ԵՐՐՈՐԴ ՈՒԺ. անհրաժե՞շտ է արդյոք «... Եթե նպաստի միասնականությանը»


- Մեր քաղաքական դաշտում օրախնդի՞ր է 3-րդ ուժի անհրաժեշտությունը. (ինչո՞ւ): - Մեր քաղաքական դաշտում թիվ մեկ խնդիրը առաջին ուժն է: Առաջին ուժը ժողովուրդն է , հասարակությունը: Հասարակությունը պետք է համախմբված լինի ընդհանուր նպատակի շուրջ: Այդ դեպքում նա է գնահատողը` ուժերի գործունեության և երկխոսության, կամ դրա բացակայության: Ձեր ակնարկած երրորդ ուժը կարող է հաջողել միայն մի դեպքում. եթե այն նպաստի այդպիսի միասնության ձևավորմանը… - Արդյո՞ք իշխանություն-ընդդիմություն հարթությունում սևի և սպիտակի անանցանելի թվացող ջրբաժանի պատճառը հենց այդ ուժի բացակայությունը չէ: - Ոչ: Պատճառը հենց այն հանգամանքն է, որ ժողովուրդը միասնական պատկերացում չունի երկրի ապագայի վերաբերյալ: Եթե ավելի ճիշտ ձևակերպենք` չկա այն քաղաքական ուժը, որն այդ գաղափարի շուրջ կհամախմբի ժողովրդին: Հետևաբար, առաջանում է սևի և սպիտակի անջրպետը: - Մեր իրականության մեջ ո՞ւմ եք տեսնում հավասարակշռող այդ ուժի դերում (ինչո՞ւ): - Մենք հայտնվում ենք նույն իրավիճակում. փնտրում ենք տանող ինչ-որ ուժ: Հասարակությունը, վերջիվերջո, պետք է ունենա առաջին հերթին իր պատկերացումները, որ դրանցով գնահատի քաղաքական ուժը կամ քաղաքական անձին: Հիմա թիվ մեկ խնդիրն այն է, որ լինեն հասարակական քննարկումներ, այլ ոչ թե մենք սպասենք` ով ոնց կերկխոսի: Դրանք պետք է լինեն մամուլով, ՀԿ-ների մասնակցությամբ: Հայաստան ենք տեսնում, ո՞նց ենք տեսնում ելքը այս վիճակից… այս ամենից հետո արդեն կարելի է գնահատել ուժերին: Այն ուժը, որն առավելագույնը համահունչ է այդ պատկերացումներին, նա էլ կդառնա ոչ թե երրորդ, այլ` առաջինը: - Կարծեք թե անցել են այն ժամանակները, երբ եղած կուսակցությունների տրոհմամբ նորերն էին ստեղծվում: Ժամանակը չէ՞ հակառակ` միավորման (թեկուզ նույնիսկ վերամիավորման) գործընթացի: - Վաղուց դրա ժամանակն է, բայց դա պետք է լինի ոչ թե մեխանիկական միավորում, այլ հենքային` լուրջ գաղափարախոսության շուրջ: Այդ դեպքում միավորումը կկարողանա լինել երկարատև, ավելին` դա կարող է դառնալ մեկ կուսակցություն:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ.