ՆՎԻՐՅԱԼԸ


Ութ տասնյամյակ առաջ Գանձակում Աբրահամի և Ռոզալիայի ընտանիքում ծնված աղջնակն իր ապրելիք կյանքով շատերի համար` թե° որպես զավակ, թե° որպես ծնող, և թե° որպես Հայ, օրինակ էր ծառայելու: Իրավ, ամեն մայր էլ կպարծենար Էլմիրայի նման դուստր ունենալու պարագայում: Տասներեքամյա քնքուշ, բայց միևնույն ժամանակ մարտական ոգով լեցուն այդ էակը, առանց վարանելու, 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին կամավոր մեկնում է ռազմաճակատ: Սակայն, Հալաբյանների հայտնի տոհմի շառավիղը քաջ գիտակցում էր` ազգին ծառայելու իր առաքելությունը չէր կարող սահմանափակվել լոկ զինվորական կենսագրությամբ: 1945-ից առայսօր չի ընդհատվում նրա մանկավարժական գործունեությունը: Մի քանի տասնյակ սաներ (Աննա Մայիլյան, Վարդուհի Խաչատրյան և այլք) միջազգային դափնեկիրներ էին դառնում` զարդարելով աշխարհի լավագույն բեմերը: 1946-48 թթ. աշխատել է Բաքվի Երամյանի անվան թատրոնում` որպես դերասանուհի: Նրա կերտած մի շարք դերերից տպավորիչ էին հատկապես Սոնան (Ալ. Շիրվանզադե. «Չար ոգի») և մեծն Վ. Փափազյանի հետ խաղացած Ադան (Պ. Ջակոմետի. «Ոճրագործի ընտանիքը»): 1953 թ. ավարտելով Գեղարվեստաթատերական ինստիտուտը` բեմադրում է Յա. Գալանի «Սերը լուսաբացին» և Ֆ. Մ. Դոստոևսկու «Նվաստացյալներն ու անարգվածները» գործերը: Լինելով նորաստեղծ հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկը` իր բազմաբովանդակ գործունեության ընթացքում բեմադրել է ներկայացումներ (դրամատիկ, երգիծական, տիկնիկային), գրել է սցենարներ, պիեսներ: Կյանք է տվել 50-ից ավելի հաղորդաշարերի (արվեստի, գիտության, բժշկության, բնապահպանության, գյուղատնտեսության, արդյունաբերության, սոցիոլոգիայի, կենցաղավարության, կրթության և այլ ոլորտների): Նկարահանել է մի քանի տասնյակ փաստավավերագրական ֆիլմեր: Նրա պրպտուն միտքը միշտ նորն է որոնել. առաջին անգամ հեռուստատեսության պատմության մեջ` երկու տեսախցիկների առկայությամբ կիրառել է եռակի էքսպոզիցիա տեխնիկական հնարքը` («Մանկություն չտեսած ժողովրդական արտիստը» հաղորդման ժամանակ): 1959 թ. ռեժիսորը սկիզբ է դրել մի հաղորդաշարի, որն առ այսօր անվանում են «Մեկ դերասանի թատրոն»: 1982 թ. դառնում է հեռուստառադիոյի կամերային երգչախմբի ռեժիսոր և տնօրեն, իսկ 1992 թ. հիմնում և ղեկավարում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ֆիլհարմոնիան: Այստեղ ինքնին ճշմարտվում է նրա` ազգանվեր մայր լինելու գաղափարը: Ազգին մատուցած ծառայությունների շարքում նա իրավամբ հպարտ է նաև իր դաստիարակած Տիգրան և Աննա զավակներով. անհատներ, ովքեր անմնացորդ նվիրումով շարունակում են հայ մշակույթը շնորհազարդելու ընտանեկան բարի ավանդույթը: Միջազգային ճանաչում ունեցող խմբավար Տիգրան Հեքեքյանը, վերը նշված, երգարվեստի համաշխարհային գիտաժողովի կողմից աշխարհի լավագույնը ճանաչված «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգախմբով առանձնակի փայփայանքով է շարունակում մոր սկսածը: Դուստրը` Աննան, մոր մասնագիտություններից մեկն է ընտրել` մանկավարժական գործունեություն ծավալելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հիրավի, անարդարացի կլիներ չնշելը` սպորտսմենուհի, զինագործ, ֆելդշեր, մանկաբարձուհի, ուսուցչուհի, դերասանուհի, ռեժիսոր, թատերական մանկավարժ և երգչախմբի տնօրեն լինելուց զատ, նա մեծ հայրենասեր է` իսկական ՀԱՅ, ինչն ապացուցեց կյանքում իր ամենամեծ նվերի բնորոշումը. - Ամենամեծ նվերը համարում եմ Շուշիի հաղթանակը, և մենք պետք է արժանի լինենք մեր հաղթանակին: Հարյուրամյակներ շարունակ ով ասես` հարձակվել է մեզ վրա` իրենց հպատակեցնելու համար: Փառք Աստծո, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կարողացանք թուրքերին մի լավ ապտակ տալ ու ապացուցել` հայը հզոր է, չստրկացող: Եվ առեղծվածային այս կենսագրությունում ստեղծագործական գործունեությունը ի մի բերելուց հետո նոր հասկացա, թե ինչու գործընկերներիցս մեկը, երբ իմացավ, որ Հեքեքյանի մասին եմ գրելու` բազմանշանակ բացականչեց. - Օ¯:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ