ԶԻՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Մետաղների մշակման գործում մեծ տեղ է զբաղեցնում զենք պատրաստելու արհեստ-արվեստը£ Հայկական բարձրավանդակը դարեր շարունակ ենթարկվել է օտարերկրյա զավթիչների հարձակումներին և ավերածություններին, նախ անցել է հռոմեացիների, պարսիկների, արաբների ձեռքը, ապա ոտնակոխ է եղել սելջուկ-թուրքերի, մոնղոլների ու Լենկթեմուրի հորդաների կողմից, որոնք անխնա կերպով ավերի ու թալանի են մատնել հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր: Թշնամու դեմ կռվելու և երկրի պաշտպանությունն ուժեղացնելու համար, անշուշտ, պետք է որ առաջնակարգ լիներ զինագործության արհեստը£ Հայ արհեստավորները ոչ միայն պատրաստել են մարտական զենքեր, այլև երկարատև կռիվների համար պարիսպներ քանդող մեքենաներ` բաբաններ, որոնք հաճախ իրենց արդյունավետութ յամբ գերազանցել են եկվորների կողմից գործադրվող մեքենաներին: 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը, խոսելով Արտավազդ Մամիկոնյանի մասին, տեղեկություն է տալիս Դվինում գոյություն ունեցող զինանոցի մասին: Զորքի հետ միշտ տանում էին զինագործ արհեստավորների հատուկ խմբեր, որոնք ճանապարհին հոգում էին զենքի ու զինամթերքի կարիքները: Զինատեսակների մասին պատմում են ձեռագրերում պահպանված մանրանկարները: Հիշատակելի է 15-րդ դարի ձեռագրի մի նմուշ, որը ներկայացնում է Ավարայրի ճակատամարտից մի տեսարան, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել միջնադարյան Հայաստանում գործածված զենքերի տեսակների մասին: Շատ կարևոր արժեք է ներկայացնում 12-րդ դարից մեզ հասած Մշո Առաքելոց վանքի դռան վրայի հարթաքանդակը, որում ներկայացված ռազմական մի տեսարանից պարզ երևում են գործածված նետ ու աղեղը, սուրը, երկար նիզակը և վահանը: Հին Հայաստանում գործածվող զենքերն ըստ իրենց նշանակության կարելի է բաժանել հետևյալ խմբերի. 1. Պարսատիկ 2. Նետ և աղեղ 3. Նիզակ, տեգ, գեղարդ 4. Դաշույն 5. Թուր, սուր, սուսեր, սվին£ Նետ և աղեղ, պարսատիկ.- Հնագույն այս զինատեսակները մեծ դեր են խաղացել Հայկական բարձրավանդակում տեղի ունեցող բոլոր կռիվներում£ Նետերն ունեցել են տարբեր ձևեր` տերևաձև, գլանաձև, նույնիսկ` եռաթև: Նետերը մեծ քանակությամբ պահվում էին ռազմիկի կողքից կախված հատուկ պատյանում, որը կոչվում էր կապարճ: Աղեղը կազմված էր լինում երկու մասից` կամարից և լարից: Կամարը պատրաստվում էր ճկուն փայտից և եղեգնից, իսկ լարը` աղիքից կամ կաշվից: Նետ ու աղեղի կողքին, որպես հնագույն հարվածող մարտական զենք, հիշատակվում է պարսատիկը: Ուրարտական դարաշրջանի աղեղի ձևի մասին գաղափար ենք կազմում ուրարտական և ասորական քանդակներից: Ռազմակառքում եղած երկու մարտիկներից մեկն անպայման զինված էր լինում նետ ու աղեղով, իսկ ռազմակառքի ետևից գնում էին աղեղնավորներ և պարսատիկա վորներ: Ավելի ուշ շրջանի վերաբերյալ` հայ պատմագիրներից Մովսես Խորենացին մանրամասն նկարագրում է Հայկի և Բելի կռիվը, որտեղ Հայկը հավաքում է իր մոտիկ բարեկամներին` «արս քաջս և աղեղնաւորս, թուով յոյժ նուազունս» և առաջ վազելով հասնում է Բելին, քաշելով լայնալիճ աղեղը, երեքթևյան նետով գետին է տապալում թշնամուն: Մեր պատմիչները միշտ էլ աղեղնավորների հետ միասին հիշել են պարսատիկավորների հատուկ գնդերին, որոնք թշնամուն հարվածում էին քարերով: Վասակ Մամիկոնյանի մղած կռիվներից մեկում, պատմիչ Փավստոս Բուզանդը մեկ առ մեկ թվելով հայկական զորքի տեսակները և նրանց խմբերն ըստ զինվածության, հիշում է նաև «աղեղնաւորք, անվրէպք, կորովիք...»: Աղեղնավորների գնդերն Ավարայրի ճակատամարտում խոշոր դեր են խաղացել: Այդ կռվում, ինչպես պատմիչ Եղիշեն է նկարագրում` «ճայթմունք լարից աղեղացն զլսելիս ամենեցուն առ հասարակ խլացուցանէին»: Հովհան Մամիկոնյանն իր «Պատմութիւն Տարօնոյ» գրքի մեջ, խոսելով պարսիկների դեմ Սմբատ Բագրատունու մղած կռիվների մասին, հիշատակում է պարսատիկավորների հատուկ գնդերի, որոնք մեծ քանակությամբ պարսկական զորք են կոտորել: Նույն զենքի մասին հիշատակություն ունի 10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին: Խոսելով Բաղաբերդի պաշարման մասին` 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է, որ տեղի բնակիչները թշնամուց պաշտպանվում էին պարսաքարերով, ինչպես նաև մեծ քարեր գլորելով£ Արաբական տիրապետության ժամանակ նետ ու աղեղի մասին տեղեկություն ունենք Ղևոնդ պատմիչից: Թվելով այդ շրջանում գործադրվող զենքերի բոլոր տեսակները, նա նշում է նաև նետ ու աղեղը, որը համարվել է ինչպես հայ, այնպես էլ արաբ զինվորների ամենահիմնական զինատեսակներից մեկը: Հայերի նետաձգության մասին տեղեկություն է տալիս նաև հույն պատմիչ Դիոն Կասիոսը, երբ հիշատակում է Տիգրան Մեծի պատերազմը Լուկուլոսի դեմ: Նետ ու աղեղն իր նշանակությունը պահպանում է նաև հետագա դարերում: Նիզակ, տեգ և գեղարդ.- Նիզակը եղել է հայկական զորքի ամենագործածական զինատեսակներից մեկը և կազմված էր երկու մասից. հարվածող սրածայր մասը, որ կոչվում էր գեղարդ` բուն զենքն է և երկրորդ մասը նիզակի երկար կոթն է, որ նաև նիզակաբուն է կոչվում, մեծ մասամբ լինում է թեթև փայտից և եղեգնից: Նշված զինատեսակների մեջ տարբերությունը շատ չնչին է, որովհետև բոլորն էլ կատարում էին միևնույն դերը, միայն այն տարբերությամբ, որ կարճ նիզակները զինվորներն իրենց հետ տանում էին գործածելու հեռավոր մարտերում, իսկ երկար նիզակները` մոտակա մարտերի ժամանակ: Կարճ նիզակների մասին մեզ տեղեկություն է տալիս հույն պատմիչ Քսենոֆոնը. Սորգոնի կողոպուտի մեջ հիշվում է 1914 պղնձե նիզակ: Հնում նիզակն ունեցել է նաև խորհրդանշական դեր, թագավորի թագադրության ժամանակ, հաճախ որպես պատիվ նրան նվիրում էին նիզակ: (Շարունակելի)

Արևիկ ԳԱՓՈՅԱՆ