կամ գոնե դրա սկիզբը դրած լինել: Սա վկայում է, որ ձախ գաղափարախոսությունն այսօր համահունչ է նաև աշխարհաքաղաքական այն գործընթացներին, որոնք իրականացվում են հատկապես Եվրոպայում: Հասկանալի է, որ առանց համակարգի փոփոխության առաջընթաց հնարավոր չէ: Մենք գոնե մեկ տարի առաջ` հուլիսի 9-ին, մեր համաժողովում ընդգծեցինք. կառավարությո´ւն, հասկացեք, որ հիմա դուք մահացածի հետևից եք գնում, կա´նգ առեք ու հասկացեք` այլևս, այսպես կոչված ազատականացված շուկան չի գործում, պետք է պետական կարգավորումն անպայման լինի: Մեր ծրագրում նշված է` մենք կողմնակից ենք խառը տնտեսական համակարգի, որտեղ կա և´ պետական, և´ մասնավոր սեփականություն:

- Ձեր հանդիպումների ընթացքում Դուք ի՞նչ զգացիք. ժողովրդի մոտ արդյո՞ք ինչ-որ բան փոխվել է, թե՞ մնացել է առաջվանը, երբ ընտրություններում բաժանվող խայծն են կուլ տալիս:

- Այս պահին միայն բողոքն է ավելացել: Բայց նաև ուրիշ խնդիր է առաջացել. այս ընթացքում մարդկանց գոնե 30 տոկոսն է, որ ինքնուրույն մտածելակերպով փորձում է ինքնուրույն որոշում իրականացնել:

- Դա դրական ընթացք է, որովհետև կար ժամանակ, երբ այդ 30 տոկոսն էլ չկար:

- Համաձայն եմ: Այսօր նրանք հասկանում են` եթե այսպես շարունակվի, եթե պատնեշ չստեղծենք ներկա գործընթացներին, որևէ խնդիր չենք կարող լուծել: Շատ մեծ է դժգոհությունն իշխող կուսակցություններից: Ընտրազանգվածի 30 տոկոսն առնվազն 700 հազար ընտրող է: Մենք ակնկալում ենք, որ դրա 10 տոկոսն իր քվեն կտա Դեմկուսին: Դա լուրջ թիվ է: Ընդհանրապես, խմբակցության տեսքով Դեմկուսի մուտքը խորհրդարան որակական փոփոխություն է: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է առաջին անգամ հանդես գալու խորհրդարանում, ընդգծված` սոցիալական արդարության սկզբունքի համար պայքարող կուսակցություն, որը երբևիցե չի արատավորել իրեն, ճամբարներ չի փոխել, չի մասնատվել: Խորհրդարանում Դեմկուսը կիրականացնի օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնց շնորհիվ կկարողանանք պարտադրել կառավարությանը և իշխանությանը մաս կազմել նոր ձևավորվող կոալիցիային, որտեղ մենք կունենանք մեր սեփական ազդեցությունը: Հակառակ դեպքում, Հայաստանը հետընթաց է ապրելու:

Քարոզարշավում ես մի նոր, բացասական երևույթ նկատեցի: Կար ժամանակ, երբ մեզանում սկսեց արմատավորվել բաց բանավեճերի ինստիտուտը: Թե´ մեծամասնական, թե´ համամասնական թեկնածուները չէին խուսափում բանավեճերից: Այս անգամ դա չեղավ: Ձեր կարծիքով, ո՞րն էր դրա պատճառը:

- Դուք կհաստատեք` քաղաքական բանավեճերի առաջարկն արել եմ ես, բոլոր կուսակցությունների ղեկավարներին հրավիրել եմ բանավեճի: Բայց արձագանք չեմ ստացել: Հետևություն եմ անում, որ մարդիկ պարզապես խուսափում են այդպիսի` բաց խոսակցությունից: Կոալիցիան ներկայացնող կուսակցությունների ղեկավարներն ի՞նչ են պատասխանելու իմ այն հարցին, թե ինչպես են վերացնելու տնտեսության մեջ ստվերը: Ինքնին հասկանալի է, որ նրանք պետք է խուսափեն այդպիսի բաց բանավեճերից: Առավել ևս, այսօր հնարավորություն ունեն որտեղ ասես` ելույթ ունենան, որպես հրեշտակներ ներկայանան և ասեն` ժողովուրդ, ես ձեզանից մեկն եմ, մեր խոսքը գործ է և այլն: Բայց այդպես հավատալ չի լինում. Քրիստոսը չեն, որ պարզապես հավատանք:

Եթե ամփոփենք, ես մայիսի 7-ին հնարավորություն կունենա՞մ Ձեզ շնորհավորել:

- Հուսով եմ` այո: Հիմա տեսնենք` մեր տեսակը որքանո՞վ իր մեջ ուժ կգտնի` իր ընտրությունը կատարելու համար:

Այսինքն, այսօր տեսակների պայքար է:

- Այո: Այդպես է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ