Հեքիաթների աշխարհում


Մանկական երեք գրքերի հեղինակ է «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը և տպագրության է պատրաստվում «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթները» գիրքը: Նրա ստեղծագործությունները համեմված են գեղեցիկ մակդիրներով, փոխաբերություններով, համեմատություններով, որոնք խոսքը դարձնում են ավելի հյութեղ և խթան հանդիսանում ընթերցող մանուկների երևակայության թռիչքին (Աղջկա պարը ասես ճերմակ կարապի հանդարտ սահքն է արծաթազօծ ջրերի վրա…)` «Հրաշք պարուհին» հեքիաթից): «Ծիծեռնակը», լինելով մանկական ամսագիր, հանձն է առել 2007 թ. հրատարակել հայ մանկագիրների ստեղծագործությունները` հարստացնելով մեր մանկական գրականության շարքը: Եվ մեկ տարի անց, հեղինակների մասնակցությամբ կազմակերպված գրքերի շնորհանդեսը վերջիններիս համար ուրախալի մի առիթ է` յուրովի ներկայացնելու իրենց ստեղծագործությունները` Ցոլակ Կանթեղ. «Իսահակյանը խաղերի մեջ», Հրաչօ. «Լքված ջրաղացը», Էդվարդ Միլիտոնյան. «Լուսինը թեյի բաժակում», Ռուզան Եղիազարյան. «Վարդագույն հեքիաթներ մեծերի և փոքրերի համար», Սուրեն Մուրադյան. «Մայրիկն ու հայրիկը», Ռոբերտ Կարայան. «Առանց թիթեռ ի՞նչ ծաղիկ», Գուրգեն Բարենց. «Կարմիր շուշան» (չինական ժողովրդական հեքիաթների թարգմանություն), Ղուկաս Սիրունյան. «Վերջին խոսքի պես», Վրեժ Վարդունի. «Հանելուկներ»: Ողջունելի է, իհարկե, որ մանկանց ներաշխարհը հարստացնելու ազնիվ մտահոգությամբ` գրական արժեքներ են ստեղծվում:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ