«Մենք ավելի ճկուն ենք, քան Եվրոպայի խորհուրդը»


Հայաստանի հետընտրական քաղաքական շիկացումից հետո բազմիցս խոսվել է, և մինչև օրս էլ այժմեական է երկխոսության հարցը: Արմատական ընդդիմության ներկայացուցիչ, էքս նախագահի մամլո խոսնակ Լևոն Զուրաբյանի մեկնաբանությամբ` - Մենք համոզված ենք, որ երկրում ստեղծվել է այնքան խորը քաղաքական ճգնաժամ, որի լուծումը հնարավոր է միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրութ յունների միջոցով: Այլապես այս լարվածությունը պահպանվելու է: Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած այլ առաջարկներ: Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ավելի ճկուն ենք մեր պահանջների մեջ, քան Եվրոպայի խորհուրդը: Երկճյուղ պարզաբանումից ծագեց այն հարցը, թե արդյոք համագործակցություն հնարավոր չէ՞ առանց իրենց նշած` արտահերթ ընտրությունների, և ինչ կտան այդ ընտրությունները երկրին: - Մեր խորին համոզմամբ` նախագահական ընտրությունները կեղծված են, և Սերժ Սարգսյանը չի հաղթել այդ ընտրություններում: Դա նշանակում է, որ Հայաստանը չունի այսօր լեգիտիմ նախագահ: Ուրեմն անհրաժեշտ են ազատ և վստահություն ներշնչող ընտրություններ, որոնց հետևանքով Հայաստանը ձեռք կբերի լեգիտիմ նախագահ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա երկրում իրավիճակը այն աստիճանի է փոխվել, որ այսօրվա ընդդիմությունը խորհրդարանում չի գտնվում: Գրեթե: Այսօր 131 անդամ ունեցող Ազգային ժողովում ընդամենը 8 ընդդիմադիր գործիչներ կան: Դա որևէ ժողովրդավարական երկրում կլիներ անթույլատրելի իրավիճակ: Սա ցույց է տալիս, որ քաղաքական իրավիճակը այնքան կտրուկ է փոխվել` Ազգային ժողովը այլևս չի արտահայտում ընտրողների իրական տրամադրությունները: Իհարկե կարելի է, ֆորմալ փաստարկներ բերել` ասելով «Հետո ինչ, նրանք ընտրվել են, ուրեմն պետք է մինչև վերջ նստեն: Եթե այդ «հետո ինչ»-ը ձեռնտու է, կարելի է այդպես շարունակել, բայց դա լարվածության հարցը մեջտեղից չի հանի: Այո, մեր խորհրդարանում համեստ է ընդդիմության ներկայացուցիչների քանակը, սակայն ընտրողների` քաղուժերին տրված քվեները արդյո՞ք նրանց իրական տրված տրամադրություն ների արտահայտիչը չեն:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ