Թուրքիա աշխատանքի մեկնելու պերճանքն ու թշվառությունը


 

Այն հանգամանքը, որ Թուրքիան ամենևին էլ հայաստանյան գործազրկությունը մեղմելու համար ճիշտ ընտրված պետություն չէ` եթե ոչ բոլորին, ապա շատերին է հայտնի: Գոնե 1915 թվականի ողբերգությունից հետո չգրված օրենք է նաև, որ հայերը Թուրքիա գնալիս, եթե անգամ մեկնում են աշխատանք գտնելու, անկախ վարձատրության չափից, չպետք է մեր ազգային նկարագրին անհարիր զբաղմունքներ որոնեն: Բայց ինչպես ժողովուրդն է ասում` անձրևից էինք վախենում, ընկանք կարկուտի տակ…

Քննությամբ պարզվել է, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի նախկին օպերլիազոր, 1978 թ. ծնված Ռուբեն Խաչատրյանն իր ծանոթուհուն` 1992 թ. ծնված Մարինա Ամրազյանին նախ առաջարկել, այնուհետև համոզել է մեկնել Թուրքիա` իր մեկ այլ ծանոթ ոմն Գոգայի մոտ բարձր աշխատավարձով որպես պարուհի աշխատելու:

Մ. Ամրազյանը Թուրքիա մեկնելու մտադրության մասին պատմել է ընկերուհուն` 1990 թ. ծնված Հայկանուշ Միկոյանին, ով նույնպես ցանկություն է հայտնել մեկնել Թուրքիա` պարուհի աշխատելու:

Նախկին ոստիկանն իր ավտոմեքենայով երկու կանանց փոխադրել է Վրաստանի Բաթումի քաղաք, որտեղից էլ ավտոբուսով նրանց ուղարկել է Թուրքիա:

Թուրքիայի Անկարա քաղաքում Ռուբեն Խաչատրյանի ծանոթը` նույն ինքը Գոգան, վերցնելով կանանց անձնագրերը` ստիպել է նրանց տևական ժամանակով զբաղվել մարմնավաճառությամբ` տիրանալով վաստակած գումարներին:

Որոշ ժամանակ անց կանանց հաջողվել է թոթափել ստրկական վիճակը և տեղափոխվել Հայաստան:

Ոստիկանները պարզել են Գոգայի ինքնությունը` Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակչուհի, 1967 թ. ծնված Գոհար Կիրակոսյան, որը 2008 թվականից հետախուզվում է ՀՀ իրավապահների կողմից: