ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Կոլեգիայի նիստ


Ս.թ. մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Կոլեգիայի նիստ, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ազգային բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն առնչվող տարաբնույթ հարցեր: Կոլեգիայի նիստին ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արա Նազարյանը, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, վարչությունների պետեր, ուսումնական զորամասերի հրամանատարներ: Անդրադառնալով նախորդ և ընթացիկ տարում իրականացվող բարեփոխումների օրացուցային պլանին` բանախոսներն իրենց ելույթում նշեցին, որ մինչև ս.թ. հունիսի 1-ը նախատեսված բոլոր միջոցառումներն հիմնականում կատարվել են ամբողջությամբ, լուծվել են բարեփոխումների առաջին փուլի` օրենսդրական դաշտի ապահովման հարցերը: Քննարկվող հարցերի շուրջ ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը մասնավորապես ասաց. - Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք դրույթների վրա, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել պաշտպանության նախարարի հրամանի նախագիծը և պաշտպանական բարեփոխումների ծրագրի լրացումները նախապատրաստելիս: Պաշտպանական բարեփոխումների ծրագրում շարադրված հարցերի կոորդինացման աշխատանքը պետք է շարունակի գլխավոր շտաբի պետի ղեկավարած նորացված հանձնաժողովը` իր կազմում ընդգրկելով բանակային կորպուսների, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարման օպերատիվ օղակների ներկայացուցիչներին` համապատասխան հրամանատար ների և պետերի ներկայացմամբ, ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության, հետագայում նաև գլխավոր շտաբի կառուցվածքում ստեղծվելիք ՀՀ զինված ուժերի զարգացման ռազմավարական պլանավորման վարչության ակտիվ մասնակցությամբ: Այդ աշխատանքին զուգընթաց ԳՇ պետի, ՊՆ տեղակալների, բանակային կորպուսների հրամանատարների, ռազմաուսումնական հաստատությունների պետերի համապատասխան հրամաններով ստեղծել հանձնաժողովներ, որոնք կմշակեն առաջարկություններ` ենթակա զորամասերի, զորատեսակների զորամասերի, դրանց կառավարման օղակների կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ: ...Յուրաքանչյուր վարչություն և բաժին պետք է ունենա իր երկարաժամկետ ծրագիրը` ըստ ամիսների և տարիների: Եվ, ի գիտություն բոլորին, ծրագրեր կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև մեր տարածաշրջանի բարդ աշխարահաքաղաքական դիրքը, տարածաշրջանում տիրող մթնոլորտը, բարյացակամ վերաբերմունքը մեր հարևանների հանդեպ: Սպասվում է չափազանց պատասխանատու և ծանր աշխատանք: ...Հիմնական փաստաթղթերից մեկն է լինելու նաև «Զինված ուժերի զարգացման պլանը»: Հնարավոր է, որ այն շեշտադրենք որպես «2010-2015թթ. ՀՀ ԶՈՒ զարգացման պետական ծրագիր»: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում պաշտպանական բարեփոխմանը վերաբերող ևս մեկ հարցի: Հատուկ քաղաքացիական ծառայության են անցնելու մեծ թվով զինծառայողներ` գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, կապիտաններ, ենթասպաներ, ովքեր իրենց վարչություն ներում և բաժիններում զբաղեցնում են զինվորական հաստիքներ: Հատուկ քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացը մոտեցել է վերջին փուլին, և այդ համակարգը պետք է գործի ս.թ. նոյեմբերի 1-ից: Այս խնդրին պետք է ցուցաբերել չափազանց նրբանկատ և ուշադիր մոտեցում, որպեսզի չանտեսվեն զինծառայողների իրավունքները: Անհրաժեշտ է օգնել նրանց հարմարվելու միանգամայն նոր և դեռևս ոչ լիովին հասկանալի ծառայողական կառույցի կայացմանը: ...Այս պատվավոր և ազնիվ գործում հաջողություն եմ մաղթում և° ձեզ, և° մեզ: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ