ԻՍԿ Ո՞Վ Է ՀԱՇՎԱՐԿԵԼ


 

Օրերս այսպիսի հրապարակում գրավեց մեր ուշադրությունը. «Ամերիկյան BlooΗberg գործակալությունը հրապարակել է վարկանիշային մի աղյուսակ, որը վերաբերում է օրինական ու ապօրինի թմրանյութերի, խաղամոլության, ալկոհոլի նկատմամբ աշխարհի տարբեր երկրների բնակիչների հակվածությանը: Այդ աղյուսակում Հայաստանը Չեխիայից, Սլովենիայից և Ավստրալիայից հետո չորրորդ տեղում է»:

Այն, որ մեր որոշ լրատվամիջոցներ հորթային հրճվանք են ապրում` իմանալով, որ ինչ-որ բան մեզ մոտ վատ է` վաղուց գիտենք, սակայն մեզ մեկ այլ հարց է հետաքրքրում: Այդ գործակալությունները որտե՞ղ և ե՞րբ են անցկացնում իրենց սոցհարցումները, ի՞նչ տվյալներով են առաջնորդվում, հանրային ո՞ր շերտերին են դարձնում իրենց ռեսպոնդենտներ:

Այս իբր հարցումը մեզ զարմացնում է մեկ այլ պատճառով ևս. հայտնի է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Իտալիան, Մեքսիկան, Ուկրաինան, մի շարք այլ երկրներ միշտ էլ հանդիսացել են օրինական ու ապօրինի թմրանյութերի, խաղամոլության, ալկոհոլի նկատմամբ ունեցած հակումների առաջատար երկրներ: Միացյալ Նահանգներում թմրամոլ, հարբեցող ու խաղամոլ է բնակչության մետ 38 տոկոսը: Ուրեմն, այդ ի՞նչ «օբյեկտիվ» տվյալներ են, որոնք հրապարակվում են` այսպես փորձելով գրոհ կազմակերպել նաև Հայաստանի վրա:

Գիտենք նաև, որ այս բոլոր իբր սոցհարցումները միանգամայն այլ նպատակներ են հետապնդում և պատրաստվում են այնպիսի «գործակալություններում», որոնց նպատակը տարբեր հասարակությունների կազմաքանդումն է: