ԱՐԴՅՈ՞Ք ՃԻՇՏ ԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ


 

Գյումրիում արդեն խոսում են, թե Հանրապետական կուսակցությունն այս քաղաքում ձևավորված երկու ընտրատարածքներից էլ պատգամավոր չի ունենալու, չնայած թիվ 34-ում որպես թեկնածու գրանցված է Արման Սահակյանը: Խնդիրն այն է, որ Սամվել Բալասանյանին արդեն կարելի է համարել ընտրված պատգամավոր, քանի որ նա միակ թեկնածուն է այստեղ: Այս տարածքում մեծ թիվ են կազմում Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» գործարանի աշխատակիցները, հարազատներն ու բարեկամները: Թիվ 34-ում էլ հաղթողի ամենահավանական թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է` դարձյալ «Բարգավաճ Հայաստանից»: Քարոզարշավի սկզբում բոլորը համոզված էին, որ այս անգամ Մարտուն Գրիգորյանը պարտվելու է, սակայն հիմա այդ թեկնածուն օգտագործում է քարոզչական այնպիսի մեթոդներ, որոնք կառուցվում են հուզական ներգործությունների վրա: Եվ գյումրեցիներին կոչ է անում առաջնորդվել թասիբով ու չընտրել մայրաքաղաքից եկած թեկնածուներին: Ընտրությունների նախօրյակին չեն բացառվում նաև ընտրակաշառքն ու այլ մեթոդներ, որոնք հատուկ են այս թեկնածուին: Ուրեմն, ստացվում է, որ Հանրապետականն արդեն տանուլ է տվել Գյումրիում, մինչդեռ շատ գյումրեցիներ ցանկանում էին խորհրդարանում տեսնել նաև Հանրապետականի անդամներին, մասնավորաբար` Սուքիաս Ավետիսյանին: Ոմանք կատակով ասում են, որ խորհրդարանում այս պահի դրությամբ ԲՀԿ-ն արդեն իսկ 16 պատգամավոր ունի, որովհետև եթե անգամ 10 տոկոս ձայն հավաքի այս կուսակցությունը, ապա դրան կմիավորվեն արդեն իսկ ընտրված համարվող Գագիկ Ծառուկյանը, Սամվել Բալասանյանը և Մարտուն Գրիգորյանը: