ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՄԻ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ


 

Ամենաթողության բազմաթիվ փաստերի ենք ականատես լինում` երբեմն անզոր լինելով պայքարել երևույթի դեմ, որովհետև շատերն իրենց այս երկրում արտոնյալ են հռչակել, հռչակել են օրենքներից բարձր: Սրանք կարող են հաշվեհարդար տեսնել իրենց «խանգարողների» հետ, կարող են վիրավորել, հայհոյել, ծեծել ու սպառնալ...… Օրերս ամենաթողության մի «շքահանդես» էլ սարքեց ոմն «Ժիրայր Թադևոսյան», ով թիրախ էր ընտրել մեր թերթը: Հունիսի 28-ին այս անձնավորությունը զանգահարել է թերթի գլխավոր խմբագրի բջջային հեռախոսին և բավական նյարդայնացած հետաքրքրվել, թե ինչպես կարող է ձեռք բերել Վայոց Ձորի նախկին մարզպետի` Սևանա լճի ափին գտնվող առանձնատունը:

Հունիսի 27-ի համարում «Վաճառում է առանձնատունը» վերտառությամբ փոքրիկ լուրի մեջ, առաջնորդվելով թեականության սկզբունքով և գլխավորապես հենվելով շրջանառվող լուրերի վրա, խմբագրությունը գրել էր. «Իր առանձնատունն է կամենում վաճառել նաև Վայոց Ձորի նախկին մարզպետը»: Ընդամենն այսքանը: Խմբագրությունը, լուրը պատրաստած լրագրողի հեռախոսահամարը չի փոխանցել «Ժիրայր Թադևոսյան» ներկայացածին: Զանգահարողն է տվել իր հեռախոսների համարները, որ լրագրողը զանգահարի իրեն: Խմբագրությունը երբեք չի հրաժարվում բաց ու ազատ խոսակցություններից, պարզաբանումներից, ընթերցողների հետ հարաբերվելուց: Խմբագրությունը նաև միշտ պատրաստակամ է պարզաբանումներ տալ, անճշտության դեպքում` ներողություն խնդրել և տպագրել ուղղումը: Թերթի լրագրող Լևոն Մութաֆյանը, ով պատրաստել էր սույն լուրը, զանգահարել է «Ժիրայր Թադևոսյանին» և պարզ ու մարդկային խոսակցության փոխարեն` հայհոյանքներ ու սպառնալիքներ լսել: Լրագրողը փորձել է, այնուամենայնիվ, խոսակցությունը տեղափոխել հանդարտ հնչերանգների վրա, սակայն «Ժիրայր Թադևոսյանը» սկսել է գոռալ, խոստացել է սպանել լրագրողին, եթե նա չապացուցի, որ նախկին մարզպետը վաճառում է առանձնատունը: Ավելին, սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել, ապա անջատել հեռախոսը:

Ի սկզբանե նշված անուն-ազգանունը կասկած է ծնել, որովհետև հազիվ թե ինչ-որ մեկն այդպիսի ջանադրությամբ ու նյարդային պոռթկումներով պահանջեր ապացուցել նախկին մարզպետի առանձնատան վաճառքի փաստը… Չստանձնելով նախաքննական մարմնի գործառույթը, այնուամենայնիվ լրագրողը համոզված է, որ «Ժիրայր Թադևոսյան» ներկայացող անձը հենց նախկին մարզպետն է` Սերգեյ Բագրատյանը, ով հեռախոսային խոսակցության ընթացքում ի ցույց դրեց իր «բարեկրթության» ողջ պաշարը` այլանդակ փողոցային հայհոյանքներով սպառնալիքներ տեղալով:

«Ժիրայր Թադևոսյան» - Սերգեյ Բագրատյանը նաև հուշեց, թե ինչպես է աշխատել մարզպետի պաշտոնում, ինչպես կարող էր «պատասխանել» իր ընդդիմախոսներին: Հավանաբար, հայհոյանքն ու սպառնալիքը եղել են նրա զենքերը, որոնցով նա հակադարձել է իր կարծիքին հակառակ կարծիք արտահայտողներին: Ժողովուրդն ասում է` «Սոխ չկերածի սիրտը չի մրմռա», մինչդեռ մի փոքրիկ նախադասություն հավասարակշռությունից հանել էր այս մարդուն, ստիպել իրեն պահել ամենավերջին փողոցայինի նման: Գուցե մարդը վախեցել էր, թե խմբագրությունը շատ ավելի հիմնավոր տվյալներ գիտի իր գործունեության և ունեցվածքի մասին, գուցե մտահոգվել էր, որ կարող էր շատ բան բացահայտվել, ուստի նման հարձակում գործելով` կամեցել էր կանխել հետագա բացահայտումները: Խմբագրությունը, բնականաբար, ցանկություն չի ունեցել անդրադառնալ նրա գործունեությանը` 1993-1994 թթ. «Հայշինտեխկենտրոն» տրեստի տնօրենի, 2002-2004 թթ. «ՔԻՄՌԵԱԿՏԻՎ» ԲԲԸ` կառավարիչի և 1998-2010 թթ. «Սերգեյ գրուպ» ՍՊԸ` խորհրդի նախագահի պաշտոններում: Որևէ ակնարկ չի արվել այն մասին, թե ինչպես է պատահել, որ ոչ պետական կառույցում աշխատող մարդը դարձել է մարզպետ, խմբագրությունը չի անդրադարձել նաև պետական պաշտոնյայի բիզնես գործունեությանը, երբ ԲՀԿ-ական մարզպետը Վայոց Ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում փոքր հէկ էր կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին էր հասցրել հէկ-ի շինարարությունը, սակայն` առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության: Դրանից առաջ էլ թերթերից մեկը գրել էր.

- Սերգեյ Բագրատյանին այդպես էլ չհաջողվեց ավարտին հասցնել մեկ այլ հէկի կառուցման նախագիծը. «ՎՏՎ էներջի» և «ԱլՌուբ» ընկերությունների հակամարտությունն ավարտվեց նրանով, որ Բնապահպանության նախարարությունը երկուսին էլ կառուցման թույլտվություն չտվեց` հիմնավորելով, որ երկու ընկերություններն էլ չեն անցել բնապահպանական փորձաքննությունը:

Խմբագրությունը չէր կամեցել անդրադառնալ մարզպետի այլ քաջագործություններին ևս: Դիցուք` Բագրատյանն իր պաշտոնավարման ընթացքում տուգանվել է հարյուր հազար դրամով: ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին. վերջինս պետք է երկու տուգանք մուծեր` հարյուր հազար և տասը հազար դրամի չափով: Առաջին տուգանքը մարզպետը պետք է մուծեր կեղծ համարանիշ օգտագործելու, իսկ երկրորդը` մի ավտոմեքենայի համարանիշը մեկ այլ ավտոմեքենային ամրակցելու պատճառով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել էր, թե ինչպես է Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը մարզպետարանին ամրակցված 031 ԼԼ 55 պետհամարանիշները օգտագործում իր անձնական «Ռենջ ռովեր» և «Նիսսան Ալտիմա» մակնիշների ավտոմեքենաների վրա:

Ավելացնենք, որ փաստի առնչությամբ լրագրող Լևոն Մութաֆյանը հայտարարություն և բացատրություն է տվել Ոստիկանության Կենտրոնականի բաժնում: