Երկրորդ Կիրկորովիկը


 

Ֆիլյային դուր է եկել ոչ միայն հայր լինելը, այլև այդ մասին համերգասրահում հայտարարելու սցենարը: Ուրբաթ օրը իր հայրենի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մենահամերգի ժամանակ նա ավետել է 2-րդ զավակի` այս անգամ որդու ծնունդը: Ունկնդիրներին հատկապես ոգևորել է, որ առաջինն իբր իրենք են այդ մասին իմանում: Իսկ երջանիկ հայրն էլ համերգից ընդամենը մի քանի ժամ առաջ է տեղեկացվել, որ իր նման երկարահասակ` 58 սմ բոյով 4.200 կիլոգրամանոց տղա է ունեցել:

Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ` նոյեմբերին, ծնվել էր Ֆիլիպ Կիրկորովի առաջնեկը, որի մասին նա իմացել էր «Ոսկե գրամաֆոն» մրցանակը ստանալու պահին: Արտիստի´կ երեխաներ են. գիտեն, թե որ պահին լույս աշխարհ գան` իրենց երգիչ հորը բեմահարթակում ցնծալու առիթ պարգևելու համար:

Ինչպես դստրիկի պարագայում` հիմա նույնպես Ֆիլիպը չի բացահայտում, թե ով է իր որդու մայրը: Հետաքրքրասեր լրագրողները ևս առայժմ չեն խորացել այդ մանրամասնի մեջ: Բայց նրանց շնորհիվ հիմա բոլորը գիտեն, որ Ամերիկայում ծնված` կրկնակի անվանակիր Ալլա-Վիկտորիա Կիրկորովային լույս աշխարհ է բերել փոխարինող մայրիկը (սուռոգատ) և կրում է հորական Վիկտորիա տատի ու հոր անանց սեր Ալլա Պուգաչովի անունները: Ո՞ւմ անուններով կկոչի արտիստը որդուն` դեռ ինքն էլ չգիտի: Անհայտ է նաև, թե ո՞ր երկրում և ի՞նչ մեթոդով է սաղմնավորվել տղեկը: Եվ ինչպես աղջկա դեպքում, որդու ծննդից առաջ էլ Կիրկորովը ոչ մեկին չէր ասել, որ անմայր իր ընտանիքում նոր համալրում է սպասվում (Life News Online):

- Իմ օրինակով ես ուզում եմ բոլորին ցույց տալ, որ միայնակ մարդիկ, ովքեր կամենում են երեխաներ ունենալ` կարող են լուծել այդ խնդիրը: Իհարկե, ես հասկանում եմ, որ իմ երկրպագուհիների մեջ շատերը կցանկանային ինձ համար երեխա ծնել: Բայց ո՞ւր են երաշխիքները, որ վաղն այդ աղջկա խելքին չի փչի ինձանից տանել երեխային:

Այս խոսքերի հեղինակը պետք է որ երդվյալ ամուրի լինի: Բայց Ֆիլյայի պարագայում այդպես չէ: Ստացվում է, որ նա սիրում է ամուսնանալ այլ կնոջ (կանանց) հետ, բայց երեխաներ ունենալ ուրիշներից` այսպես կոչված ավանդական եղանակով: