«Միսս Հոլոքոստ»


 

Իրենց ազգային ողբերգություն Հոլոքոստի մասին բավական ինքնատիպորեն են հիշեցրել իսրայելցիները: Անցյալ շաբաթավերջին Հայֆա քաղաքում գեղեցկության մրցույթ է կազմակերպվել` «Միսս Հոլոքոստ», որին մասնակցելու համար նախընտրական փուլում ընտրվել էին 300 հրեուհիներ: Եզրափակիչում «մրցում» էին նրանցից 14-ը` 74-97 տարեկան: Հաղթող է ճանաչվել 78-ամյա Հավա Հերշկովիտցը, ում երիտասարդության 3 տարիներն անցել են համակենտրոնացման ճամբարում: Ինչպես մրցույթի մասնակցուհիներից շատերը, Հերշկովիտցը ևս ծնունդով Ռումինիայից է, որտեղից էլ նրան ուղարկել են մահվան ճամբար (Правда.Ру):

Ժյուրիի 4 անդամներից 3-ը նախկին գեղեցկության թագուհիներ էին, իսկ մեկը` հոգեբան, ով բուժում է Հոլոքոստի սարսափներն ապրած մարդկանց:

Մրցույթը սոսկ շոու չէր, այլ շատ նրբանկատ ու ազդեցիկ սուր քննադատություն` մարդկության դեմ ոճիր գործողների հասցեին: Եվ ընդգծվել է, որ ֆիզիկական ու հոգեկան տառապանքների միջով անցած կանանց չի կարելի գնահատել արտաքին տեսքով: Կազմակերպիչներն էլ հավաստիացրել են, որ հաղթողին ընտրել են` արտաքինից բացի հաշվի առնելով նրա կյանքի փորձը:

- Նրանք իրենց լավ են զգում իրար հետ: Լավ ժամանակ են անցկացնում և ծիծաղում են իրենց դիմահարդարաններում,- ցուցահարթակում երեկոյան զգեստներով ճեմող մրցակցուհիների մասին պատմել են կազմակերպիչները: