ԴԱՍԱԿԱՆ, ԱՅՍԻՆՔՆ ՀԱՎԵՐԺ ԿԱՏԱՐՅԱԼ


Օպերայինի փորձասենյակում Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի բեմադրության (խորեոգրաֆ` Ռուդոլֆ Խառատյան) առաջին գործողության «չսրբագրված» տարբերակի խաղարկման եզակի հանդիսատեսն էի: Գարնանային պրեմիերաներին, Դամասկոս, Թբիլիսի ու Ստեփանակերտ իրարահաջորդ բալետային շրջագայություններին համընթաց ծավալած ստեղծագործական բնականոն աշխատանքով մեր բալետախումբը հանրածանոթ երաժշտադրամատուրգիական կտավն էր առկա ներուժի ողջ երփնապնակով մարմնակերտում: Առանց հոգնության որևէ նշույլի, յուրաքանչյուր պարաքայլի, տեսարանի նրբիմաստների համբերատար մեկնաբանությամբ` երիտասարդ արտիստներին նոր բեմելի էր նախապատրաստում նրանց գեղարվեստական առաջնորդութ յունը ստանձնած, միջազգային պարաբեմում քառորդ դար բարձր համարումը անխոտոր հաստատած ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Դերակերպավորման դեռևս նվազ կարողությունները զարգացնելով` ամենապարզ հնարքներով, խոսքից առաջադրած խնդրի ցուցադրությանն անցնելով` հարազատացնում շեքսպիրյան դժբախտ սիրահարների ողբերգությունը` մարդկային փոխհարաբերությունների ըստ էության անփոփոխ մնացած հիմքերի համաժամանակությունը համազիչ դարձնելով£ Մերօրյա տեմպոռիթմով սիրակործան հակամարտություններն ու բախումները համարժեքանում էին` կամրջելով վաղնջական անցյալն ու ներկան: Այս գիտակցությամբ էին արված նաև Աստղիկ Ստեփանյանի հանդերձաէսքիզները, որոնց իրագործման ճակատագիրը դեռևս անորոշ էր մնում: Մեկ գործողությամբ 4 բալետային ներկայացումների («Վարդանանք», «Տանգո», «Ստաբատ Մատեր», «Կրքեր ըստ Բախի») բեմավորմամբ իրենց մինչ 2008-ի «Արքա» (ԱՄՆ) բալետախմբի հյուրախաղերն անհայտ (երբեմնի պարընկերներից որևէ մեկը նեղություն չէր կրել արժևորելու հայ պարարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակն այս արվեստագետի նույնիսկ այն ժամանակ, երբ հանձն էր առնում գլխավոր բալետմայստերի պարտականությունները ՀՀ մշակույթի միակ գործունյա նախարարի` Հասմիկ Պողոսյանի հրավերով) մեծահամբավ պարուսույցի արտասովոր թվացած գեղագիտությանը հաղորդակցված պարախումբը զգալիորեն յուրացրել էր արդի միջազգային պարարվեստում վաղուց գրավչությունը հավաստած լակոնիկ ու սիմվոլառատ ոճի արտահայտչաձևերը: Ցանկալի ստեղծագործական կայացմամբ` (դեռևս` երերուն) ձեռնարկել դասական մեծածավալ բալետի նոր բեմադրություն: Եվ, հաճախակի մեր հանդիպումներով ձեռք բերված փոխվստահությամբ, խումբն ինձնից չէր թաքցնում անհանգստությունը հակաստեղծագործական կողմնակի հանգամանքների ահագնացող վտանգից: Պարզ չէր ներկայացման դրամագլուխը, որում զբաղված են բոլոր 60 պարողները: Զգեստները մնում են թղթի վրա: Տքնաջան փորձերով իրենք ջանում են չձախողել նորանշանակ գլխավոր բալետմայստերի հստակ ծրագրած հնգամյա աշխատանքային պլանի կենսագործումը` օրըստօրե ավելի հավատալով, որ կհասնեն գրիգորովիչյան «Սպարտակ»¬ով նախանշված վերելքին, հաճախակի բեմելներով ի վերջո կինտեգրվեն համաշխարհային բալետաընտանիքում£ Հիմա օպերայինում, ավաղ, մի գլխավոր մտահոգություն կա` համապատասխան միջոցներ ժողովել Մարիո Կորադիի բեմադրելիք «Աիդա» օպերայի (Ջ. Վերդի) համար£ Հանդիսատեսին իրենց անուրախ ներկայի մասին ահազանգելու միտումով վճռել են չհետաձգել «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղը` բեմ դուրս գալով «աշխատան քային» հագուստով հենց որ ամբողջանա բեմադրությունը£ Ի դեպ, վերջինս Ռավելի «Բոլերո»¬ից «առաջ է ընկել» միջազգային պարաբեմի 20-ամյա «անցուդարձից» գրեթե անտեղյակ տեղի չմհավանների հարաճուն կրքերը խաղաղեցնելու նպատակով միայն£ «Դասականի և արդիականի երկմիասնությամբ է ստեղծվում ավելի կատարյալ կերպարը դասական բալետի,- իրեն «մինիատյուրիստ» պիտակածների թերըմբռնմանը մեծահոգաբար ընդդիմանում է Ռուդոլֆ Խառատյանը£- Առանց դասական հիմնասյուների պահպանման երբեք լավ ներկայացում չես ստեղծի, որովհետև դրանք հավերժ կանգուն են որպես բնության, տիեզերքի կատարյալ ներդաշնակություն£ Բայց դասական կառույցը մշտապես պետք է ամրաշաղախել կոնկրետ ժամանակի թելադրանքով£ Հենց նորահայտ մոտիվներով է հիմնավորվում դասականի արդիաշունչ գրավչությունը «Ժիզել»¬ի, «Կարապի լճի» (երկրորդ գործողությունը), «Դոն Կիխոտ»¬ի (երազի տեսարանը), «Բայադերկա»¬ի (ստվերների տեսարանը), «Շոպենիանան» և այլն£ 2-3 տարի է հարկավոր, որպեսզի կարողանամ պարախմբի ֆիզիկական կոփվածությունը սպիրալաձև բարձրացնելով` կատարողական վարպետությունը հասցնել այն նշաձողին, որը թույլ կտա անճիգ մատուցել թե դասական (ժամանակակից հնարքներով, իհարկե), թե արդիաոճ բալետներ£ Առանց Բալանչին, Ռոբինս, Ֆորսայթ, Նաչո Դուատո յուրացնելու նրանք չեն կարող ինքնատիպ նորօրյա հմայք հաղորդել թե ազգային, թե համամարդկային հնամենի գանձերին»£ Մութ ու ցուրտ տարիներին ծնված նոր սերունդը, գրեթե անտեղյակ անցյալից ու զրկված միջազգային փոխշփումներից, աճելու ու ցանկալի կատարողական կայուն մակարդակի հասնելու համար մշտական կայացնող աջակցության է դեռևս կարոտ£ Հաջողակներից ոմանք, երկրից դուրս կանոնավոր աշխատելու հնարավորություն գտնելով, հրաշալի արդյունքի են հասնում, հանրաճանաչում գտնում£ Բոլորովին վերջերս, մեն մի «Տանգո»¬ով նրանք գերել էին Նինո Անանիաշվիլուն, ով անմիջապես համագործակցության պարտաստակամություն էր հայտնել Ռուդոլֆ Խառատյանի գլխավորած պարախմբի, բոլորիս սիրելին դարձած մենակատար Ռուբեն Մուրադյանի հետ£ Երևանյան հյուրախաղերով ամենքին կախարդած պարի թագուհին նախանձելի աշխատանքային պայմաններ ունի իր բալետախումբը կատարողական բարձր մակարդակի վրա մշտապես պահելու համար£ Ի դեպ, նա ինքն է գլխավորում տեղի պարարվեստի ուսումնարանը, ինչպես ընդունված է աշխարհի տասնյակ հեղինակավոր թատրոններում£ Այս կարևոր լծակը մեծապես նպաստում է նոր արժանավոր հերթափոխի հասունացմանը£ Մինչդեռ մեզանում, ինչպես պարզվեց, պարարվեստի ուսումնարանի տնօրինությունը անհասկանալի պատճառներով օտարել է օպերայինի գլխավոր բալետմայստերին իր սաների` մեր բալետի ապագայի, պարակրթության գործընթացից£ Ժամանակն է, որ արդի հայ պարարվեստի փորձառու վարպետները ստեղծագործական դաշինք կռեն ձեռք բերված դրական տեղաշարժը առաջ մղելու նպատակով£ Ձերբազատվեն անձնական նախասիրութ յուններից և, որդեգրելով պետական լրջմիտ աշխատաոճ, քաղաքացիական պարտքի հստակ գիտակցությամբ կառավարությանը լայնախոհ երկարաժամկետ ծրագիր ներկայացնեն հայ բալետային դպրոցի զարգացման£ Ցավալի կլինի, եթե շնորհալի մատղաշ ծիլերը, առանց համարժեք խնամքի մնալով, չամրանան մեր բեմում£ Օտարի արվեստի փառքին ծառայեն£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ