Նորից ինտերնետ, կրկին խարդախություն


 

Անվիճելի է, որ համացանցը մեր օրերում իրավամբ դարձել է հաղորդակցման արագ, մատչելի, իսկ խելացի վարվելու դեպքում նաև` հուսալի աղբյուր: Մինչդեռ ո˜վ կմտածեր, որ մարդկային իմաստուն մտքի արգասիք ինտերնետը կարող է չարակամորեն շրջվել նաև մարդու դեմ` դառնալով անօրեն ճանապարհով շահ կորզելու աղբյուր:

Ոստիկանները ինտերնետային հերթական խարդախությունն են բացահայտել: Եվ հանցագործության հետքերը կրկին տանում են ուղղիչ-աշխատանքային հիմնարկություն:

Նախաքննությամբ պարզվել է, որ դատապարտյալ Ս. Սիմոնյանը, որը 2005 թվականին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման և իր պատիժը կրում է «Սևան» քրեակատարողական հիմնարկում, դատապարտյալներից մեկի միջոցով իմանալով ոմն Նազելիի հեռախոսահամարը, զանգահարել է նրան, ներկայացել որպես վերջինիս համադասարանցի և միամիտ կնոջ մոտ գործի դնելով իր շողոքորթ լեզվի հմտությունները` խնդրել է մի քանի լուսանկար ուղարկել իրեն: Նազելին, որ ամուսնացած կին էր, համոզված լինելով, որ շփվում է համադասարանցու հետ, խղճահարության, թե կարոտի զգացումներից դրդված` իր լուսանկարներից մի քանիսն ուղարկել է քրեակատարողական հիմնարկ:

Սակայն որոշ ժամանակ անց մեծ է եղել կնոջ զարմանքն ու հիասթափությունը, երբ Ս. Սիմոնյանն իրենից գումար է պահանջել… իրեն արատավորող տեղեկությունների, իրենց կապի ու հարաբերությունների մասին իր ամուսնուն և հարազատներին չհայտնելու, իր մոտ եղած լուսանկարները նրանց չուղարկելու դիմաց: Բացի այդ, Սիմոնյանը Նազելիից շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով նույն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող մեկ այլ դատապարտյալի` Ա. Աբրահամյանի հետ` բջջային հեռախոսով մտել են www.odnoklΖssniki.ru կայք և Նազելիի անհատական էջում նրան արատավորող նամակագրության եղանակով, հեռախոսազանգերով սպառնացել են նսեմացնող կեղծ տեղեկություններ հրապարակել: Այսինքն` վերոհիշյալ կայքում Նազելիին վերաբերող սեռական բնույթի հաղորդագրություններ հրապարակել, ինչպես նաև համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները:

Նշված տեղեկությունները չհրապարակելու և չտարածելու դիմաց Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը ահաբեկված և այդ ճահճից շուտափույթ ազատվելու համար ամեն ինչի պատրաստ կնոջից պահանջել ու ստացել են 250 000 դրամ:

Պարզվել է նաև, որ այդ հանցադրվագից բացի` Ա. Աբրահամյանը «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում ևս 4 անձանց հետ հեռախոսազրույցների և www.odnoklΖssniki.ru կայքի միջոցով շփման ընթացքում, շորթում կատարելու դիտավորությամբ, արատավորող տեղեկություններ և մերկ լուսանկարներ տարածելու սպառնալիքով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերով և ապացույցներով ամբողջապես հիմնավորվել են դատապարտյալների կատարած հանցավոր արարքները: