Անկումն սկսվում է մտավորականության քարկոծումից


Համաշխարհային պատմության մեջ չկա մի հասարակություն, որի քայքայումն ու բարոյական անկումը սկսված չլինի ժամանակի մտավորականության քարկոծումից ու արժեզրկումից: Ամեն կարգի հեղափոխականների առաջին թիրախը միշտ և ամենուրեք եղել է մտավորականությունը: Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակներում հաստատված և իրենց իսկ պատմաբանների կողմից հետագայում «մեծ տեռոր» անվանված արյունոտ մղձավանջի առաջին զոհերը, որ հարյուրներով գիլյոտինի էին ենթարկվում, մտավորականներն էին: 1917-ի ռուսական Հոկտեմբերյան հեղաշրջմանը հաջորդած զարհուրելի քաղաքացիական պատերազմի առաջին զոհերը նույնպես մտավորականներն էին: Ուլյանով-Լենինը սկզբում «սև ցուցակներ» էր կազմում և դրանում ընդգրկվածներին, անկախ նոր իշխանությունների հանդեպ նրանց լոյալության աստիճանից, արտաքսում էր երկրից, ապա բանտարկում էր Սալավկի կղզում ու համանուն վանքային համալիրում ստեղծված համակենտրոնացման ճամբարներում, իսկ վերջում պարզապես թույլ էր տալիս, որ այսպես կոչված «հեղափոխական տրիբունալների» եռյակ դատավորների ակնթարթային վճիռներով, որոնք նույնքան ակնթարթորեն ի կատար էին ածվում, բոլոր «կասկածելիներին» գնդակահարեն: Իսկ «կասկածելի» համարվելու համար միանգամայն բավական էր, որ մարդը…գրագետ լիներ, արտաքուստ կիրթ տեսք ու շարժուձև ունենար, կրեր ոչ-բանվորական հագուստ…Այդպես սկիզբ առավ ԳՈՒԼԱԳԻ դժոխքը` ավարտվելով…ԽՍՀՄ փլուզմամբ: 1908-ի երիտթուրքական հեղափոխությունից հետո իշխանության եկած իթթիհադի վայրագ բորենիները, ծրագրավորելով ու հրեշավոր դաժանությամբ ի կատար ածելով հայոց ցեղասպանության ոճիրը, իբրև դրա առաջին քայլ` 1915-ի ապրիլի 24-ի լուսաբացին ճիվաղ Թալեաթի առաջին գաղտնի հրամանով ձերբակալեցին, աքսորեցին ու աքսորի ճանապարհներին ոչնչացրին հարյուրավոր հայ մտավորականների: ՀՀՇ-ական «թավշյա հեղափոխությունը», իհարկե, զանգվածային գնդակահարությունների ու աքսորների չհասավ: Սակայն այն զարհուրելի սոցիալ-կենցաղային պայմանները, որի մեջ, ամբողջ ժողովրդի հետ միասին, հայտնվեց հայրենի մտավորականության բացարձակ մեծամասնությունը` հարկադրված լինելով զանգվածաբար լքել հայրենիքը կամ տարիներով քարշ տալ կիսաքաղց ու ողորմելի գոյություն` քիչ էր տարբերվում նախորդ հեղափոխությունների բերած արհավիրքից: Զարհուրելի էր հատկապես ՀՀՇ-ական իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր կեցվածք դրսևորող մտավորականների հանդեպ ծավալված բառացիորեն քստմնելի, անսանձ բարոյական հալածանքը: Ամեն թերուս իրեն իրավունք էր վերապահում «ստրկամիտի», անկախ պետականության ու «ազգընտիր իշխանությունների արժեքը չհասկացողի» պիտակ փակցնել… բոլոր անհաճոներին, անգամ` համազգային մեծություններին: Բոլոր ժամանակների հեղափոխականների ամենամեծ թշնամիները միշտ եղել են այն մարդիկ, հասարակության այն խավի ներկայացուցիչները, ովքեր քիչ թե շատ ինքնուրույն դատելու կարողություն ունեն, ժողովրդի մեջ իրենց մեծ ազդեցության շնորհիվ ունակ են զանգվածներին բացատրելու, թե մոլեգնորեն իշխանության ձգտած կամ այդ իշխանությունն արդեն իսկ հափռած հեղափոխականների իրական մտադրությունները որո՞նք են: Մտավորականն այն մարդն է, ով գիտակցում է և կարող է ժողովրդին հասկացնել, որ ամեն կարգի «բարձր գաղափարների» տակ թաքնվող հեղափոխականները, ժողովրդի նվիրական իղձերի իրականացմանը ծառայելու խոստումներով հրապարակ իջած իշխանաբաղձ ստահակները ընդամենը հիմարացնում են իրեն, անամոթաբար խաղում իր միամտության վրա, զանգվածներին հեղափոխականացնելով ու բարիկադներ բարձրացնելով` ձգտում են նրա հեղափոխական էներգիան, նաև արյունը ծառայեցնել իշխանության հափշտակմանը: Իսկ երբ հասնում են իշխանության, ապա այն գործադրում են ամենևին էլ ոչ այդ նույն ժողովրդի հոգս ու ցավերի թեթևացման, այլ` իրենց և մի°միայն իրենց անձնական-փառամոլական նպատակներին: Ահա, թե ինչու բոլոր ժամանակների մտավորականները եղել և մինչև այսօր էլ մնում են ամեն կարգի հեղափոխականների ու բռնակալական ռեժիմների ոխերիմ թշնամիները, ահա, թե ինչու են նրանց դարերով ֆիզիկապես ու բարոյապես ոչնչացրել, ձգտել են վարկաբեկել, հեղինակազրկել, առնվազն` գնել: Այդպես է սկսվել ցանկացած հասարակության բարոյական անկումը, նեխումը, ինչն ի վերջո ուղիղ գծով տարել է դեպի…պետությունների կործանում: Քանզի այն հասարակությունը, այն ժողովուրդն ու հավաքականությունը, որը դադարում է հարգել սեփական մտավորականությանը, հանդգնում է ծաղրի հանել ու արհամարհել նրան, դադարում է ականջալուր լինել նրա սթափեցնող խոսքին` ի վերջո վեր է ածվում…անկառավարելի ամբոխի: Ցավոք, ժողովրդին սեփական մտավորականության դեմ հանելու, նրան կրկին անուղեղ ամբոխի վերածելու և արկածախնդրությունների առաջնորդելու` ոչ այնքան վաղուցվա պրակտիկան մեր օրերում կրկին հրապարակ է իջել` այս անգամ ինքն իրեն «համաժողովրդական շարժում» հռչակած ուժերի ներկայացուցիչների համառ ու հետևողական ջանքերի շնորհիվ: Այդ «շարժումը» այլ բան չէ, եթե ոչ հեղափոխական ճանապարհով երկրում իշխանությունը կրկին հափռելու ՀՀՇ-ական հին մարտավարության նորօրյա կրկնության փորձ: Եվ ինչպես այն ժամանակ, երբ ամեն կարգի ողորմելի դեղնակտուցներ համարձակվում էին հրապարակավ կոկորդ պատռել նույնիսկ այնպիսի մի համազգային մեծության դեմ, ինչպիսին Սիլվա Կապուտիկյանն էր: Այժմ էլ հայտնվել են քստմնելի ստահակներ, որ լկտիաբար զազրախոսում են այլ վաստակյալների, հասկանալի է` բոլոր նրանց հասցեին, ովքեր չեն միացել իրենց հեղափոխական խելահեղությանը: Անցյալ շաբաթ որոշ քարոզչամիջոցներով ցեխ շպրտվեց գիտության, մշակույթի, արվեստի ու գրականության մի շարք բնագավառներում 2007 թվականի արդյունքներով հաջողությունների հասած և հատուկ մասնագիտական հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած մարդկանց վրա: Մրցանակների հանձնումը նախորդեց Հանրապետության տոնին, Սարդարապատի հերոսամարտում տարած փառահեղ հաղթանակի 90-ամյակին: Արի ու տես` նույնիսկ այդ հանգամանքը հարուցել էր որոշ քաղաքական շրջանակների զայրույթը: Վերջիններիս չակերտյալ «մեղքը» այն էր, որ ոչ միայն չէին մերժել Նախագահի մրցանակն ընդունել, այլ, պատկերացնո¯ւմ եք, լուսանկարվե¯լ էին նրա հետ, ինչն, ի դեպ, վաղուց հաստատված ավանդույթ է: Մինչդեռ, «պարզվում» է, որ «…հատկապես այդ մրցանակները ստանալով` նրանք հայտնվում են խաղաղ ցուցարարների վրա կրակողների կողքին»: Մի հարցնող լինի` ինչու՞: Նախ, դեռ դատը կլինի` կիմանանք, թե ովքե՞ր էին «կրակել խաղաղ ցուցարարների վրա»: Երկրորդ` իրոք «խաղա՞ղ ցուցարարներ» էին դրանք, թե՞ պետական հեղաշրջման փորձ կատարող հեղափոխականացած զանգվածներ: Երրորդ` պարգևատրվածներից որևէ մեկն արժանի չէ՞ր իր վաստակի այդքան բարձր գնահատման: Իսկ մրցանակակիրների հասցեին լեզվագարություններ թույլ տվողներին կուզենայի մաղթել` մեր երկրի, մեր ժողովրդի առաջընթացին նպաստող իրենց ներդրումն ունենալ:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ